Արսեն Բաբայանը միանգամից 2 հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային Ժողովի

Արսեն Բաբայանը միանգամից 2 հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային Ժողովի

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին պատկանող «Բաբայան քոնսալթինգ» ՍՊԸ-ն 2 դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝  ընդդեմ ԱԺ-ի։

Ընկերությունն ԱԺ աշխատակազմին ուղղված չորս հարցում է ուղարկել, սակայն նրան հրաժարվել են տեղեկություններ տրամադրել։

Ընկերությունը հայցերից մեկով պահանջ է ներկայացրել 19.08.2019թ. թիվ Ե-1124/08-19 գրությամբ պահանջված տեղեկատվությունը, այն է՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից 15.01.2019թ.-ից մինչև օրս ընդունած բոլոր որոշումների ու կարգադրությունների՝ ներառյալ դրանց հավելվածների պատճենները տրամադրելուն պարտավորեցնելու վերաբերյալ։

Մյուսով Բաբայանը պահանջել է 19.08.2019թ. թիվ Ե-1125/08-19 գրությամբ պահանջված տեղեկատվությունը, (1. ազատվող աշխատողների թվաքանակի մասին տվյալները (ըստ մասնագիտությունների և սեռատարիքային կազմի) ՀՀ Աժ աշխատակազմի կողմից երբ է ներկայացվել զբաղվածության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին, 2. անհրաժեշտ է տրամադրել 1-ին կետում նշված տվյալների ներկայացման պաշտոնական գրության պատճենը, 3. եթե 1-ին կետում նշված տվյալները չեն ներկայացվել, ապա անհրաժեշտ է տրամադրել ՀՀ ԱԺ աշխատակազմի պարզաբանումը՝ այդ տվյալները պետական կառավարման լիազոր մարմին չներկայացնելու պատճառներ) տրամադրելուն պարտավորեցնելու վերաբերյալ։

Ստացվում է, որ Բաբայանը դատարանի միջոցով է պատրաստվում տեղեկություն ստանալ ԱԺ աշխատակազմի մասին, քանի որ վերջինիս ԱԺ ղեկավարությունը չի տրամադրել այդ տեղեկությունները։