Լրագրողներից սկսել են ավելի շատ վախենալ, քան թուրքերից

Լրագրողներից սկսել են ավելի շատ վախենալ, քան թուրքերից

Մամուլից եւ հանրությունից ամեն ինչ թաքցնելն այն եզակի ավանդույթներից է, որը միավորում է իշխանություններին ու ընդդիմությանը, պաշտոնյաներին ու հասարակական գործիչներին, նշանակովի եւ ընտրովի պաշտոններում աշխատողներին, մանկավարժներին ու բժիշկներին, ահելներին ու ջահելներին։ Բոլորին։ Լրագրողները, որոնք փորձում են տեղեկատվություն ստանալ, «քարից հաց քամելու», «շնից մազ պոկելու» սկզբունքով են աշխատում։ Դիմում են խորամանկությունների ու շանտաժի, օրերով բախվում են չինովնիկական պատին ու տարրական տեղեկատվությունը թաքցնելու այս հիվանդությանը, որը պատել է բոլորին՝ մեծից փոքր, գրագետից անգրագետ։

Նախօրեին մեզ հետ զրույցում ընդդիմության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանն անթույլատրելի տոնով ու անհարգալից է զրուցել մեր լրագրողի հետ՝ կոպտել է նրան, հրաժարվել տարրական տեղեկություններ տրամադրելուց եւ, պարզապես՝ իր կարծիքը հրաժարվել է հայտնել։ Սա այն ընդդիմությունն է, որը, թվում է, պետք է ամեն ինչ աներ, որ բաց չթողներ մամուլով հանդես գալու, հասարակության հետ շփվելու եւ ոչ մի առիթ։ Ի վերջո, անգամ ամենաբթամիտ մարդը հասկանում է, որ քաղաքական ուժն ու գործիչը կան այնքանով, որքանով նրանք ներկա են լրատվադաշտում։ Ավելին՝ ոմանք իրենցից ոչինչ չեն ներկայացնում եւ ոչինչ չեն անում, սակայն քանի որ լրագրողները հիշում են նրանց, նրանց հետ հարցազրույցներ են անում, նրանց մասին գրում են, տպավորություն է ստեղծվում, թե հզոր ու ակտիվ գործիչներ են, մեծ դերակատարում ունեցող։ 

Եվ ոմանք՝ ամենախելացիները, սա հասկանալով՝ հմտորեն օգտվում են լրագրողների միջոցով հանրությանը ներկայանալու հնարավորությունից եւ բարձրացնում են իրենց գինը։ Իսկ որոշ գործիչներ, փաստորեն, ոչ միայն քաղաքական պայքարի կանոններին չեն տիրապետում եւ մեծ հաջողություններ չեն գրանցում, փիառի կանոններից էլ են անտեղյակ ու ոչ պրոֆեսիոնալ։ Հակառակ դեպքում՝ հենց իրենք կխնդրեին, որ հարցազրույց տան, եւ հանրությունը չմոռանա իրենց։

Բայց նման վարքագծի համար միայն ինքը՝ Արթուր Խաչատրյանը չէ մեղավոր, այլ այն թիմը, այն քաղաքական ուժը, որի մաս է կազմում նա։ Մեզ պատմում են, որ ամեն անգամ մամուլում մի չնչին տեղեկատվության հրապարակումից հետո, ինչպես իշխանության մեջ, այնպես էլ ընդդիմության ներսում, սկսվում է «ռազբիրատի» եւ հաշվեհարդարի պրոցես։ Ամենավերեւի մակարդակով սկսում են հետաքննություն ծավալել, թե ումից է դուրս եկել ինֆորմացիան։ Եթե հանկարծ պարզում են, ուղղակի էշաֆոտ են բարձրացնում, անարգանքի սյունին գամում։ Ու մի ամբողջ թիմ՝ լինի իշխանական, թե ընդդիմադիր, իրենց բանուգործը թողած, զբաղվում են տեղեկատվության արտահոսքը կանխելով կամ արտահոսք անողին պատժելով։ 

Նման պրոցեսներից հետո ցանկացած Արթուր Խաչատրյան սկսում է ատել լրագրողներին եւ իրենց մասին մամուլում հայտնված յուրաքանչյուր հրապարակում համարում է ազգի դավաճանություն՝ իրենց վնաս տվող։ Չհասկանալով, որ ցանկացած հրապարակում, անգամ՝ բացասական, միայն իրենց օգտին է։ Գոնե այնքանով, որ ավելի լավ է իրենց մասին վատ բան խոսեն, քան առհասարակ մոռանան, որովհետեւ սովորաբար մոռանում են մահացածներին։ Կենդանի, գործող մարդկանց մասին մի օր լավը կգրեն, մյուս օրը՝ վատը, որովհետեւ կենդանի օրգանիզմները չեն կարող չսխալվել եւ քննադատության չարժանանալ։ 

Բայց եթե քաղաքական շրջանակների դեպքում մամուլի հրապարակումներից զգուշանալն ընդամենը տհասության, ապաքաղաքական մտածողության հետեւանք է, պաշտոնյաների դեպքում դա նաեւ օրենքի խախտում է։

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, Սահմանադրությունը, «ԶԼՄ-ների մասին» օրենքներն ասում են, որ բոլոր պաշտոնյաները պարտավոր են իրենց իրավասությունների շրջանակներում տեղեկատվություն տալ լրագրողներին, մերժելը քրեորեն պատժելի արարք է կամ զանցանք։ Բայց պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող անձանց ուղղակի տեռորի են ենթարկում, երբ տեղեկատվություն են փոխանցում լրագրողներին։ Այս բոլոր համակարգերում ինչ-որ անհասկանալի խոսնակներ ու լրատվության պատասխանատուներ են նշանակվել, որոնք լրագրողներին իրենց անձնական թշնամիներն են համարում ու հրաժարվում են հարցազրույցներ տալ։ Երեկ Խաչիկ գյուղի վարչական ղեկավար Սմբատյանը չի էլ թաքցրել դա։ Երբ լրագրողը հետաքրքրվել է նրանց գյուղից ադրբեջանցիների կողմից առեւանգված անձի մասին, որին մեկ շաբաթ տարել պահել՝ հետ են ուղարկել, ասել է․ «Մենք լրագրողներից ավելի շատ ենք վախենում, քան թուրքից», եւ հրաժարվել է մանրամասներ հայտնել՝ միայն հաստատել է, որ նման բան է եղել, ու առաջարկել է դիմել ՊՆ։ 

Նման խոսակցություններ մենք գրեթե ամեն օր ենք ունենում, երբ պաշտոնյան վախենում է իր իրավասության տակ գտնվող հարցերի հետ կապված որեւէ բան ասել լրագրողին, որովհետեւ դրա արդյունքում մեծ պրոբլեմներ է ունենալու։ Կամ վերադասն է պատժելու, ՔՊ-ից են զանգելու՝ «տռաս հանեն», մարզպետն է վրան խոսելու եւ այլն։ Մի անգամ «կսխալվի»՝ կպատասխանի լրագրողին, երկրորդ, երրորդ անգամ արդեն կզգուշանա, կխուսափի, եւ իր աչքին լրագրողն ավելի վտանգավոր կթվա, քան թուրքը։ Լրագրողից ուղիղ, կարճաժամկետ վնասն ինքն արդեն մաշկի վրա զգացել է, իսկ թուրքից վնասը վիրտուալ է՝ հեռավոր, պատմական ու անորոշ։ Անգամ 2020 թվականի պատերազմն ու այդքան զոհերը նրա աչքին իրական ու շոշափելի չեն թվում՝ եթե հենց իր ընտանիքում զոհ չունի, եւ իր վրա անմիջական ազդեցություն չի թողել 44-օրյա աղետը։ Էլ չեմ ասում, որ Ադրբեջանն ու Թուրքիան շատերը տարանջատում են՝ Ադրբեջանի հանդեպ թշնամանքն ավելի մեծ է, քան՝ Թուրքիայի։

Արդյունքում լրագրողները նյութ հայթայթելիս, հարցազրույցներ անելիս աշխատում են այնպես, ինչպես թշնամու թիկունքում կաշխատեին, ինչպես պարտիզաններն էին 41 թվի պատերազմի ժամանակ գնում «լեզու» բերելու կամ թշնամու ճամբարից տեղեկություններ կորզելու։ Լրագրողական աշխատանքն արդեն լրտեսության, հոգեբանական մեթոդների կիրառմամբ խոսք քաշելու եւ խնդրել-համոզելու պրոցեսի է վերածվել։