Շնորհավորանք և երկու հարցադրում

Շնորհավորանք և երկու հարցադրում

Երկու հազար և տասնհինգ թվին մի խումբ ջահելներ մեզ ՔՊ տվին,
Բայց թե ՔՊ-ում ի՞նչ բերք էր հասել,-Դժվար էր ասել:
Իսկ հինգ տարի անց Մայր Հայաստանի
Արգանդը եղավ ոչ պակաս բեղուն:
Հրաշք կատարվեց և հենց նույն տեղում
Ծնվեց մի մանկիկ՝ անուն «Հայրենիք»...

Դե իսկ ամենահետաքրքիրն այն է, որ թե ՔՊ-ն, և «թե «Հայրենիքը» ծնվեցին նույն օրը՝ Մայիսի 30-ին և այսուհետ այդ օր նշելու են իրենց ծննդյան օրը՝ միասի՞ն, թե ջոկ-ջոկ, ցույց կտա ժամանակը:

Քանի որ տարիքով մեծը ՔՊ-ն է, երկու կուսակցությունների ծննդյան օրվա հետ կապված հարցերը պետք է ուղղել կրտսերին՝ «Հայրենիքին» կամ, որ նույն է, «Հայրենիք» կուսակցության այլևս հիմնադիր նախագահ Արթուր Վանեցյանին: Իսկ մինչ այդ՝ թերևս չէր խանգարի նախ՝ շնորհավորել կուսակցության ծնունդը և հաջողություններ մաղթել հայ քաղաքական մտքի անդաստանը ոտք դնելու կապակցությամբ:

Հարցերն առանձնապես բարդ չեն: Դրանք նույնիսկ քաղաքական էլ չեն, որովհետև օրն ինքնին տոնական է՝ երկու կուսակցության ծնունդ: Եվ ուրեմն, պարոն Վանեցյան, ինչպե՞ս հաջողացրիք ՔՊ-ի հետ նույն օրը ծնվել: տարին 365 օր ունի, ուրիշ օր չգտա՞ք հիմնադիր համագումարի համար: Գիտեմ, որ ասելու եք՝ պատահական համընկնում է: Ինքս մի քիչ սնոտիապաշտ եմ և արդեն լավ ճանաչելով ՔՊ-ին, պետք է ասեմ, որ հեչ լավ բան չեմ տեսնում այդ համընկնումի մեջ: Երևի թե ավելի ճիշտ կլիներ նախախնամությանը հղում կատարել և ասել, որ Տերն է այդպես կամեցել, ես ի՞նչ կարող էի անել:

Բայց, պարոն Վանեցյան, քանի որ արդեն քաղաքական ուժ եք և կարելի է Ձեզ հետ խոսել սպայական ուսադիրների ծանրությունից ազատ տարածքում, կուզենայի նորամկրտյալ քաղաքական գործչիդ մի թունավոր հարց էլ տալ՝ իսկ պատահաբար միտումնավոր չե՞ք համընկեցրել ՔՊ-ի և Ձեր կուսակցության ծննդյան օրը: Մարտահրավեր կա դրա մեջ, գիտե՞ք, եթե կուզեք՝ ամբիցիա: Բայց նաև լրացուցիչ դժվարություններ եք ունենալու, ասեմ: Ձեզ համար հեշտ չի լինելու ամեն տարի մայիսի 30-ին ՔՊ-ի հետ ծննդյան օր նշել և միևնույն ժամանակ տարբերվել ՔՊ-ից: Մինչդեռ այսօր արդեն ՔՊ-ի հանգույն վարչություն եք ընտրել և վարչության նախագահ:

Ավարտելով՝ կրկին անգամ շնորհավորում եմ, պարոն Վանեցյան, և «Հայրենիքին» մաղթում արգասաբեր գործունեություն՝ ի շահ մեր հայրենիքի և նրա բազմաչարչար ժողովրդի: