«Հրապարակ». Խփիր գրպանին

«Հրապարակ». Խփիր գրպանին

Նախօրեին «Քաղպայմանագիր» կուսակցությունում անդամավճարների նոր կարգ է հաստատվել։ Բանն այն է, որ ստեղծման օրվանից ՔՊ-ում համահարթեցման սկզբունքն է գործել՝ բոլոր կուսակցականներն անդամավճար են մուծել 1000-ական դրամ՝ ամսվա կտրվածքով։ Իշխանության գալուց հետո որոշել են անդամավճարը հաշվարկել եկամտի 3 տոկոսի չափով։ Ասենք, պատգամավորները, որոնք ամսական ստանում են մոտ 450 հազար դրամ, ամսական 15 հազար դրամ անդամավճար են մուծում, 1.5 միլիոն դրամ աշխատավարձ ստացող նախարարները՝ 45 հազար, իսկ շարքային ՔՊ-ականների համար գումարը մնացել է նախկին 1000 դրամը։

Հիմա որոշել են, որ այդ 3 տոկոսը պետք է ազդի ոչ միայն պաշտոնատար ՔՊ-ականների վրա, այլեւ 200 հազար դրամից սկսած եկամուտ ունեցող բոլոր կուսակցականների․ Փաշինյանը որոշել է շատերի գրպանին հարվածելով, նախ՝ գումար հավաքագրել, երկրորդ՝ այդպիսով ստուգել իրական՝ գաղափարական աջակիցների թիվը։ Հայտնի ճշմարտություն է․ երբ ուզում ես իմանալ, թե ով է դիմացինդ, կպիր նրա գրպանին, եւ դրանով պարզ կդառնա՝ միջին վիճակագրական քաղաքացին պատրա՞ստ է իր համեստ եկամուտներից ամսական որոշակի գումար տրամադրել կուսակցությանը, թե՞ դրա արդյունքում կհեռանա շարքերից։