Covid-ի մարման միտում կա, բայց համաճարակաբանության մեջ միշտ պետք է կասկածես ու ստուգես

Covid-ի մարման միտում կա, բայց համաճարակաբանության մեջ միշտ պետք է կասկածես ու ստուգես

Կորոնավիրուսի համավարակը հուլիսյան «դժոխքից» հետո օրեցօր նվազում է՝ թեստավորված դեպքերի 30 տոկոսից աստիճանաբար կիսվելով։ Ի՞նչ է նշանակում այս իրավիճակը, արդյո՞ք, որ համաճարակը Հայաստանում հաղթահարված է։ Հարցն ուղղում ենք Երևանի պետական բժշկական ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանին։ Վերջինիս խոսքով, իհարկե,թվերով գոյացած կորագծին նայելով՝ կարծես թե ու առաջին հայացքից, այո, մարման միտում կա, չնայած նրան, որ դրականների տոկոսը շարունակում է մնալ բարձր։ «Ինչը նշանակում է, որ ոչ բոլորին ենք դեռ հայտնաբերում, այսինքն՝ այդ տենդենցը շարունակվում է։ Բայց, ընդհանուր առմամբ, տոկոսները համամասնորեն իջնում են։ Մարման միտման մասին կարող է խոսել նաև այսպես ասած՝ բազային ռեպրոդուկտիվ ցուցանիշը, որն այսօր 0․75-ից 0.9-ի է հասնում։ Այսինքն՝ 1-ից ցածր է, որը ևս վկայում է, որ գնում ենք դեպի մարում։ Բոլոր թվերը սրա մասին են վկայում, բայց դա, ըստ իս, միայն առաջին հայացքից է այդպես, որովհետև ավելի խորը համաճարակաբանական վերլուծության տեսանկյունից այդ թվերը ոչ մի բան չեն ասում։ Ինչու, որովհետև ես չգիտեմ, թե նույն այդ 160-ը, որն այսօր գրանցվել է, ո՞նց է գոյացել․ հիվանդներն իրե՞նք են դիմել, թե նրանց փնտրել ու գտել է առողջապահական համակարգը, կոնտակտավորներին բոլորին գտել ե՞ն, թե ոչ, իրենց իզոլացրել են, թե ոչ, ինչքա՞ն ժամանակ է անցել թեստավորումից մինչև մեկուսացում և այլն։ Շատ-շատ ցուցանիշներ կան, որոնք պետք է հասկանանք, որպեսզի վերլուծենք, թե ինչ է կատարվում։ Շեմն էլ  իջեցրեցինք, բայց թեստերի քանակը  կարծես թե չշատացավ։ Ինչո՞ւ, էլի, ուզում եմ հասկանամ»,-ասում է համաճարակաբանը։

Միայն այս բոլորի հարցերի պատասխանների դեպքում է Բադալյանը պատրաստ համաճարակաբանական վերլուծություն անել ու կանխատեսել ու հասկանալ, թե վիճակը որքանով է կառավարելի։

Բայց որ հիմա լավ վիճակ է, նա չի հերքում, և խոսքն առաջին հերթին վերաբերում է բուժհիմնարկների ծանրաբեռնվածությանը։

«Սա շատ լավ է, ընդհանուր տենդենցը լավ է, բայց որպես համաճարակաբան ասեմ, որ մեր աշխատանքում այսպիսի մի բան կա՝ միշտ պետք է կասկածես,ստուգես, կասկածես, ստուգես»,-ասում է համաճարակաբանը։ Նրա խոսքով՝ գոնե շաբաթական մեկ անգամ նման համապարփակ տվյալներ պետք է հաղորդվեն։

Կարելի՞ է և պարտադի՞ր է սպասել երկրորդ ալիք։ Համաճարակաբանը ոչինչ չի բացառում․ ասաց՝ միգուցե երկրորդ ալիք չլինի, դեպքերի շատացում լինի։ Ի վերջո, դպրոցները սեպտեմբերի 15-ից բացվելու են։ Բժիշկը կրկնեց՝ եթե համապարփակ տվյալներ լինեին ու դրանք համադրվեին, հնարավոր կլիներ պատասխանել հարցին ճշգրիտ։