Եթե ես ՍԴ 9-ը անդամներից քննություն ընդունեմ, գուցե բավարարից ավելի չնշանակեմ

Եթե ես ՍԴ 9-ը անդամներից քննություն ընդունեմ, գուցե բավարարից ավելի չնշանակեմ

Կառավարության նիստի հունիսի 30-ի օրակարգում արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանի կողմից առաջադրվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնին փաստաբան Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։ Վերջինս, հիշեցնենք, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի քույրն է։ Իսկ Ստյոպա Սաֆարյանն իշխանությունների օգտին օրական մի քանի ստատուս է գրում։ Նա ժամանակին զբաղեցնում էր Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը, սակայն չկարողացավ այդ խորհուրդը դարձնել Նիկոլական եւ ընտրություններին մասնակցելու պատչվակով ազատվեց այդ պաշտոնից, իսկ Խորհուրդն էլ, չնայած սահմանադրական մարմին է, Փաշինյանի իշխանության կողմից պարալիզացվեց եւ մինչ օրս չի գործում։

Ինչ վերաբերում է փաստաբան Սեդա Սաֆարյանին, ապա նա եղել է Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչը դատարանում եւ բազմիցս հարցազրույցներ է տվել՝ չթաքցնելով իր բացասական վերաբերմունքն ընդդիմության հանդեպ։ Թերեւս հենց դա է պատճառը, որ նրան տանում են ՍԴ՝ բարձր վարձատրվող աշխատանքի։

Սակայն այսօր ողջ օրը մարդիկ քննարկում են, թե ինչպես կարող է դատավորի փորձ չունեցող, ողջ կյանքում փաստաբանությամբ զբաղված, կոնկրետ քաղաքական հայացքներ եւ կողմնորոշում ունեցող մարդը դառնալ բարձրագույն դատարանի անդամ եւ ապահովել անաչառ եւ օբյեկտիվ արդարադատություն։

ԵՊՀ սահամանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբան Վարդան Այվազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չկա որևէ չափանիշ, որով կարելի է առաջնորդվել Սահմանադրական դատարանի դատավոր ընտրելու հարցում: «Ես մասնագետ եմ, եթե սահմանադրության հետ կապված կա խնդիր, ես կարող եմ սիրով մեկնաբանել, սակայն խոսել Սեդա Սաֆարյանի մասնագիտական որակներից, ներեցեք, բայց դա իմ մասնագիտական տիրույթում չէ: Իսկ առաջադրված մյուս դատավորները երբևէ աշխատե՞լ են դատավոր, որ առաջադրվել են, կամ նման չափանիշ կա՞ որևէ տեղ գրված, որ պետք է ՍԴ դատավորի թեկնածուն նախկինում դատավոր լինի, իհարկե չկա: Ես երբեք դատավոր չեմ աշխատել, բայց ՍԴ 9-ը անդամներից երբ քննություն ընդունեմ, գուցե բավարարից ավելի անգամ չնշանակեմ: Ի՞նչ կապ ունի դատավոր աշխատել է, թե չի աշխատել: Չափանիշները հստակ գրված են Սահմանադրության մեջ», - նշեց Այվազյանը: