Կարծում եմ, որ մեր ֆինանսական համակարգը հաջողությամբ դիմակայում է այս փորձությանը

Կարծում եմ, որ մեր ֆինանսական համակարգը հաջողությամբ դիմակայում է այս փորձությանը

ԱԺ-ն ընդունել է ֆինանսների նախարարության նախաձեռնած օրենքի փոփոխություն, որով բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները հնարավորություն են ստանում նպաստավոր պայմաններով զիջել պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ու նրանց հետ փոխկապակցված անձանց վարկային պարտավորությունները։ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, ի տարբերություն նախկինում կատարված նմանատիպ փոփոխությունների, այս նախաձեռնությունն ավելի լայն կարգավորման շրջանակ ունի՝ հնարավորություն է ընձեռում ներել ոչ միայն տույժերն ու տուգանքները, այլեւ վարկի մայր գումարը։ Եվ վարկի չափն ու տեսակը կարեւոր չեն։

Փոխնախարարն ընդգծեց, որ սա ընդամենը հնարավորություն է բանկերի ու վարկային կազմակերպությունների համար, այլ ոչ թե իմպերատիվ պահանջ։ «Պետությունն ասում է՝ եթե վարկը ներես, դա քեզ համար հարկային հետեւանքներ չի առաջացնի։ Եթե չլիներ այս օրենքը, եւ բանկը ներեր, ինքն ունենալու էր որոշակի հետեւանքներ։ Բայց լրացուցիչ խրախուսում էլ կա։ Պետք է երկու մասի բաժանենք․ ենթադրենք, բանկը որեւէ մեկին տվել է վարկ, որը նորմալ սպասարկվում է, բայց ռազմական գործողության հետեւանքով վարկառուն, ցավոք, զոհվում է կամ հաշմանդամություն է ձեռք բերում, հիմա՝ բանկը երբ որ ներում է այդ վարկի մնացած մասը, դա համարվում է անհատույց տրված ակտիվ, իսկ անհատույց տրված ակտիվները հարկման բազայից չեն նվազեցվում։ Հետեւաբար ստացվում է՝ բանկը վնաս է կրում այն առումով, որ դրան համապատասխան դեռ հարկ պետք է վճարի։ Մյուս դեպքն այն է, երբ վարկը նորմալ չի սպասարկվել, ու բանկերը պարտավոր են պահուստներ վարել։ Եթե վարկը դարձավ կետանցված, որոշակի մաս պահուստավորվում է։ Բայց հենց այդ ամբողջ ընթացքում բանկը ներում է, նախկինում պահուստավորած մասը, որը հարկման բազայից նվազեցվում է, պարտավոր է վերականգնել՝ ըստ այդմ հարկ վճարելով դրանից։ Հիմա մենք այս  օրենքով ասել ենք, որ դու հանգիստ կարող ես ներել՝ չվերականգնելով նախկինում պահեստավորած մասը»,- ասաց Արման Պողոսյանը։

- Ենթադրում եմ՝ օրենքը մշակելիս քննարկել եք բանկերի ու վարկայինների հետ, նրանք համաձա՞յն են օգտվել այս հնարավորություն-առաջարկից եւ ներել նշյալ անձանց վարկային պարտավորությունները։

- Մեր զգացողությամբ, նույնիսկ կարող եմ ասել՝ համոզմամբ, այո, նրանք պատրաստակամ են, սպասում էին այս օրենքին եւ, մեր համոզմամբ, առավելագույն ծավալով օգտվելու են այս հնարավորությունից, որովհետեւ, եթե զգացմունքային կողմը դնենք մի կողմ, տնտեսագիտորեն էլ իմաստ չունի այդ անհուսալի կամ կասկածելի համարվող ակտիվներն էդպես շարունակ պահել։ Եթե իրենք գիտեն, որ տվյալ մարդը զոհվել է, անհայտ կորած է կամ թեկուզ հաշմանդամ է, որը չի կարողանալու այլեւս աշխատել ու մարել վարկը, իմաստ չունի վարկային պորտֆելը պահել այդպես կասկածելի ակտիվներով հագեցած։ Իսկ սա հնարավորություն է՝ ազատվել առանց հարկային հետեւանքների։

- Բյուջեի վրա այս փոփոխությունն ի՞նչ ազդեցություն կունենա։

- Բյուջեն կկորցնի իր հնարավոր կամ պոտենցիալ հարկը, այսինքն՝ հարկ, որը կարող էր լինել, եթե այս օրենքը չընդունվեր, եւ բանկերը ներեին։ Բայց եթե չընդունվեր, գուցե բանկերը չներեին։ Այսինքն՝ օրգանական կապի մեջ են այս 2 հարցերը։

- Իսկ պատերազմն ի՞նչ փոփոխություն է առաջացրել մեր ֆինանսական շուկայում, ինֆլյացիայի վտանգ կա՞։

- Ես դրա լավագույն մասնագետը չեմ ու երեւի լիազորված էլ չեմ նման հարցերի պատասխանել, որովհետեւ իմ համակարգման տիրույթում գտնվող ոլորտները չեն, բայց որպես ֆինանսների նախարարության ներկայացուցիչ՝ իմ տպավորությունը կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ, փառք Աստծո, նմանատիպ ռիսկեր չկան գեներացված։ Ե՛վ փոխարժեքային ռիսկերը, եւ՛ ֆինանսական կայունությունը կառավարելիության մակարդակում են։ Ես կարծում եմ, որ մեր ֆինանսական համակարգը հաջողությամբ դիմակայում է այս փորձությանը։

- Կա՞ մոտավոր հաշվարկ, թե պատերազմը մեզ վրա օրական որքան գումար է նստում։

- Չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետեւ էլի ամբողջությամբ չեմ տիրապետում, եւ գուցե նաեւ ռազմական գաղտնիք պարունակող որոշակի տարրեր լինեն։

- Մենք բյուջեում այսօր ունե՞նք սղություն աշխատավարձերի, թոշակների վճարման, ընթացիկ ծախսերը հոգալու հարցում։

- Նման խնդիրներ ինձ հայտնի չեն։ Խոսքը, տվյալ դեպքում, հավանաբար, ընթացիկ իրացվելիության մասին է, նման խնդիրներ չկան, ինձ հայտնի չեն։

- Իսկ հարկահավաքման, բյուջեի մուտքերի մասով խնդիրներ չունե՞նք։

- Կարող եմ ասել, որ հարկային կարգապահությունը բավականին բարձր մակարդակի վրա է, եւ հարկային եկամուտների հավաքագրումը, իմ կարծիքով, բնականոն ընթանում է։ Իհարկե, տնտեսական ակտիվության մակարդակը չի կարող գոհացնել մեզ՝ օբյեկտիվ պառճառներով, ե՛ւ ռազմական գործողությունները, ե՛ւ համավարակի երկրորդ ալիքը իրենց ազդեցությունն ունենում են։ Բայց այս ամենը հաշվի առնելով հանդերձ՝ կարող եմ ասել, որ հարկային եկամուտների հավաքագրման գործընթացը եւ հարկային կարգապահությունը բավականին բարձր մակարդակի վրա են։