Ռոբերտ Քոչարյանից մինչեւ Տիգրան Արզաքանցյան

Ռոբերտ Քոչարյանից մինչեւ Տիգրան Արզաքանցյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 26 քաղաքական ուժ է մասնակցության հայտ ներկայացրել, բայց թեկնածուներից ոչ բոլորին ԿԸՀ-ն հնարավորություն տվեց մասնակցելու ընտրություններին։ ԴԱՀԿ նախկին պետ, «Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանն առաջիններից մեկն էր, որ չգրանցվեց։ Նա վարչական դատարանում բողոքարկել է ԿԸՀ-ի որոշումը, համաձայն որի՝ չի կարողանա մասնակցել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ի նիստում Միհրան Պողոսյանի գրանցումը ճանաչել էր անվավեր։ Պողոսյանին ԿԸՀ-ն չէր գրանցել որպես թեկնածու, քանի որ նա վերջին չորս տարիներին երկրում մշտապես չի բնակվել, իսկ ուսումնառության մասին տեղեկանքը, պարզվեց, կեղծ է եղել։ Հիշեցնենք, որ Հայաստանում չգտնվելը հարգելի է համարվում երկու դեպքում՝ երբ մարդը պետական գործուղման մեջ է եւ երբ ուսանում է արտերկրի որեւէ ուսհաստատությունում։ Նախկին պաշտոնյայի հայցը կքննվի հինգ դատավորների կազմով։ Նիստի օրը դեռ հայտնի չէ։ 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այս ընտրություններում առաջնորդում է «Հայաստան» դաշինքը, եւս հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ։ Այն քննվել է հունիսի 10-ին` դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ։ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են ԿԸՀ-ի որոշումը, որով նախընտրական քարոզչության հետ ասոցացվող էր ճանաչվել Ռոբերտ Քոչարյանի՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով «Կյանք եւ ազատություն» գրքի պատկերով եւ «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը: Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը մեզ փոխանցեց, որ բավականին երկար նիստ է եղել, իրենք ներկայացրել են իրենց հիմնավորումները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ իրենց դիրքորոշումը, որի հետ համաձայն չեն․ «Սա բացառիկ իրավիճակ էր, կարծես Ռոբերտ Քոչարյանի գիրքն արգելված գրականություն լիներ։ 2 տարի շարունակ չէին թողնում տեղադրել պաստառը, միայն 2021 թվականի մարտին են թույլատրել, եւ այդ ժամանակ հնարավոր չէր կանխատեսել ընտրական գործընթացների մասին»։

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւս հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ։ Նրանց հայցը կքննի դատավոր Մերի Համբարձումյանը, նիստի օրը դեռ նշանակված չէ։ Հայցադիմումում նշված է՝ ԼՀԿ-ն դատարանից պահանջում է միջամտող վարչական ակտ հանդիսացող՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մայիսի 31-ին կայացված «5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով Էդմոն Մարուքյանի լուսանկարով եւ «Լուսավոր Հայաստան կուսակցություն» գրառմամբ պաստառը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու մասին» որոշումն ամբողջությամբ վերացնել։ 

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը եւս ԿԸՀ-ի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան, սակայն նրանց հայցադիմումը դատարանը ետ է վերադարձրել։
ԿԸՀ-ն, երեկ ուսումնասիրելով Հայաստանի դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը, որոշել էր մերժել` փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։ Արզաքանցյանը չէր կարողացել ապացուցել, որ վերջին 4 տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում։ ԿԸՀ-ի հաշվարկներով՝ նա Հայաստանից բացակայել է փաստաթղթերի ներկայացման օրվան նախորդող 1461 օրից 1005 օրը։ 

Հատկապես սոցիալական հարթակներում «ծանր էին տանում» Արզաքանցյանի՝ ընտրապայքարից դուրս մնալու լուրը․ վերջին շրջանում նա հանրությանն առավել հայտնի դարձավ իր ուրույն բառապաշարով։ Նրա մասնակցությամբ տեսանյութերն ու լուսանկարները մեծ տարածում էին գտնում եւ մեմի առարկա դառնում։ Արզաքանցյանի մամուլի խոսնակը մեզ փոխանցեց՝ իրենք եւս մտադիր են վարչական դատարանում վիճարկել ԿԸՀ-ի որոշումը, իսկ ապացույցներ ունե՞ն, որը կստիպի դատարանին հօգուտ իրենց որոշում կայացնել, մեր զրուցակիցն ասաց, որ այդ մասին ոչինչ չի կարող ասել։ Նա նաեւ նշեց, որ Տիգրան Արզաքանցյանը մասնակցում է քարոզարշավին, բայց դիտորդի կարգավիճակով, ո՛չ ելույթ է ունենում, ո՛չ էլ որեւէ կերպ մասնակցություն ունենում, եթե քաղաքացիները հարցեր են տալիս, պատասխանում է։
Նշենք, որ այսպիսի հայցադիմումները դատարանը քննում է հրատապ կարգով՝ 3-5 օրում, դա է պահանջում օրենքը։