Սուպերմարկետի մոտ դանակահարել է եղբոր հետ վիճած տղամարդկանց
![Սուպերմարկետի մոտ դանակահարել է եղբոր հետ վիճած տղամարդկանց](https://hraparak.am/uploads/images/2024/12/image_750x_67595f4b3daa1.jpg)
ՆԳՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 9-ի ժամը 23.50-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով «Արթիկ» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Արթիկ քաղաքի բնակիչ 29 և 28 տարեկան երկու երիտասարդ: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Արթիկ քաղաքի Շահումյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանել են երկու համաքաղաքացիների՝ 37-ամյա և 34-ամյա եղբայրների հետ, այդ ընթացքում էլ կրտսեր եղբայրը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրանց: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Պարզվել է, որ դեպքին մասնակից եղել և մարմնական վնասվածք է ստացել նաև արթիկցի 30-ամյա մի երիտասարդ: Հետագա միջոցառումների արդյունքում 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Արթիկի և Անիի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն: Դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու և բոլոր հանգամանքները պարզելու միջոցառումները շարունակվում են:
Կարծիքներ