Առևտրային ծավալի մեծացում, համատեղ ձեռնարկատիրություն․ տնտեսական քննարկումներն Իրանում 

Առևտրային ծավալի մեծացում, համատեղ ձեռնարկատիրություն․ տնտեսական քննարկումներն Իրանում 

Հունվարի 22-ին Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել էր նաև Իրանի Կենտրոնական բանկի կառավարիչ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։

Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ (23․01․2021)՝ Իրանի Կենտրոնական բանկի կառավարիչը Քերոբյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Իրանն ու Հայաստանը կավելացնեն իրենց առևտրի ծավալը՝ հիմնվելով երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների վրա:

Հեմմաթին նշել է, որ երկու կողմերն էլ քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնումը, ինչպես նաև գումարային ու ռեսուրսային փոխանցումների եղանակները: «Նպատակն է երկու երկրների միջև առևտրի ծավալն ավելացնել ընթացիկ 320 կամ 330 միլիոն եվրոյից՝ համատեղ միջոցառումներ ընդունելով», - հավելել է նա:

Հեմմաթին նշել է, որ Եվրասիական տնտեսական միության մեջ երկու երկրների մասնակցությունը մեծ հնարավորություն է Թեհրանի և Երևանի միջև առևտուրը հեշտացնելու համար, ինչպես նաև անհրաժեշտ միջոցառումներ են ընդունվել` իրանական ընկերությունների ներդրումները Հայաստանում հեշտացնելու համար:

Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդամամբ (23․01․2021)՝ Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարը, նշելով Իրանի և Հայաստանի առևտրի և մշակութային կապերի երկար ու հին պատմությունը, ասել է, թե Իրանը հույս ունի, որ նմանատիպ հանդիպումների անցկացումը կարող է էլ ավելի ամրապնդել երկկողմ հարաբերությունները: 

Նշելով, որ Իրանն ու Հայաստանը ԵԱՏՄ անդամ են՝ նա հավելել է, որ Հայաստանը կարող է հսկայական ազդեցություն ունենալ երկու երկրների և ամբողջ Միության հետ առևտրային հարաբերությունների զարգացման վրա` օգտագործելով իր աշխարհագրական դիրքը:

Հատկանշական է, որ ԵԱՏՄ կայքում Իրանը ներկայացված չէ որպես միության անդամ, այլ հավական է համարվում Իսլամական Հանրապետության ինտեգրումը։

«Քերոբյանը նույնպես կոչ է արել զարգացնել երկու երկրների առևտրատնտեսական կապերը, մասնավորապես` Հայաստանում իրանական նշանակալի ընկերությունների ներդրումային և արտադրական գործունեությունը»,- գրել է «ԻՌՆԱՆ»:

Իրանական լրատվամիջոցի փոխանցմամբ (24․01․2021)՝ Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզայիի հետ հանդիպմանը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ հիմնվելով Հայաստանում Իրանի դեսպանի հետ բանակցությունների վրա՝ երկու երկրները պատրաստ են վեց ամսվա ընթացքում ավելացնել ապրանքաշրջանառությունը մինչև 1 միլարդ դոլարի:

Քերոբյանը բարձր է գնահատել Իրանի կարողություններն ու կոչ արել ընդլայնել երկու երկրների տնտեսական հարաբերությունները: Նա հավելել է, որ պետք է ջանքեր գործադրել երկու երկրների արտադրանքը ոչ միայն Եվրասիա, այլև՝ ուրիշ երկրներ արտահանելու համար: Էկոնոմիկայի նախարարն Իրանի հետ համատեղ ձեռնարկատիրական գործակցության կոչ է արել՝ ասելով, որ իրանցի արտադրողները կարող են իրենց արտադրանքի մի մասը սպառել Հայաստանում:

«Հաշվի առնելով, որ երկար տարիներ ակտիվ եմ եղել բիզնեսի և առևտրի ոլորտում՝ ուղևորվել եմ Իրան ոչ միայն փոխադարձ առևտուրը խթանելու, այլ նաև իրականացնելու նպատակներից մեկը, որը համատեղ արտադրանք ստեղծելն է»,- «ՄԵՀՐԻ» փոխանցմամբ (24․01․2021)՝ ասել է Քերոբյանը։ 

«Մենք պետք է շատ գործնական քայլեր կատարենք, որպեսզի երկու երկրների արտադրանքն արտահանենք ու վաճառենք երրորդ երկրի: Մենք նաև մտադիր ենք արտահանել ոչ միայն Եվրասիա, այլ նաև այլ երկրներ», - պարզաբանել է նա: