Փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում
ԱԺ ԿԳՄՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին փաթեթը:
Առաջին փոփոխությունը վերաբերում է ներառական կրթությանը, եւ նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել նախադպրոցական ոլորտում կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը, ինչպես նաեւ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը:
Երկրորդ փոփոխությունը վերաբերում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստումներին. նախատեսվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ պարտադիր վերապատրաստման պահանջ սահմանել, ինչը թույլ կտա նրանց շրջանում եւս ապահովել կարողությունների շարունակական զարգացում:
Երրորդ ուղղությունը վերաբերում է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի ստացմանը: Գործող օրենքով, պարտադիր պահանջ էր վերապատրաստում ու դրանից հետո նոր միայն հավաստագրում. առաջարկվել է հանել պարտադիր վերապատրաստման պահանջը:
Չորրորդ ուղղությունը վերաբերում է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարմանը: Ըստ առաջարկվող փոփոխության` նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարները կկարողանան մինչեւ 2024 թ․ հունիսի 1-ն առանց հավաստագրի պաշտոնավարել:
Հինգերորդ ուղղությունը վերաբերում է զարգացման կենտրոնների եւ նախադպրոցական ծառայություններ մատուցող կազմակերպությունների լիցենզավորման գործընթացին. լիցենզավորման ժամկետն առաջարկվել է երկարաձգել մինչեւ 2023 թ․ դեկտեմբերի 10-ը:
Կարծիքներ