Դատավորներից մեկի փաստաբանը զանգել է ԲԴԽ անդամի․ ԱԱԾ-ն դեռ չի դիմել քրեական հետապնդում սկսելու համար

Դատավորներից մեկի փաստաբանը զանգել է ԲԴԽ անդամի․ ԱԱԾ-ն դեռ չի դիմել քրեական հետապնդում սկսելու համար

Սնանկության դատարանում երեկ Ազգային անվտանգության ծառայությունը քննչական գործողություն էր իրականացրել՝ խուզարկություններ կատարելով երկու դատավորի աշխատասենյակում։ 

Ըստ տեղեկությունների՝ 2 դատավոր ձերբակալվել է, նրանցից մեկը Գեւորգ Նարինյանն է։

Ազգային անվտանգության ծառայությունից փորձեցինք մեկնաբանություն ստանալ՝ կապված ԲԴԽ դիմելու եւ իրավական գործընթաց սկսելու հետ կապված, այնտեղից մեզ փոխանցեցին, որ դրա վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չկա, ենթադրվում է, որ այսօր տեղեկություն կտարածեն․ այլ մանրամասների չեն տիրապետում։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանն էլ մեզ փոխանցեց, որ նախապես ԱԱԾ-ն իրենց տեղեկացրել է քննչական գործողություններ իրականացնելու մասին, իսկ թույլտվության համար դիմում են, երբ խափանման միջոց ընտրելու կամ քրեական հետապնդում իրականացնելու անհրաժեշտություն  է առաջանում․ «Դատավորին կալանավորելու կամ քրեական հետապնդում սկսելու համար պետք է ԲԴԽ-ի համաձայնությունը, դեռ ես տեղյակ չեմ, որ դրա համար դիմել են։ Ձերբակալել կարող են միայն այն  դեպքում, եթե հանցանքի պահին են բռնել դատավորին, նման բան ես այս պահին տեղյակ չեմ»։

Նա նաեւ նշեց, որ դատավորներից մեկի փաստաբանը կապվել է ԲԴԽ անդամներից մեկի հետ եւ խնդրել, որ ԲԴԽ մյուս անդամներին փոխանցի, թե նման գործողություններ են կատարվում։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Սնանկության դատարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, նրանցից մի քանիսը մեզ փոխանցեցին, որ իրենք տեղեկություն չեն կարող փոխանցել, իսկ դատարանի նախագահ Գարիկ Ավագյանի հետ չկարողացանք կապ հաստատել, քանի որ նա նիստի էր։