Ինչո՞ւ «թագուհի»

Ինչո՞ւ «թագուհի»

Երեկվանից համացանցում տարածվում է տեղեկություն Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Կրոպիվնիցկի քաղաքում հայկական նոր եկեղեցու կառուցման մասին: Դա լինելու է այդ քաղաքում առաջին հայկական եկեղեցին, կառուցվելու է Միխայլովսկի փողոցի վրա: Եկեղեցու էսքիզը հաստատվել է դեռևս այս տարվա փետրվարին, իսկ հողահատկացումը (մոտ 1.100 քմ) կատարվել է օրերս: 

Այս տեղեկության մեջ, սակայն, ամենաուշագրավն այն է, որ եկեղեցին կոչվելու է «սբ Շուշանիկ թագուհու» անունով (տե՛ս սկզբնաղբյուրը՝ AnalitikaUA.net):

Սբ Շուշանիկը հայ առաքելական և վրաց ուղղափառ եկեղեցիների տոնելի սրբերից է: Սակայն որքան էլ ծագմամբ հայ (Վարդան Մամիկոնյանի դուստրն է), իր ողջ գիտակցական կյանքն անցկացրել, որպես քրիստոնեական նահատակ՝ վկա, մահկանացուն կնքել է Վրաստանում: 
Սբ Շուշանիկի մասին վկայաբանությունը միջնադարյան վրաց և հայ ժողովուրդների սիրած կրոնական պատմություններից է, որն աչքի է ընկնում նաև գեղարվեստական արժանիքներով: Վկայաբանության վրացական օրինակը, ամենայն հավանականությամբ, նախօրինակն է, քանի որ գրվել է սրբուհու նահատակությունից անմիջապես հետո, նրա խոստովանահոր՝ Հակոբ Ցուրտավելու կողմից: Ի դեպ, դա համարում են նաև վրաց հին գրականության մինչ այժմ հայտնի ամենավաղ նմուշը: Շուշանիկը Հարավային Քարթլիի թագավոր (այլ աղբյուրներում՝ Արևելյան Վրաստանի բդեշխ) Վազգենի կինն էր, որ ամուսնու՝ քաղաքական նկատառումներով հավատափոխվելուց հետո (ընդունել էր զրադաշտականություն պարսից մոտ), նրա հավատուրացությունը չներելու պատճառով՝ ավելի քան 6 տարի ենթարկվում է բազում տանջանքների և մահկանացուն կնքում 7-րդ տարվա սկզբին՝ 475 թվականին: Սրբուհու աճյունն ամփոփված է Տփղիսի միջնաբերդում:

Ահա այս սրբի անունով է կոչվելու Կրոպիվնիցկում կառուցվելիք եկեղեցին, մինչդեռ այդ անվանակոչության գոնե մի «բաղադրիչ» տարակուսանք է հարուցում: Սրբուհին կոչվում է «թագուհի», մինչդեռ այդ կարգավիճակով նա որևէ առնչություն չունի Հայաստանի, հայ ժողովրդի, հայ եկեղեցու հետ: Հետևաբար, եթե նույնիսկ կառուցվելիք եկեղեցին կոչվի սբ Շուշանիկի անվամբ, եկեղեցու պաշտոնական անունից պետք է օտարել իրավամբ օտար «թագուհի» տիտղոսը: Վրացիներին՝ հաստատ այո, բայց մեզ դա ոչինչ չի տալու: Ավելին՝ այդ տիտղոսով սբ Շուշանիկը վրացականացվում է և ավելի որոշակիորեն է հայտնվում վրաց կրոնական գիտակցության մեջ:
Թյուրընկալման առիթ կարող է տալ այն, թե Շուշանիկը հայ էր, հայ եկեղեցու սուրբ, հետևաբար միանգամայն խոհեմ քայլ է նրա անունով հայկական եկեղեցի անվանակոչելը:

Սակայն սբ Շուշանիկը, հայ եկեղեցու տոնելի սրբերից մեկը լինելով, վաղուց առնչություն չունի հայ իրականության հետ, ավելին՝ նա հայի կրոնական գիտակցության մեջ առավելապես որպես վրաց սրբուհի է «ամրագրված», ինչպես սբ Նունեն՝ Նինոն: Քրիստոնեական վկաների համար ազգային պատկանելությունը էական հանգամանք չի դիտվում. այդպիսի հանգամանք համարվում է այն իրականությունը, այն հողը, որտեղ կամ որի վրա նրանք հանուն հավատի նահատակվում են:  Հռիփսիմյան կույսերը, ծագումով հայ չլինելով, հայ են ընկալվում, որովհետև նրանց կրոնական գործունեության ամենագլխավոր հատվածը կապված է Հայաստանի, հայ ժողովրդի հետ: 
Հետևաբար, երկրորդենք վերևում ասվածը. եթե եկեղեցին այնուամենայնիվ կոչվելու է սբ Շուշանիկի անունով, պաշտոնական եկեղեցական անվանումից հարկ է բացառել «թագուհի» բառը: