Շիրակի մարզի դատարանը կոլապսի մեջ է․ ԲԴԽ որոշումը հարուցել է քաղաքացիների զայրույթը

Շիրակի մարզի դատարանը կոլապսի մեջ է․ ԲԴԽ որոշումը հարուցել է քաղաքացիների զայրույթը

Բարձրագույն դատական խորհրդի կայացրած որոշումը հարուցել է շիրակցի փաստաբանների, վստահորդների զայրույթը։

Նշենք, որ մի քանի օր առաջ ԲԴԽ-ն որոշում կայացրեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ 4 դատավորի տեղափոխել մայրաքաղաք։ «Մեր դատարանը՝ Շիրակի մարզի, կոլապսի մեջ է, փաստացի գործերը չեն ավարտվում , ստացվում է, որ 4 դատավորի վարույթներում առկա գործերը նորից պետք է սկսեն սկզբից քննել, և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մնում է առանց քրեական մասնագիտությամբ դատավորների: Տուժում են  քաղաքացիները՝ երկու կողմի, և ամբաստանյալները, և տուժող կողմը,  և մենք՝ փաստաբաններս, և պետությունը, որ անիմաստ ռեսուրսներ է  ծախսում : Այսինքն, վճարում է դատավորին, անձնակազմին, դատախազին ուղեկցող ջոկին և այլ մասնակիցների, և դատավորի տեղափոխության արդյունքում ամեն ինչ սկսվում է սկզբից , և այդ ամբողջ աշխատանքը զրոյանում է, մի խոսքով, չկա մի կողմ, որ շահի այս իրավիճակում», -hraparak.am-ի հետ զրույցում իրավիճակը գնահատում է գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանը:

Ի դեպ, նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ 4 դատավորները ընդամենը  6-7 ամիս է, ինչ նշանակվել էին այդ պաշտոններին։

«Վերջին 2-3 տարիներին գրեթե ամենօրյա ռեժիմով դատավորներ են նշանակում և այնպիսի տպավորություն է, որ ցանկացած մեկը կարող է դատավոր դառնալ: Ում ասես՝ դատավորի պատմուճան հագցրեցին, ուղարկեցին դատարան:  Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի արդեն իսկ նորանշանակ դատավորներին Երևան տեղափոխելու, կամ միգուցե դեռևս մեզ անհայտ գործընթացներով պայմանավորված և նման արագությամբ դրա անհրաժեշտությունն առաջանալու տրամաբանությունն է ուղղակի խիստ անհասկանալի», - hraparak.am-ին ասաց «Կյանքի իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Ռուզան Ադանալյանը, ով որդու սպանությունից հետո հաճախակի է առնչվում դատարանների հետ:
«Մի փորք դրվագով և առավել առարկայական օրինակը բերեմ որդուս՝ Արտյոմ Ադանալյանի սպանության քրեական գործով: 2019 թվականի վերջին դատավոր դարձած և ընդամենը 2-տարով Շիրակի մարզի դատարան գործուղված Նարեկ Բեգլարյանին ՝այդ նորանշանակ դատավորին էին մակագրել այդ ծանր քրեական գործը, նա, բնականաբար, փորձ չուներ, անմիջապես համագործակցության անցավ ինչպես մեղադրողի, այնպես էլ մեղադրյալի պաշտպանների հետ: Դատական նիստերը հետաձգելու, ակնհայտ անօրինական դատական ակտեր կայացնելով և այլ արկածախնդրությամբ սպառելով շուրջ 2-տարի՝ ավարտվեց այդ տղայի գործուղման ժամկետը, և նա գնաց ՝ չակերտներով արդարադատությունն իրականացնելու հարազատ Արտաշատում: Հետո եկավ նորը...Այն, ինչ հիմա կատարվում է դատական համակարգում, ըստ իս՝ ամենածանր հետևանքները կրում են քրեական գործերը: Մանավանդ, դատավորը փոխվում է , քիչ չէ, իր հետ զուգահեռ կոռուպցիան է ներխուժում․ այլևս չի կարող խոսք լինել արդարադատության մասին:
Նախաքննության մարմնում քրեական գործերով երբ քննիչներ են փոխվում,այսինքն գործի քննությունը պարբերաբար փոխանցում են տարբեր քննիչների՝ մենք հասկանում ենք, որ կեղծիքներ կատարած քննիչների հետքերն են այդկերպ կոծկում:Իսկ ծավալուն և աննախադեպ առանձնահատկություններով քրեական գործի դատաքննությունը տարբեր դատավորներին փոխանցելը,մեղմ ասած՝ ուղղակի անբարո է: Այս գործընթացին,եթե մեկ այլ տեսանկյունից նայելու լինենք,ապա կարող ենք փաստել, որ դատախազների և դատավորների հետ գործ անող որոշ փաստաբանների խաղաքարտերն են ընդամենը խառնվել, որոնց անթաքույց , ընդգծված և արտոնյալ վարքագծի ամենօրյա ականատեսն եմ: Նամանավանդ, երբ փոքր մարզի դատարանում դատավորի օգնական են դարձրել մի այնպիսի փաստաբանի տղայի, ով հայտնի է կոռումպացիայի մեջ թաթախված,  դատախազների հետ համագործակցելով: Կամ, նոր նշանակված դատավորին պարտադիր օգնական են նշանակում այն նախորդ դատավորի օգնականին, ով արդեն տվյալ գործի խերը տեսել է, իսկ գործի քննությունը շարունակող դատավորը քննելու է ըստ նախորդի, որի մասին կարող է հոգ տանել բացառապես այդ նախորդի օգնականը: Այնպես որ, Շիրակի մարզի դատարանը վերածվել է բիսեդկայի»,-ասաց տիկին Ադանալյանը՝ հավելելով․ «Հարցի տեսքով ամփոփեմ․ եթե օրինակ ՀՀ բարձրագույն դատախան խորհուրդը ընդունենք, որ իսկապես արդարադատության իրականացման, նաև դրա ապահովման կողմնակիցն է, ապա ինչպես են ԲԴԽ-ում պատկերացնում առանձնապես ծանր հանցագործության գործերը , պարբերաբար տարբեր, այն էլ սկսնակ, անփորձ, արագ գործարքի գնացող դատավորներին մակագրելու օրինաչափությունը:
Եթե իսկապես արդարադատություն ասվածը դատական իշխանություն կոչվածի համար գոյություն ունի, ապա ասօրվա հրամայականն է անհապաղ կարգավորել համակարգը և զերծ մնալ այժմրոպեական, տարատեսակ և անտրամաբանական մտահաղացումներ իրականացնելուց»: