7 երկար տարի

Մեր երկիրն ու իր ղեկավարը շփոթահար այծիկի նման մե՛կ դես են նետվում, մե՛կ` դեն: Երկրի ղեկավարի գործողությունների հաջորդականությունը, այցելությունների աշխարհագրությունը, հայտարարությունների հակասականությունը հուշում են մի բանի մասին` մարդն իր անելիքը չգիտի:
Ճիշտ է` արդեն ինչ-որ բաներ սկսել է գիտակցել, եւ զղջման ու սթափվելու որոշ նախանշաններ նկատելի են. մենք 7 տարի նույն դասարանում ենք մնացել, երկրում կադրային ճգնաժամ է, կրթության ոլորտում լրջագույն խնդիրներ կան, ես մի բանի համար եմ զղջում, որ այս ամենը ձեզ չեմ ասել 2018 թվականին եւ այլն... բայց դա դեռ չի նշանակում, որ գիտի ինչ անել, ինչպես անել եւ ումով անել: Պարզ է, որ դեռ շարունակում է մեղադրել բոլորին եւ ամենաքիչը` ինքն իրեն ու երբ ասում է, որ կրթական խնդիրներ կան, խոսում է ուրիշների խնդիրների մասին եւ չի գիտակցում, որ կրթված մարդը նման ելույթներ չի ունենում, մարդկանց տեղի-անտեղի չի վիրավորում, հիստերիկ նոպաների մեջ չի ընկնում եւ չի հատում թույլատրելիի սահմանները: Երբ խոսում է կադրային ճգնաժամի մասին, չի մտածում, որ դա վերաբերում է վարչապետի` որպես թիվ 1 կադրի անհամապատասխանությանը, այլ խոսքը նախարարների, պատգամավորների, մյուս պաշտոնյաների մասին է: Իսկ երբ ասում է` «2018 թվականին պետք է ինչ-որ բաներ ասեի հանրությանը», չի գիտակցում, որ իր պրոբլեմն այն չէ, որ ժամանակին չի ասել ճշմարտությունը, այլ՝ այն, որ արել է քայլեր, որոնք բերել հանգեցրել են այդ «ճշմարտությանը», որ ինքը փչացրել է հնարավոր ամեն բան, զրոյացրել նախկին բոլոր ձեռքբերումները, նեղացրել բոլոր դաշնակիցներին, հեռացրել բոլոր պրոֆեսիոնալ կադրերին, պառակտել ու բզկտել ազգը, եւ այսօրվա բոլոր խնդիրները ծագել են իր վարած այդ ողբալի քաղաքականությունից:
Կարծիքներ