Ազատվենք անօգնականության զգացումից 

Ազատվենք անօգնականության զգացումից 

Փաշինյան Նիկոլը յոթ երգ գիտի, յոթն էլ խաղաղության օրակարգի մասին: Ինչն, ի դեպ, ողջունում են ոմանք և դա շահարկվում է, նույնիսկ կասեի՝ բռնաբարվում է երբեմնի «կիրթ ու կառուցողական գործընկերոջ» կողմից: Եվ ինչ համառությամբ ու անսասանությամբ Փաշինյան Նիկոլը խաղաղություն է մուրում, այնքան սանձարձակ է դառնում թշնամի երկրի ղեկավարը: Երբեմն նույնիսկ թվում է, որ Նիկոլը դա բացարձակ չի գիտակցում: Չնայած, եթե գիտակցեր էլ, ապա կասկածում եմ, որ դա կհանգեցներ ադեկվատ վարքագծի դրսևորման: Որովհետև շուրջ հինգ տարի շարունակ նա զբաղված է սեփական անսխալականության գիծն առաջ տանելով: Հատկապես, որ այդ զբաղմունքը չի խոչընդոտվում նրանց կողմից, ովքեր ունեն նման լիազորություն և կամ հնարավորություն: Ինչն էլ, բնականաբար, ամրապնդում է վերջինիս անսխալականության սինդրոմը:

Դա էլ, իր հերթին, պետության առումով առաջ է բերում պարտություն պարտության հետևից: Իսկ հասարակության գրագետ ու հայրենասեր հատվածի մոտ էլ անընդհատ անօգնականության զգացում է առաջացնում: Ո՛չ կարողանում ենք երկիրն ազատել Փաշինյան Նիկոլի վարչապետությունից, և ո՛չ էլ, թեկուզ նրա վարչապետությամբ, ադեկվատ պատասխան տալ ադրբեջանցիներին:

Մյուս կողմից անօգնականության զգացում է ստեղծում արևմտյան երկրների ղեկավարության վարքագիծը, ավելի ճիշտ՝ խոսույթը: Անընդհատ լսում ես լարվածությունը նվազեցնելու՝ բոլոր կողմերին ուղղված կոչեր: Այդ երևույթն, իհարկե, շատ հին է՝ այն հասնում է Ղարաբաղյան շարժման սկիզբ: Ճիշտ այդպես էր սումգաիթյան բարբարոս ջարդարարներին և նրանց զոհերին դիմում Խորհրդային Միության ղեկավարությունը: Այդ հարցում, փաստորեն, ոչ մի տարբերություն չկա ժամանակին Արևմուտքի կողմից «չարիքի կայսրություն» անվանված երկրի և այսօրվա ժողովրդավարական Արևմուտքի միջև: Եվ եթե այն ժամանակ կենտրոնական իշխանության ցանկությունը դրսևորվում էր ուժի միջոցով, այսօր այն դարձել է արտաքինից ավելի քաղաքակիրթ: Խնդրեմ, օրինակ, այս մեկը՝ «կողմերը համապատասխան քայլեր ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու և բռնություններին վերջ տալու ուղղությամբ»: Չակերտավոր արտահայտությունը պատկանում է Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ, ծովակալ Ջոն Քիրբիին։ Քիչ է մնում հասնես Վաշինգտոն ու հայտնես ծովակալին, որ մենք դա բազմիցս ենք լսել: Եթե կարող եք, ապա խոսելու փոխարեն հենց դուք ձեռնարկեք համապատասխան քայլեր ադրբեջանցիների կողմից բռնություններին վերջ տալու ուղղությամբ:

Չեմ կարող չնշել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսույթը: Վերջինս «շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ խաղաղությանը նվիրված լինելու համար և խրախուսել կոնկրետ դեպի առաջ քայլերը՝ չլուծված խնդիրների լուծումները գտնելու ուղղությամբ»։ Ուզում եմ դիմել նաև նրան՝ ասելով, որ պարոն պետքարտուղար, դուք շնորհակալ եք Փաշինյանին՝ խաղաղությանը նվիրված լինելու համար, բայց դա մեզ համար նշանակում է նորանոր երիտասարդ կյանքերի կորուստ: Եթե նույնը տեղի ունենար ձեր երկրում՝ դուք կրկին շնորհակալ կլինեի՞ք ձեր երկրի ղեկավարից: Ինչ մնում է խնդիրներին լուծումները գտնելու ուղղությամբ շարժվելուն, ապա, դժբախտաբար, դա բացարձականապես կախված չէ Փաշինյանից: Փաշինյանից կախված է ընդամենը թշնամի երկրի ղեկավարի այս կամ այն վարքագծին հարմարվելը և, ինչպես վերջերս է տեղի ունենում, դրանից անընդհատ բողոքելը:
Ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու եմ անընդհատ անդրադառնում արևմտյան և տվյալ դեպքում՝ ամերիկյան պաշտոնյանների խոսքերին: Եվ ոչ մի բառ չեմ ասում ռուսական կողմի վերաբերյալ: Պատասխանեմ՝ Փաշինյանի ջանքերի շնորհիվ ռուսական կողմը մղվել է երկրորդ պլան: Սկսած դեռևս ՀՀ վարչապետ կարգվելու օրերից. հիշենք «թող իրենք հարմարվեն մեր երկրւմ կատարված հեղափոխությանը» խոսքն ու դրան հետևած գործողությունները: Իսկ այսօր դրա աչք ծակող դրսևորումներից են արևմտամետ արտախորհրդարանական մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ ամենամսյա հանդիպումները: Որի մասնակիցներից Շիրինյան ազգանունով քաղաքագիտության դոկտորն, օրինակ, առաջարկում է Հայաստանում ձերբակալել ՌԴ նախագահին ու հանձնել ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանին: Այդ ամենը, բնականաբար, պետք է համապատասխան եզրակացություն առաջացնի հյուսիսային տերության ղեկավարության շրջանում: Հատկապես, որ հատուկ ռազմական գործողությամբ պայմանավորված, արդեն մեկ տարւց ավելի կռիվ է տալիս ողջ Արևմուտքի դեմ: Ու այդ պատճառով էլ ստիպված է շատ ավելի պակաս ուշադրություն դարձնել տարածաշրջանում կատարվող իրադարձություններին: 
Բայց որպեսզի մենք կախված չլինենք ո՛չ արևմտյան երկերեսանիությունից և ո՛չ էլ ռուսական խնդիրներից, ստիպված ենք մեր ճակատագիրը վերցնել մեր ձեռքը: Եթե, իհարկե, չենք ցանկանում վերանալ 21-րդ դարում: Եվ ազատվել, վերջապես, անօգնականության զգացումից: