Հեղափոխակա՞ն ես, թե ներկայացուցիչը պետության

Հեղափոխակա՞ն ես, թե ներկայացուցիչը պետության

Հաճախ կարող ենք հանդիպել, թե ինչպես են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները նրան մեղադրում «թավիշի» կամ էլ «թավշյա» քաղաքականություն իրականացնելու մեջ: Իհարկե չափազանց դժվար է ասել, թե ինչ նկատի ունեն այդ մարդիկ «թավիշ» ասելով: Կարող ենք ենթադրել, որը խոսքը քաղաքական հակառակորդների և այլախոհների նկատմամբ հանդուրժողականության և բռնության բացառման մասին է: 

Իրականում Փաշինյանին հանդուժող անվանելը զավեշտալի չափազանցություն է, քանի որ վարչապետ դառնալուց ի վեր առաջնային պլան մղվեցին նրա այլատյացությունն ու վախերը ցանկացած օտար երևույթի նկատմամբ: Բայց եթե Փաշինյանն այլատյաց է և մերժում է գաղափարական պլյուրալիզմը, ապա էլ  ինչի՞ց են բողոքում Փաշինյանի կողմնակիցները,  ի՞նչ են ուզում և ակնկալում: Թույլ տվեք գուշակել. փաշինյանականների ուզածն ու որոնածը հեղափոխական տեռորն է: Նրանք կառավարությանը կշտամբում են ֆիզիկական բռնության չդիմելու, հակառակորդ կուսակցությունների գոյությունը չարգելելու և այլախոհներին Հայաստանից չարտաքսելու համար: Փաստորեն այն ինչ կատարվել է, քիչ է, նրանք էլի են ուզում, արյուն են ուզում և փափագում: 

Տրամադրություններն այս իհարկե օրինաչափ են: Բնական է, որ վարչապետ Փաշինյանի հոգեխանգարմունքի հասնող ելույթները, որոնց մեջ մեծ թիվ են կազմում բռնության տարրերը, պետք է կոնկրետ ակնկալիքներ և հույսեր սաղմնավորեին: Եթե վարչապետը ի լուր աշխարհի խոսում է բռնության, մասնավորապես` «ասֆալտին պառկցնելու» «թաթիկները կտրելու», «պատերով ծեփելու», «վզից բռնելու և դուրս շպրտելու» մասին, ապա տրամաբանական է, երբ ֆեյսբուքում վեր ընկած կամ էլ հրապարակում կանգնած պարապ լյումպենը պահանջում է այդ ամենի առարկայական շարունակությունը: 

Բայց «թավիշից» բողոքող ֆեյսբուքյան մարդակերներին և «ագորայի» անդեմ զանգվածներին ստիպված եմ հիասթափեցնել: Քննադատվող «թավիշն» այլևս վերանայման ենթակա չէ, քանի որ ոչ ռեսուրս կա և ոչ էլ պատեհ ժամանակ: Այն դատապարտված է շարունակել իր այլասերված և թշվառ կիսագոյությունը` մի կողմից հանդուրժողականության բացակայությամբ և մյուս կողմից էլ բռնության անկարողությամբ: 

Խնդիրն այն է, որ 2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանն ուներ ընդամենը երկու ընտրություն. ա/շարունակել հեղափոխական պայքարը և փողոցից տուն չվերադառնալ քանի դեռ կործանված չէին բոլոր պետական հաստատություններն ու փշրված չէր հին հասարակարգի ամենավերջին քարը, բ/իշխանափոխությունից հետո ընդհատել հեղափոխության ընթացքն ու ճանաչել գոյություն ունեցող իրավակարգն ու խաղի կանոնները: Փաստացի Նիկոլ Փաշինյանը չի կարողացել հրաժարվել ոչ մեկից և ոչ էլ մյուսից և միաժամանակ մերժել է և առաջինը և երկրորդը: Առաջին հայացքից զավեշտալի խառնաշփոթի հետ գործ ունենք, բայց խնդրի էության մեջ խորանալու պարագայում ամեն ինչ շատ պարզ է ու ակնհայտ. ա/ Փաշինյանը պահպանել է հեղափոխական լոզունգներն ու հռետորաբանությունը և միևնույն ժամանակ խուսափել է դասական հեղափոխական զարգացումներից: Այսինքն հեղափոխությունը որպես գործընթաց անշունչ է ու մահացած և ապրում է որպես պատեհությամբ պարտադրված հռետորաբանություն, բ/ հրաժարվելով հեղափոխությունից` Փաշինյանը մուտք է գործել պետական բյուրոկրատիայի տարածություն, գործնականում ճանաչել է դրա իրավակարգն ու խաղի կանոնները, բայց, այնուամենայնիվ կերպափոխումն այդ ամբողջությամբ չի հաջողել, քանի որ նրա մի ոտքը բյուրոկրատիայի տիրույթում է, իսկ մյուս ոտքը` հրապարակում, որն այլևս գոյություն չունի: 

Այսինքն, որպես անհատ Նիկոլ Փաշինյանը չափազանց ողբերգական է և ինքն իր կողմից չընկալված: Նա հայտնվել է երկու աշխարհների խաչմերուկում, չի հրաժարվում ոչ մեկից և ոչ էլ մյուսից, բայց նաև չի կարողանում օգտվել միաժամանակ երկուսից: Հեղափոխականները պահանջում են հեղափոխության շարունակություն, պետական բյուրոկրատիան պարտադրում է իրերն ու երևույթները դիտարկել պետության դիտանկյունից, իսկ ինքն էլ կողքի քաշված ականատես է լինում հեղափոխության գաղափարական արժեզրկմանն ու պետական բյուրոկրատիայի աստիճանական կազմաքանդմանը: 

Շարադրանքի մեջ չարախնդություն չկա, ընդհակառակը արձանագրվում է այն, ինչը վաղուց ասվել է. չէր կարելի հավասարապես պահպանել գոյությունը երկու իրարամերժ հիպոստասներում, պետք էր նախապես ընտրություն կատարել. հեղափոխակա՞ն ես, թե ներկայացուցիչը պետության: Խնդիրն այնքան է խորացել, որ Փաշինյանն այլևս չի կարող հրաժարվել ոչ մեկից և ոչ էլ մյուսից: Եթե հրաժարվի հեղափոխական պոպուլիզմից, ապա կոչնչացվի «ագորայի» կողմից, եթե հրաժարվի բյուրոկրատիայի մեթոդաբանությունից, ապա պետական համակարգը ինքնաբերաբար և մեխանիկորեն դուրս կթողնի նրան կառավարման իրականությունից: Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը ստիպված է պահպանել երկու հիպոստասների գոյությունը, քանի դեռ դրանց համատեղ լինելիությունը հնարավոր է: Ինչ-որ մի օր դա անհնար է դառնալու և վարչապետը կանգնելու է կործանարար ընտրության առջև: Ահա սա է պատճառը «թավիշի» այլասերված կիսագոյության: Այն կա անկարողության, տկարության, թշվառության և անսկզբունքայնության տեսքով և չկա` կոմպրոմատների, շանտաժի, երեսպաշտության և ստախոսության մարմնավորմամբ: