Մի շփոթեք, Ալիեւը չի հեռանա

Մի շփոթեք, Ալիեւը չի հեռանա

Լրագրողական եւ փորձագիտական որոշակի շրջանակներ տպավորված են Ադրբեջանում փոփոխություններով եւ համարում են, որ փետրվարի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններով «կձեւավորվի նոր իշխանության կմախքը»: Արվում են դիտարկումներ, որ ամեն ինչ կապված է Մեհրիբան Ալիեւայի Մոսկվա կատարած այցի, բարձր ընդունելության հետ: Սրանք, կարելի է անվարան ասել, խիստ մակերեսային կամ, որ ավելի անցանկալի է, մանիպուլյատիվ գնահատականներ են: Ադրբեջանի Միլլի մեջլիսը բաղկացած է 125 պատգամավորից, ընտրակարգը միայն մեծամասնական է: Այսինքն, հանրապետությունը բաժանված է 125 ընտրատարածքի: Դրանցից 123-ում իշխանությունն առաջադրել է իր թեկնածուներին: Արմատական ընդդիմությունը բոյկոտել է ընտրությունները: Պատգամավորի 81թեկնածու առաջադրել է «Մուսավաթը» եւ  31-ը՝ ReAl շաարժումը: Ուժերի այս հարաբերակցությամբ գրեթե 100 տոկոսի վստահությամբ կարելի է իշխող կուսակցության հաղթանակը երաշխավորված համարել: Միլլի մեջլիսում Ալիեւը կունենա, թերեւս, որակյալ մեծամասնություն: Իհարկե, կձեւավորվի նաեւ ,,կառուցողական ընդդիմություն,,: Նրան, ամենայն հավանականությամբ, կհասնի 20-25 պատգամավորական մանդատ: Ադրբեջանի սահմանադրությամբ, սակայն, խորհրդարանի ընտրությունը որեւէ ազդեցություն չունի իշխանության ձեւավորման վրա: Նախագահն է նշանակում վարչապետին եւ կառավարության անդամներին, գործադիր իշխանության շրջանային եւ քաղաքային ղեկավարներին՝ ներառյալ Նախիջեւանի ինքնավարությունը, դատավորներին, դատախազներին, հատուկ ծառայությունների տնօրեններին, նույնիսկ՝ համալսարանների ռեկտորներին: Այս հսկայական թիմից Ալիեւը հեռացրել է հազիվ մեկ տասնյակ պաշտոնյաների, հիմնականում՝ 70-ը բոլորած կամ առավել զառամյալ տարիքի մարդկանց: Ադրբեջանական քաղաքական վտարանդիության աղբյուրները, վկայակոչելով Բաքվից ունեցած հավաստի տեղեկություններ, սոցիալական ցանցերում վստահաբար պնդում են, որ իշխանությունը Մեհրիբան Ալիեւային փոխանցելու ծրագիրը տապալված է: Դրանում վճռական դերակատարություն է ունեցել Հեյդար Ալիեւի լոնդոնաբնակ դուստրը՝ Սեւիլ Ալիեւան, որն օգտագործել է BP նավթագազային հսկայի հետ կապերը եւ ճնշում գործադրել Իլհամ Ալիեւի վրա, որպեսզի «իր հոր ստեղծած պետությունը եւ կուտակած կապիտալը չանցնի Փաշաեւների ընտանիքին»: Ըստ երեւույթին, դա ճշմարտությանը բավական մոտ է, որովհետեւ Միլլի մեջլիսի արտահերթ ընտրություններ հայտարարելուց հետո ադրբեջանական լրահոսից գրեթե իսպառ բացակայում է առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի անունը:  Տպավորություն է, որ Իլհամ Ալիեւը նրան մեկուսացրել է քաղաքական կյանքից: Խիստ հատկանշական է, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը նույնպես մամուլում չի լուսաբանվում, իսկ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Գիտությունների ակադեմիայի նախագահ կարգված եւ «գորշ կարդինալի» համարում ունեցող Ռամիզ Մեհթիեւը պետական Ազերթաջ գործակալության խողովակներով հոդված է հրապարակել՝ «Նախագահ հորից՝ նախագահ որդուն» խորհրդանշական վերնագրով, որտեղ զարգացնում է այն գաղափարը, որ Իլհամ Ալիեւը պետք է իշխանությունը փոխանցի որդուն՝ ինչպես որ ժառանգություն է ստացել հորից: Այս նշանային ազդակները վկայում են, որ Իլհամ Ալիեւը չի պատրաստվում թողնել իշխանությունը: Նրան կարող են միայն հեռացնել: Սոցիալական ցանցերում տարածվել է տեսահոլովակ, որտեղ խոսվում է Հեյդար Ալիեւին Մեհրիբան Ալիեւայի կողմից թունավորելու մասին: Ո՞վ է այդ տեղեկատվության հեղինակը կամ ու՞մ նախաձեռնությամբ է այն լայն տարածում գտել, երբ հայտնի է, որ Ադրբեջանում ամբողջ համացանցը գտնվում է հատուկ ծառայությունների աչալուրջ վերահսկողության տակ: Դա չի՞ վկայում, որ Իլհամ Ալիեւը նախապես զգուշացնում է, որ Փաշաեւներն իր հետ «խաղեր տալ» չեն կարող: Այդ ստորջրյա պայքարն, ինչ խոսք, Ադրբեջանի ներքին գործն է: Մեզ համար էական է կողմնորոշվել, որ տեսանելի ապագայում Իլհամ Ալիեւը մնալու է իշխանություն, եւ մենք գործ ենք ունենալու նրա հետ: