Դատախազությունը ոստիկանական հաշվեհարդարի վերաբերյալ «Հրապարակի» հոդվածը ուղարկել է ՀՔԾ

Դատախազությունը ոստիկանական հաշվեհարդարի վերաբերյալ «Հրապարակի» հոդվածը ուղարկել է ՀՔԾ

Ոստիկանությունը դեռ չի արձագանքել Լոռու մարզի բարձրաստիճան ոստիկանների կողմից 4 քաղաքացու ծեծի ենթարկելու վերաբերյալ մեր հրապարակմանը: Թեև թվում էր, որ հենց առաջինը ոստիկանությունը պետք է պարզաբանում տար դեպքի կապակցությամբ: 

Իսկ դեպքը արտասովոր չէր: Այն բանից հետո, երբ օգոստոսի 1-ին անհայտ անձինք հարձակվեցին Ալավերդու 53-ամյա բնակիչ, նախկին ոստիկան Գարեգին Հախինյանի ոսկու խանութի վրա, հարձակմանը մասնակցելու կասկածանքով բերման ենթարկվեցին Ալավերդի քաղաքում հարգված երկու երիտասարդների և Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանի աշխատասենյակում նրանց դաժան ծեծի ենթարկեցին Գյուրջինյանը, նրա տեղակալը և անձամբ Լոռու մարզային վարչության  պետ Տիգրան Կարապետյանը: Այնուհետև տղաներին բաց են թողել: 
Մենք գրել էինք, որ սա ոստիկանների հաշվեհարդար է, քանի որ ծեծվածները նախկին ոստիկան Գարեգին Հախինյանի հետ անցնում են մեկ այլ քրեական գործով, որով նրանք մեղադրյալի կարգավիճակ ունեն և մեղադրվում են Հախինյանին ծեծի ենթարկելու մեջ: Ոստիկանությունից տեղեկացրեցին, որ անպայման կուսումնասիրեն դեպքը: Այսօր ահա ունենք ՀՀ գլխավոր դատախազության արձագանքը:
 

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ հրապարակումն արձանագրվել է ԶԼՄ մոնիթորինգի ընթացքում, ուսումնասիրվել: «Այսօր գլխավոր դատախազությունից այդ հրապարակումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածնելով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, նշված հանգամանքները վարույթի շրջանակներում պարզելու և իրավական գնահատականի արժանացնելու հանձնարարությամբ, հետագա ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնենք», - նշեց «Հրապարակի» հետ զրույցում Գոռ Աբրահամյանը: