Եթե առաջնորդը ձեռքերը բարձրացնում է թշնամու առաջ, զորքը հետ է քաշվում

2010 թիվն էր, որքան հիշում եմ։ Հետախույզ Հրաչ Աբրահամյանի (Մաուգլի) հետ Կոմանդոսի աշխատասենյակը գնացինք՝ «Գոյամարտ» գրքի շուրջ խորհրդակցելու։ Շատ լավ եմ հիշում իր զրույցը՝ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման թեմայի հետ կապված։ Միանշանակ հայտարարում էր, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմ սկսելու։ Սկսելու դեպքում, գիտի, խայտառակ ձևով պարտվելու է։ Ասաց՝ մենք հաղթողի հոգեբանություն ունենք։
- Գիտե՞ք ինչ է նշանակում Բանակում հաղթողի հոգեբանություն ունենալը,- ասում էր նա։
Գիտե՞ք ինչ է նշանակում, երբ դու կռվում ես քո տեղանքի, քո հողի համար։ Արցախցին ամեն մի թփի տեղն անգիր գիտի, ադրբեջանցուն «ծարավ կտանի ջուրը, հետ բերի»։
Մի այսպիսի համեմատություն արեց։ Նապոլեոնն ասում է, որ բարոյական ոգու տված առավելությունը 1-ը 3-ի հարաբերակցությամբ է: Արցախում այդ հարաբերակցությունը շատ ավելին է, անհամեստություն չթվա, եթե ասեմ, որ նույնիսկ Նապոլեոնը չէր կարող պատկերացնել, որ մեկը տասի հարաբերակցություն կարող է լինել։ Նա խոսում էր արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի 3000 վարձկանների մասին ու ասում՝ արտերկրից եկած մեր 280 կամավորներից յուրաքանչյուրը՝ սկսած Մոնթեից, 3000 վարձկան արժեր։ Ուրիշի հողի վրա կռվողը ուժ չի ունենում, ասում էր նա։
Մեր հրամանատարներից ում հետ զրուցում էի, առաջինը խոսում էին հայի ոգուց, հետո սպառազինությունից։ Ինչքա՜ն հրամանատարներից եմ լսել․ «Ադրբեջանցիները շատ արագ խուճապի էին մատնվում` թողնում-փախնում էին զրահամեքենայի միջից այն դեպքում, երբ ամենաապահով տեղը զրահամեքենան է` նստում ես մեջն ու շուրջդ մահ սփռում, չէին կարողանում ճիշտ օգտվել տեխնիկայից` նրանց օդաչուները ուկրաինացիներ էին, նրանք չունեին մեր կամքը, համառությունը` շատ եմ տեսել, ինչպես են խուճապահար փախչում»:
Հիմա ի՞նչ եղավ։ Նույն տղե՞րքը չեն, նույն կռվողնե՞րը չեն։ Ինչու՞ կոտրվեց Բանակի ոգին։ Ինչու՞ է թուրքը ծիծաղում մեզ վրա։
Այս ամենը պարտված ղեկավարին առաջնորդ կարգելն է։ Այս ամենը պարտվողի հոգեբանությունն է։ Եթե առաջնորդը ձեռքերը բարձրացնում է թշնամու առաջ, զորքը հետ է քաշվում։ Ո՜նց կարելի էր պարտված Բանակի ոգին բարձրացնելու փոխարեն, ջնջխել զինվորականությանը։
Բանակին հաղթում են ոգին կոտրելով։ Ներսից Բանակի ոգին են կոտրել, դրսից «վրա են տվել»։ Ո՜Նց կարող է գերագույն հրամանատարն ասել, որ 11 հազար դասալիք ունենք, ո՜նց կարող են այդքան նսեմացվել, հետապնդումների ենթարկվել հերոսները․․․
Կարծիքներ