«Հրապարակ». Եթե Նիկոլ Փաշինյանն ինքն իրենով չգնա, ժողովրդական մեծ ընդվզում կլինի

«Էվկլիդեսը դեռ 2500 տարի առաջ է ասել՝ «բաժանիր, որ տիրես»։ Սա մաթեմատիկական ձեւակերպում է այն մասին, որ բարդ խնդիրները պետք է բաժանել փոքր մասերի եւ քայլ առ քալ լուծել։ 2018 թվին իշխանության եկած ՔՊ-ն 7 տարի է՝ դա է անում։ Բայց ես այն կարծիքին եմ, որ նորից միավորվել հնարավոր է․ուղղակի պետք է ճիշտ դիրքավորվել եւ ամբողջ ռեսուրսը կենտրոնացնել Փաշինյանի հեռացմանն ուղղված քայլերի գրագետ կազմակերպմանը»,- «Հրապարակի» հետ զրույցում ասում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, մաթեմատիկոս Վիտալի Մանգասարյանը։
Ըստ նրա՝ ՔՊ-ն իշխանազավթման առաջին օրվանից ժողովրդին հների-նորերի, սեւերի-սպիտակների բաժանելով ու մանիպուլացնելով` արեց իր սեւ գործը։ Հիմա էլ Փաշինյանը խորհրդարանական ֆրակցիան է մասնատում, ինչը, զրուցակցիս կարծիքով, առաջին հայացքից անտրամաբանական է թվում, բայց իրականում միտված է իշխանությունը վերարտադրելուն։
«Հասարակությանն ամենօրյա ռեժիմով հոգեբանական սթրեսի ենթարկելն անհետեւանք չի մնա։ Եթե Նիկոլ Փաշինյանն իրենով չգնա, ժողովրդական մեծ ընդվզում կլինի։ Հիմա ավելի, քան երբեւէ, ահռելի գործ ունի անելու ընդդիմությունը․պետք է ճիշտ գնահատի մարդկանց տրամադրություններն ու ըստ այդմ` գործողություններ իրականացնի»,- ասում է Մանգասարյանը։ Նա համոզված է, որ հիմա ճիշտ պահն է՝ օգտվելու Փաշինյանի գահավիժող վարկանիշից եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա հակահայ հայտարարությունից։ Ասում է՝ ՔՊ խմբակը փորձում է լզողել եւ, ինչպես միշտ, հասարակությանը մեղադրել վարչապետի ասածը ճիշտ չհասկանալու համար, բայց յուրաքանչյուր միջին վիճակագրական քաղաքացի արդեն գիտակցում է, որ գործող իշխանությունից ամեն վատ բան կարելի է սպասել։
Մանգասարյանի խոսքով՝ Փաշինյանի հայտարարության իրական հասցեատերը թուրք-ադրբեջանական տանդեմն է։ «Չէ՞ որ Ալիեւն ասում է՝ պետք է պայքարենք ֆաշիզմի դեմ։ Նիկոլն էլ պայքարում է եւ այդ մասին ազդակ ուղարկում գործընկերոջը։ Օրինակ, արցախցի գիտնականը ՖԲ-ում ստատուս է գրում եւ հրապարակում Երեւանի սրտում ադրբեջանցիների լկտի պահվածքի մասին տեսանյութը, եւ ԱԱԾ-ն նրան ձերբակալում է, քրեական գործ է հարուցվում։ Կամ` տուրք տալով Թուրքիայի անթաքույց ցանկությանը, հայտարարում է, թե պետք է անուն-ազգանուններով նույնականացվեն բոլոր ցեղասպանվածները։ Այս խայտառակությանը նույնիսկ Լեմկինի ինստիտուտն է անդրադարձել։ Սա ինդիկատոր է, որ չենք կարող հաշվի չառնել»,- ասում է մեր զրուցակիցը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ ինչ-ինչ կենտրոններից թելադրվելու կասկածներին, Մանգասարյանի դիտարկմամբ՝ այդ թելադրանքն իրականացվում է Բաքվից ու Անկարայից։ «Եթե այդ քաղաքներից որեւէ հայտարարություն է արվում, այստեղ սկսում են խոսել այն մասին, որ դա հենց հայկական կողմի գաղափարն է եղել։ Օրինակ, Ալիեւը խոսում է սահմանադրությունը փոխելու մասին, մերոնք դա այնպես են փաթեթավորում, ասես հենց իրենց մտահղացումն է։ Կամ` պաշտոնական Ադրբեջանը անխոչընդոտ ճանապարհի մասին է ասում, սրանք փորձում են վերակենդանացնել Մեղրիի հին թեմայով եւ սկսում են վերլուծել «անխոչընդոտ» տերմինը, որը մինչեւ այդ իրենց խոսույթում չի եղել։ Այսինքն, բացում են Օվերտոնի պատուհանը եւ աղբը կամաց-կամաց լցնում են հասարակության ուղեղի մեջ։ Նույն սցենարը գործեց Արցախի դեպքում։ Մինչեւ Պրահայի հայտարարությունը, Նիկոլն ասում էր՝ Արցախը նախկիններն են հանձնել։ Մինչդեռ նրա պլաններում Արցախը միշտ ադրբեջանական է եղել։ Նույն տրամաբանությունը գեներացնում են նաեւ Մեղրիի շուրջ, որ եթե ինչ-ինչ զարգացումներ լինեն, հարվածի փայատեր դարձնեն նաեւ նախկիններին։ Այսինքն, ամեն ինչ անում է, որ գլոբալ հարցերի շուրջ կոնսենսուս ձեւավորի նախկին ղեկավարների դեմ»։
Մանգասարյանն ուսումնասիրել է նաեւ հասարակական դժգոհությունները՝ սոցիալական ոլորտում։ Ասում է՝ առեւտրականի հոգեբանությամբ գործող իշխանությունը սկսել է հետքայլեր անել․երկարաձգել է եկամուտների համընդհանուր հայտարարագրի վերջնաժամկետը, տրանսպորտի 300 դրամը նվազեցրել է 150-ի, եւ չի բացառվում, որ էլի կնահանջի։ «Սրանք մտածում են՝ եթե կարողացանք Արցախի թեման փակել ու մարսել, սոցիալականն էլ կմարսենք։ Բայց ես հույս ունեմ, որ ճիշտ դիրքավորվելու եւ ռեսուրսները խելացի բաշխելու դեպքում հնարավոր կլինի ազատվել այս իշխանությունից»,- մեր զրույցը լավատեսորեն եզրափակում է վերլուծաբանը։
Արեգ Մարգարյան
Կարծիքներ