Աշխարհահռչակ երաժիշտները դատապարտում են պատերազմն Արցախում 

Աշխարհահռչակ երաժիշտները դատապարտում են պատերազմն Արցախում 

Աշխարհահռչակ հայ օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը, ով բնակվում է Գերմանիայում, հայ-ադրբեջանական պատերազմի առնչությամբ խոսք է ուղղել իր այլազգի լսարանին, ընկերներին ու կոլեգաներին․

«Լռել այլեւս չի էլ կարելի… եւ միթե արվեստի միջոցով չէ, որ շատ հարցեր ենք լուծում, միթե մենք՝ արտիստներս չենք, որ խաղաղության, սիրո, պատերազմների եւ ահաբեկչությունների դադարեցման կոչերով ենք մշտապես հանդես գալիս, միթե մենք չենք, որ պիտի չլռենք ու կանգնենք հանուն արդարության եւ արդարադատության: Ընկճված եմ շատերի լռությունից եւ չեզոք դիրքորոշումից՝ այն դեպքում, երբ շատերն իմ շրջապատից ամեն առիթի ակտիվ կանգնում են հանուն կենդանիների, ծառերի ու նմանատիպ տարատեսակ խնդիրների պաշտպանության եւ ստատուսներով ու նամակներով ողողում բոլորիս էջերը… ընկճված եմ, ներեցեք… ազգս միայնակ կենաց ու մահու կռիվ է տալիս եւ պայքարում է գոյատեւելու ու ապրելու իր արդար իրավունքի համար, պատերազմում է հազարամյակների մեր սուրբ հողը պաշտպանելու համար եւ 100 տարի անց նորից կանգնած է բնաջնջման վտանգին դեմհանդիման… Պատերազմ է, սարսափելի պատերազմ, որի ողջ պատասխանատվությունը կրում են թուրք-ադրբեջանական ահաբեկիչները` իրենց ահաբեկիչ վարձկաններով… իրավիճակը սարսափելի է… իսկ միջազգային հանրությունը, ա՜խ, ինչ ասեմ… միջազգային հանրությունը լուռ է, էլի լուռ...։ Լռությունը նույն հանցագործությունն է: Էլի հայերիս կոտորում են, ու էլի աշխարհը չեզոք դիրք է գրավել... ո՞ւր են ժողովրդավար երկրների օրենքներն ու մարդասիրական դիրքորոշումը… ո՞ւր են իմ ընկերները, ովքեր սիրո խոսքեր էին շռայլում ինձ ու հայերիս, ո՞ւր են իմ ազգով ու ինձնով հիացողները եւ նրանց վերաբերմունքն ու արձագանքը»,-մասնավորապես ասել է նա:

Այս օրերին դասական երաժշտության բնագավառի հայ եւ այլազգի կարկառուն դեմքերից ի նպաստ Հայաստանի հանրայնորեն իրենց դիրքորոշումն են հայտնել մի շարք երաժիշտներ եւս․ նրանց թվում են ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահարներ Նարեկ Հախնազարյանը, Սթիվեն Իսերլիսը (Անգլիա), Ալեքսանդր Չաուշյանը, ջութակահարներ Լեւոն Չիլինգիրյանը (Անգլիա), Բորիրս Բրովցինը (Ավստրիա), դաշնակահարներ Եվգենի Կիսինը (Իսրայել), Ֆրանսուա Ֆրեդերիկ Գին (Ֆրանսիա), կոմպոզիտոր Դեն Եսյանը (ԱՄՆ), ալտահարուհի Դիմուտ Պոպենը (Գերմանիա), դիրիժորներ Ջանլուկա Մարչանոն (Իտալիա), Պոլ Էմանուել Թոման (Ֆրանսիա) եւ այլք: