Պետությունը պատասխանատվությունը գցեց դպրոցների վրա, դպրոցները՝ ծնողների

Պետությունը պատասխանատվությունը գցեց դպրոցների վրա, դպրոցները՝ ծնողների

Սպասելի էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարը դպրոցներում «ուզվորության» պատճառ էր դառնալու։ Դասերը դեռ չսկսված՝ Էջմիածնի 9-րդ հիմնական դպրոցի ծնողներն արդեն իրար են անցել․ գումար են հավաքում, որ դիմակներ, ալկոգել, թաց անձեռոցիկ ու էլի ինչ-որ նյութեր գնեն՝ երեխաների հետ դպրոց ուղարկելու համար։
Ներկայանալ չցանկացող ծնողներից մեկի փոխանցմամբ, 9-րդ դպրոցի 2-րդ դասարանում սովորող իր երեխայի դասղեկն ասել է, որ ախտահանիչ միջոցները ծնողները պետք է գնեն։ «Հետն էլ մատնացույց է անում, թե որ ալկոգելից պետք է գնենք։ Իբր էժանները, որոնց մեջ գելը խիտ է, էֆեկտիվ չեն, խորհուրդ է տալիս գնենք ավելի թանկը՝ սպիրտի շատ քանակությամբ՝ ցողային շիթով ալկոգելները»։
Ծնողներից մեկն էլ, որի երկու երեխաները սովորում են Էջմիածնի երկու տարբեր դպրոցներում՝ մեկը 9-րդ հիմնականի 2-րդ, մյուսը՝ 2-րդ ավագ դպրոցի 10-րդ դասարաններում, ասաց․ «Երկու դպրոցից էլ պահանջել են, որ հիգիենայի պարագաները մենք գնենք, քանի որ դպրոցներն այնքան հնարավորություն չունեն, որ ամեն օր մեր երեխաներին ախտահանիչ միջոցներ տրամադրեն»։

Ըստ երկրորդ ծնողի հաշվարկի՝ նվազագույնը երեք դիմակ ու թաց անձեռոցիկ գնելու դեպքում մեկ երեխայի հաշվով օրական 550-600 դրամ է ծախսվելու։ «Եթե 10 օրը մեկ էլ սրան գումարենք 900-1100 դրամանոց ալկոգելը, ամիսը 10 հազարն անցնում է։ Դե արի ու էս ծանր պայմաններում էդքան գումար միայն դպրոցի համար առանձնացրու։ Բա ո՞ւր է պետությունը, ինչո՞ւ տեր չի կանգնում իր դպրոցին, հո մենակ սահմանափակումներ անելով չի՞․․․ Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ պատասխանատվությունը թողնել դպրոցների վրա։ Հարգարժան ԿԳՄՍ, իսկ դուք տեղյա՞կ եք՝ դպրոցներն այդ միջոցներն ունե՞ն, որ ամեն օր ախտահանիչ նյութեր գնեն։ Մի կողմից զայրացած եմ, որ դպրոցը մեզ վրա է դնում այդ պարտականությունը, մյուս կողմից՝ իրենց էլ եմ հասկանում՝ ինչպե՞ս դրա տակից դուրս գան»։

Զրուցեցինք նաեւ 9-րդ դպրոցի ուսուցիչներից մեկի հետ։ Նա զարմացավ, որ դասղեկները ծնողներից ախտահանիչ միջոցներ են ուզել։ «Գուցե դասղեկնե՞րն են ինքնագլուխ գնացել նման քայլի, որովհետեւ տնօրենը ժողով է արել ու ասել՝ ծնողներից ոչինչ չպահանջեք։ Թե հիմա ոնց է եղել, որ որոշները տնօրենի գլխից «թռել» ու ինքնագլուխ բաներ են արել, մեկնաբանել չեմ կարող»։

Հիշեցնենք, որ կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում որոշում է ընդունվել հանրակրթական հաստատությունների համար պաշտպանիչ միջոցներ գնելու անհրաժեշտության մասին։ Ըստ այդմ՝ նախատեսվում է բժշկական դիմակներով ու ախտահանիչներով ապահովել թե՛ աշակերտներին, թե՛ ուսուցիչներին եւ թե՛ վարչական անձնակազմին։ Գումարը տրամադրվելու է պահուստային ֆոնդից։ Խոսվում է ավելի քան 200 մլն դրամի մասին։