Արաքս գետի աղտոտվածություն, Իրան-Հայաստան երրորդ էլեկտրացանց․ իրանական կողմի բարձրացրած հարցերը

Արաքս գետի աղտոտվածություն, Իրան-Հայաստան երրորդ էլեկտրացանց․ իրանական կողմի բարձրացրած հարցերը

Հունվարի 22-ին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում անդրադարձ է եղել նաև հայ-իրանական սահմանով անցնող Արաքս գետի աղտոտվածությանը, Իրան-Հայաստան էլեկտրացանցի (էլեկտրահաղորդման երրորդ գիծ) գործարկմանը։

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ (25․01․2021)՝ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը Հայաստանի Քերոբյանի հետ հանդիպմանն ասել է, որ ուսումնասիրվել է Իրան-Հայաստան երրորդ էլեկտրացանցն ավարտելու հարցը, և այն կգործարկվի 2021-ի առաջին կեսին:

Կողմերը քննարկել են նաև Արաքս գետում աղտոտվածության հարցը:

«ՄԵՀՐ»-ի հաղորդմամբ (25․01․2021)՝ հանդիպմանն Իրանի էներգետիկայի նախարարն ասել է, թե «մենք ակնկալում ենք, որ Հայաստանը ավելի լուրջ կվերաբերվի Արաքս գետից աղտոտվածությունը վերացնելուն»:

«Այսօր և այս հանդիպմանը քննարկվել է երկու երկրների միջև երրորդ էլեկտրահաղորդման գծի ավարտի հարցը, և չնայած աշխատանքը ընդհատվել է Կորոնավիրուսի համատարած բռնկման պատճառով, այն գործողության մեջ կլինի այս տարվա առաջին կեսին»,- ասել է իրանցի նախարարը։

«Հայ նախարարը խոստացավ, որ իր երկիրն ամեն ինչ կանի գետի աղտոտվածությունը վերացնելու հարցում»,- գրել է «ՄԵՀՐԸ»:

Քերոբյանը հավելել է, որ Իրան ուղևորվելուց առաջ մեկնել է տարածաշրջան ու մոտիկից ծանոթ է գործողությունների ընթացքին, հույս է հայտնել, որ այս հարցը հնարավորինս շուտ կլուծվի:

Ըստ Իրանի և Հայաստանի միջև համաձանությունների՝ Թեհրանում 2019 թվականի հուլիսին Համատեղ միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նստաշրջանին որոշվել է, որ երկու երկրների միջև երրորդ էլեկտրահաղորդման գծի նախագիծը պետք է ավարտված լինեին մինչև 2020-ի վերջը։ Ասել է Իրանի էներգետիկայի նախարարի արտաքին գործերով տեղակալը։

«ԻՌՆԱ»-ի փոխանցմամբ՝ (26․01․2021) Իրանի գիտության և տեխնոլոգիայի հարցերով փոխնախագահ (Իրանի փոխնախագահ) Սորենա Սատթարին երեքշաբթի օրը՝ հունվարի 26-ին, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ գիտության հարցերով տեղակալը պատրաստ է իր ամբողջ փորձով կիսվել Հայաստանի հետ։

Սատթարին Քերոբյանի հետ բանակցություններ է վարել երկու երկրների միջեւ տեխնոլոգիական հարաբերությունների զարգացման համար պայմաններ ապահովելու նպատակով, հաղորդել է լրատվամիջոցը: Երկու կողմերը վերանայել են միջգործակցության ու շրջանառության զարգացման պայմանները:

Իրանի փոխնախագահը նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև համատեղ տեխնոլոգիական նախագծերի իրականացումը էական է, քանի որ դա ոչ միայն կօգնի զարգացնել երկու կողմերի հաղորդակցությունները, այլև կհանգեցնի փոխադարձ գործակցության ամրապնդմանը: «Համատեղ հանդիպման ժամանակ Քերոբյանն ասել է, որ Հայաստանը լիովին համաձայն է իրականացնել Իրանի և Հայաստանի միջև համատեղ նախագիծ Տեխնոլոգիական կայանի ոլորտում»: