Էջմիածնի քար լռության աղմուկը կամ կոչ Վեհափառին…
Մայր Աթոռը լռում է
Արցախում աղետ է: Էթնիկ զտման, ցեղասպանության ականատեսն ենք… Պատերազմը շարունակվում է: Հայաստանում քաոս է: Բողոքի ալիքն օրեցօր աճում է, ներքաղաքական ճգնաժամը ժամ առ ժամ հասունանում: «Փրկիչների» շքերթ է… Իրական առաջնորդ չկա: Ինքնաբուխ հավաքները երբեմն վերածվում են վտանգավոր բռնկման: Մայրաքաղաքում ամենուրեք իրականացվում են անհնազանդության ակցիաներ, փողոցները պարալիզացվում են, կաթվածահար անելով մայրաքաղաքի ողջ երթևեկությունը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդես է եկել «Համազգային զորաշարժի» կոչով: Վերջինս իր զորակցութունը հայտնելով Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքին՝ հորդորում է համայն հայությանը ոտքի կանգնել, միավորվել, ընդվզել: Միաժամանակ նա հոգևոր, քաղաքական, պետական ղեկավարների հանդիպումներ է առաջարկում, որտեղ կքննարկվեն Արցախի ու Հայաստանի առաջ ծառացած մի շարք խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերվող հրատապ հարցեր: Այս համատեքստում ակամա առաջանում է տրամաբանական հարց. Այս օրհասական պահին որտե՞ղ է Վեհափառ Հայրապետ, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ինչո՞ւ առ այսօր Մայր Աթոռը հանդես չի եկել որևէ կոչով ու հորդորով… Ձայն բարբառո անապատի… Մայր Աթոռը լռում է… Ու՞ր է մեր հոգևոր առաջնորդն իր իր ազդեցիկ խոսքով, առաջարկներով հանդերձ…
Նորին Սուրբ Օծություն Գարեգին Բ, միգուցե պետք է հիշեցնե՞լ Ձեզ, թե ինչ առաքելություն է ստանձնել Հայոց եկեղեցին նման արհավիրքների ժամանակ, թե ո՞րն է Հայ առաքելական եկեղեցու տեղն ու դերը մարդկանց և պետության կյանքում, հայ ժողովրդի ազգային ինքնության և հայապահպանության գործում: Ավելին՝ որ պետականության բացակայության կամ անարխիայի պայմաններում հենց Հայ առաքելական եկեղեցին է ստանձնել ազգապահպանության գործը։
Հարգելի՛ Վեհափառ, պատմական համատեքստում Հայ առաքելական եկեղեցին ինքնին մշտապես դրսևորվել է որպես քաղաքական կառույց և եղել է քաղաքական գործընթացների մշտական մասնակիցը։ Ուստի դժվար է պատկերացնել երկրի քաղաքական կամ հանրային կյանքը առանց եկեղեցու վճռորոշ դերակատարության:
Չեք կարծու՞մ, որ ժամանակն է հանդես գալու կոչով: Չեք կարծու՞մ, որ հապաղում եք, ստեղծում ամորֆի ու անտարբերի տպավորություն՝ այդ կերպ վարկաբեկելով և հեղինակազրկելով Մայր Աթոռը… Առանց այն էլ որոշակի վտանգավոր անվստահություն է ձևավորվել հայ եղեկեցու շուրջ…
Չեք կարծու՞մ, որ հայաստանյան 11, Հայաստանի տարածքից դուրս գործող և ձեզ ենթակա 6, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն 15 թեմերով հանդերձ անելիք ունեք:
Չեք կարծու՞մ, որ պետք է հանդես գաք համատեղ հայտարարությամբ և առաջարկներով…
Վեհափա՛ռ, կոչով հանդես գալու կոչ եմ անում… Պառակտվածություն, ներքին թշնամություն ու անկառավարելի անտագոնիզմ է ձևավորվում, ավելի շուտ՝ գեներացվում, քաղաքացիական բախումներ հրահրվում… Այդ ամենը մտահոգվելու լուրջ առիթ է տալիս… Հայ հասարակության մոտ ողբերգությունը նույն կերպ չի ընկալվում ու արտահայտվում… Ժողովրդի նյարդերը տեղի են տալիս, էմոցիաները գործողությունների տեսքով վտանգավոր դրսևորումներ են ստանում…
Վեհափա՛ռ, իսկ Արցախից պետք է «վախենալ» այն օրը, երբ անտուն, անօթևան 120 հազար մեր հայրենակիցները՝ վիրավորված, գուցե և զինված կմտնեն Երևան… Մանավանդ, երբ գործող իշխանությունները բացեիբաց հայտարարում են, թե «Ղարաբաղի հայերը տեսականորեն կարող են ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ» և որ «ԼՂ-ի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա»: Կարծում եմ, որ ինչպես ես, այդպես էլ Դուք միանշանակ հակադարձելով կպնդեք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նման չէ որևէ այլ կոնֆլիկտի, և առհասարակ՝ խիստ սխալ է համադրել այն որևէ կոնֆլիկտի հետ…
Փաստ է, որ Ադրբեջանը չի կարող երաշխավորել Արցախի հայ բնակչության ֆիզիկական գոյությունը: Նույնիսկ եթե երաշխավորի, ապա այն կարող ենք համարել սին ու սուտ խոստումներ: Միջազգային հանրությունը ևս ի զորու չէ ապահովել արցախահայերի անվտանգությունը, առավել ևս՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում…
Աներկբա է՝ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու գլխին կախված է գոյաբանական վտանգը: Վեհափա՛ռ, մենք չենք կարող թույլ տալ հայ ժողովրդի գլխին նոր ցեղասպանություն: Մենք չենք կարող հաշտվել ու համակերպվել այն մտքի հետ, որ կրկին գաղթական ենք, անհայրենիք, իսկ Հայաստանը՝ որբատուն:
Վեհափա՛ռ հայրապետ, արհավիրքից հետո վերահաս վտանգների բարձրաձայնում է սա: Ողբերգության շրջափուլը հաղթահարելու հրամայականն է:
Գործե՛լ է պետք…
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան
Կարծիքներ