Իրականացնում են վերապատրաստումներ

Իրականացնում են վերապատրաստումներ

Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնի՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, որոնք նախատեսված են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների համար:

Դասընթացին մասնակցել են 71 մասնագետներ Երեւանից եւ ՀՀ մարզերից: Օգոստոսի 15-ից մինչեւ նոյեմբերի 15-ը վերապատրաստված մասնակիցներից յուրաքանչյուրն իր մարզում եւ Երեւանում իրականացնելու է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների վերապատրաստում:

Վերապատրաստման նպատակն է՝ աջակցել հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման խորհրդի անդամներին՝ ունենալու անհրաժեշտ պատրաստվածություն եւ գիտելիքներ՝ խորհրդի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Միաժամանակ, ԿԶՆԱԿ հիմնադրամը շարունակում է իրականացնել ՀՀ ուսումնական հաստատությունների տնօրենների եւ տնօրենի տեղակալների վերապատրաստումները:

Ամռան ամիսներին վերապատրաստվել են ավելի քան 1940 տնօրեն եւ տնօրենի տեղակալ: Վերապատրաստումները շարունակվելու են մինչեւ սեպտեմբերի 15-ը, նախատեսվում է վերապատրաստել հանրապետության բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին եւ տնօրենի տեղակալներին: