Նուբարաշենի հրդեհները շարունակվում են, հիմա ո՞վ է վնասներ կրելու

Նուբարաշենի հրդեհները շարունակվում են, հիմա ո՞վ է վնասներ կրելու

Մի քանի օր է՝ Նուբարաշենի աղբավայրում հրդեհները շարունակվում են։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ հայտնեցին, որ այս պահին եւս Նուբարաշենում կան հրդեհի օջախներ, եւ ԱԻՆ մեքենաներն այնտեղ աշխատում են։ 

Անցած տարի, երբ մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնում էր «Սանիթեք» ընկերությունը, աղբավայրի պարբերական հրդեհների պատճառով այն մեծ վնասներ էր կրում։ Ընկերությունից մեզ ասացին, որ հաճախ քաղաքային իշխանությունները ծաղրում էին իրենց։ «Բնականաբար, «Սանիթեք» ընկերությունը կրել է մեծ վնասներ, մասնավորապես՝ վնասվել են աղբատար մեքենաները, երբեմն այնքան երկար էր տեւում հրդեհի մարման գործընթացը, որ ժամանած աղբատարը տեւական ժամանակ հնարավորություն չէր ունենում բեռնաթափելու աղբը, եւ խախտվում էր ողջ աղբահանության ժամանակացույցը: Նշեմ, որ բազմաթիվ նամակներ են գրվել քաղաքապետարանին, որ ինչ-որ լուծումներ տրվեն՝ հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար, ինչ-որ կերպ վնասները փոխհատուցվեն, սակայն այդ ամենը մնացել է անպատասխան, ու ոչ մի գործողություն չի արվել: Նմանատիպ իրավիճակի պատճառով, երբ հրդեհներ էին լինում ու դրանից բխող հետեւանքներ, քաղաքապետարանն անգամ ծաղրում էր ընկերությանը»,- ասացին «Սանիթեքից»։

Ինչպես հայտնի է, մայրաքաղաքի աղբահանությունն այս տարի իրականացնում է համայնքապատկան կազմակերպությունը, եւ թվում էր, թե Նուբարաշենի աղբավայրի հարցը պետք է առաջնահերթ լուծեին, որ գոնե այս անգամ համայնքային մեքենաները վնասներ չկրեին։ 
Հետաքրքիր է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Հայկ Մարությանը նուբարաշենցիներին խոստացել էր այնպես անել, որ Նուբարաշեն ասելիս աղբավայր չպատկերացնեն։ «Նուբարաշենի թիվ մեկ խնդիրը տարիներ շարունակ մնում է աղբավայրի վիճակը․ այստեղ ընտրությունից ընտրություն խոստումներ են հնչել, սակայն աղբը միայն շատացել է, իսկ աղբի վերամշակման գործարան այդպես էլ չի բացվել։ Մենք ունենք քաղաքական կամք եւ ամեն ինչ անելու ենք, որ այդ հարցը լուծենք: Մյուս ուժերը, ինձ թվում է, չունեին այդ կամքը, որովհետեւ այնպիսի խնդիրներ են մնացել օդում, որոնք 100 տոկոսով հնարավոր էր լուծել, բայց չեն լուծվել: Պարզ է դառնում, որ իրենց մոտ միշտ շահերի բախում է եղել: Օրինակ՝ եթե լուծվում էր տրանսպորտի հարցը, ապա այդ բիզնեսում ներգրավված շատ մարդիկ տուժելու էին: Մենք մեզ կաշկանդող ոչ մի հանգամանք չունենք»,- ասել էր Մարությանը։ Մարությանի պաշտոնավարումից անցել է երկու տարի, աղբի վերամշակման գործարան չի կառուցվել, Նուբարաշենի աղբավայրն էլ շարունակում է այրվել։

Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ Նուբարաշենի աղբավայրի, աղբամշակման գործարան կառուցելու մասին խոսել են բոլոր նախորդ իշխանությունները, բայց դա մնացել է որպես անկատար երազանք։ Լրագրողական հարցումներին ի պատասխան՝ մեզ ասում էին, որ նման գործարանի կառուցումը շատ բարդ ու ծախսատար գործ է, եւ ամենակարեւորը՝ մեզանում աղբի տեսակավորում չի կատարվում, ինչը պարտադիր պայման է աղբի վերամշակման համար։ 
Հիմա մայրաքաղաքում մի քանի տեղ աղբամաններ են տեղադրվել՝ տեսակավորված աղբի համար, բայց վստահ չենք, որ մեր բնակչությունն իր տնից աղբը կհանի արդեն տեսակավորված եւ կօգտվի այդ աղբամաններից։