Մյունխենյան «եվրատեսիլի» հաղթողը

Մյունխենյան «եվրատեսիլի» հաղթողը

Կարող ենք համարձակ ասել, որ Գերմանիայում տեղի ունեցած խաղաղության «Եվրատեսիլում» միջազգային հանրությունն ականատես եղավ քաղաքական մեգագալակտիկայում նորագույն աստղի ծագմանը, որը կկոչվի Նիկոլ Փաշինյան, քանզի բացառապես նրա ցուցաբերած բանակցային մաստեր-կլասի արդյունքում տեղի ունեցավ այն դարակազմիկ իրադարձությունը, որ բավարարեց բոլորին՝ անտարբերներից մինչեւ սրիկաներ, քաղաքական առեւտրականներից մինչեւ պատահական դիտորդներ:

Նոր աստղի ծննդյան լուրը լույսի արագությամբ հասավ մինչեւ Հեռավոր Արեւելք եւ ամերիկյան մայրցամաք: Հայաստանյան իմքայլական հանրույթը ցնծում է, Ալիեւը լայն ժպտում՝ շեքսպիրյան ընտիր անգլերենով իրեն ասված ճշմարտություններից, Մամեդյարովը քիչ է մնում ընկնի աթոռից, քթի տակ խնդմնդում է Պորոշենկոն, որի ինտելեկտի մասին ասում են՝ կարտոֆիլին չի գերազանցում… Այսուհանդերձ, ով աչք ուներ, տեսավ, ով ականջ ուներ, լսեց, ով՝ ուղեղի նշույլ, հասկացավ, որ բանականության ասպարեզում տեղի է ունեցել անշրջելի բան: Կուզե՞ք, դա անվանեք միկրոհեղափոխություն, կուզե՞ք՝ մինի հեղափոխություն, բայց այդպես են ծնվում նորագույն աստղերը: Դատեք ինքներդ: Փաշինյանն ինչքան էլ զգուշավոր էր պահում իրեն, անգամ հայտարարեց, որ 30 տարվա կոնֆլիկտը մի հարվածով չի կարող կարգավորվել, քիչ էր մնացել հենց մյունխենյան թոք-շոուի ժամանակ լուծեր Արցախի հարցն ու «քյաստմ» տար ՄԽ համանախագահների ու Կասպրչիկի 30-ամյա դեգերումներին: Չանդրադառնալով շոուի այլ մանրամասներին՝ արձանագրենք միայն քաղաքական գերաստղի ծնունդը:

Մի փոքր էլ՝ Տիգրան Մեծի մասին: Մենք հերոսներ շատ ենք ունեցել, օրինակ՝ Վարդան Մամիկոնյանը, բայց մեծը, բոլոր ժամանակներում Տիգրանն է: Փաշինյանը պատահաբար չհիշեց հենց նրան, քանզի Ալիեւն ու իր ցեղը միանշանակ բացակա են եղել Տիգրանի ժամանակներում: Փոխարենը Տիգրանի հողերի վրա այսօր նստած է Ալիեւի մյուս եղբայրը՝ Էրդողանը, որ, վստահաբար, հետեւում էր մյունխենյան «սուր բանավեճին» ու կրճտացնում ատամները: Փաշինյանը նրան ուղղակի կոչ արեց՝ «թե քնած ես, վեր կաց կանգնիր, թե կանգնած ես՝ զենքդ կապիր, թե կապել ես՝ ձի հեծնիր, որովհետեւ գալիս եմ հեղափոխություն անեմ, մեր եղածը մեզանով անեմ»: Հապա մի ասա՝ Tigran the Great?… Հա, հենց անգլերեն, որ բոլորի ծնոտները կախվեն… Բա չէ, հավես կա Ղարաբաղի միկրոխնդիրների շուրջ գլուխ ցավեցնելու: Բա մենք Tigran the Great-ը լինենք, ու մեզ ասեն վենետիկ-մենետի՞կ: Այնպես խմբագրենք համաշխարհային լիդերներին, որ իմանան որտեղ ինչ են խոսում: Եվ, առհասարակ, ժամանակն է, որ այդ գերտերություններում թավշյա հեղափոխություններ տեղի ունենան կամ, առնվազն, մինի հեղափոխություններ ու հենց Փաշինյանի սցենարով: 

Իսկ հիմա գանք մեր ոչխարներին: Ինձ համար միանգամայն անհասկանալի պատճառներով Փաշինյանի՝ Հայաստան վերադարձող օդանավը հայ ժողովուրդը չբռնեց օդում եւ իր ուսերի վրա չբերեց Հանրապետության հրապարակ: Սա ի՞նչ մոտեցում է: Քիմ Քարդաշյանը գալիս է՝ օդանավակայանում դիմավորողների ասեղ գցելու տեղ չի լինում: Բա Նիկոլ Փաշինյանին ինչո՞ւ այդպես չդիմավորեցիք: Որ ասում են Պողոս՝ Պողոս ենք, հո զոռով չի՞:

Ինչեւէ: Քանի Փաշինյանը Գերմանիայում էր, նրա հայաստանյան շկոլայի ռահվիրաները խայտառակ մուտիլովկաներով էին զբաղված, այսինքն՝ մինի հեղափոխություններով՝ հայաստանյան ձեւով: Լեւոն Տեր-Պետրոսյանին հարող կայքերից մեկը, օրինակ, հոդված հրապարակեց՝ «Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում, եւ ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի» խայտառակ վերնագրով, որ ծայրից ծայր հայ-ղարաբաղյան «հակամարտության» մասին է, եթե չասեմ՝ «թշնամության»: Ու էս հոդվածի հեղինակն անգամ չի էլ մտածել՝ լավ, մեր վարչապետը Մյունխենում կռիվ տա, իսկ ես այստեղ վարչապետի տակ ասեղ դնե՞մ: Գիտե՞ք, թե արդեն քանի հոգի է դիմել ԱԱԾ, որ այս հոդվածի հեղինակի ինքնությունը պարզեն: Ասա՝ անվտանգությունում տեղից շարժվո՞ւմ են: Թողնես՝ ՀԴՄ չտպող վաճառող բռնեն, մարդկանց տանիքները բարձրանան, բայց որ հերթը հասնում է Նիկոլ Փաշինյանի տակ դրված ասեղին՝ չեն տեսնում: Բա որ մեր գերաստղը նստի վրա՞ն:

Ապրիլի 5-ի պլեբիսցիտը, վստահաբար, ոչ այլ ինչ է, եթե ոչ մինի հեղափոխություն հայկական ձեւով, այսինքն՝ մուտիլովկա: Սա Փաշինյանի նախաձեռնությունը չէ, չսխալվեք: ՍԴ-ի դեմ այս խաղը, ինչպես գիտեք, սկսել էին մի մարդու՝ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելու գործողությամբ: Իսկ բուն պատճառը ՍԴ-ի հայտնած կարծիքն էր, որ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը, այն է՝ «սահմանադրական կարգի տապալման փորձ», չի կարող կիրառելի լինել իր պարտականություններից բխող որոշումներ կայացրած նախագահի նկատմամբ:

Եվ մեր համաշխարհային գերաստղի չափանիշներին համապատասխանող վարչապետը դիմել է աշխարհացունց գործողությունների, ինչպիսիք էին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հետողորմյան, դատավորների եւ դատարանների նկատմամբ սկսված տեռորը, ԱԱԾ-ին տանիքներ հանելը, Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին վախեցնելն ու նրա մերձավորներին կալանավորելը: Մի խոսքով՝ գերաստղին չսազող բաներ, որոնց արդյունքը զրոյական է բոլոր առումներով: Ի վերջո, օրենքների ոտնահարման գնով հանգեցին պլեբիսցիտի տարբերակին: Դա կնքեցին «հանրաքվե» շքեղ անունով ու դրեցին ժողովրդի առաջ՝ հավատացնելով, թե ուզում են իմանալ հանրության կարծիքը ՍԴ դատավորների մասին: Սակայն նույնիսկ Պողոսին է հայտնի, որ պրոցեսը տեղի է ունենում օրենքի կոպտագույն խախտումներով եւ նպատակ ունի ձեւավորել իշխանության հլու-հնազանդ դատարաններ՝ սկսած ՍԴ-ից եւ վերջացրած առաջին ատյանով: Պողոսը երբեք չի երազել ՍԴ նախագահ նշանակելու կամ նրան գործից ազատելու մասին: Պողոսն այսօր էլ հասկանում է, որ «Այո» ասելուց հետո ինքը չէ, որ ՍԴ նախագահ ու դատավոր է նշանակելու: Իր փոխարեն դա անելու են Նիկոլ Փաշինյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը ու էլի մի քանի հոգի, եւ ձեւավորվելու է այնպիսի ՍԴ, որ առանց աչքը թարթելու, հավանություն տա Արցախի հարցում մեզ պարտադրվող զիջումներին:

Ժամանակակից քաղաքականության մեջ, ինչպես գիտեք, պատմական քարտեզներով չեն առաջնորդվում: Փաշինյանը շատ լավ գիտեր այդ մասին եւ մյունխենյան թոք-շուուն հենց միտումնավոր վերածեց պատմական էքսկուրսի, որը, ճիշտ է, ծիծաղ էր առաջացնոմ «կիրթ» կողմի մոտ, բայց լավագույն միջոցն էր հերթական անգամ բանակցությունների ներկա հանգրվանը հանրությունից թաքցնելու համար: «Շուխուր» անելը լավ է ստացվում Փաշինյանի մոտ, բայց հենց հերթը հասնում է խելքով շարժվելուն, կարծես տանը մարդ չկա: Հայտարարիր, պարոն Փաշինյան, որ ստանձնում ես այս պլեբիսցիտի ողջ պատասխանատվությունը, որ ստանձնում ես ինքնասպանությունների երեւույթը բանակից վերացնելու պատասխանատվությունը, որ տեր ես հռչակածդ բարեփոխումներին ու վճռական ես տրամադրված դրանք կյանքի կոչելու հարցում:

Այլապես մարդիկ են այսօր հայտնվել իշխանական թագի շուրջ, որ մոլորեցնելով, քեզ նետում են կեղծ օրակարգերի հորձանուտը՝ վստահ, որ այդպես էլ չես կարողանալու իրականությունը տարբերել կեղծիքից, ծուռ հայելիների աշխարհից, Ֆեյսբուքից ու Ինստագրամից:

Մյունխենը դա՞ս էր: Այո: Հիշիր, որ միշտ թշվառ վիճակում է հայտնվելու ՀՀ այն ղեկավարը, որ կփորձի անտեսել իր ժողովրդի պատմության դասերն ու գնալ Մյունխեն՝ նոր հեծանիվ ստեղծելու: Մեծ քաղաքականության մեջ կարեւորն այն չէ, ինչ դու հայտարարում ես այդ պահին, այլ այն, որ քեզ հիմք է տալիս նման հայտարարություն անելու: Ի՞նչ է նշանակում՝ «Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ ասել եմ՝ հարցը պետք է կարգավորվի երեքի՝ Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով»: Սա ո՞ր հիմքով եք հայտարարում, պարոն Փաշինյան, եթե պարզ է, որ երկու ժողովրդի՝ հայերի եւ ադրբեջանցիների մասին է խոսքը: Սա, պատահաբար, մինի հեղափոխություն չէ՞, որն առաջին հերթին մեր դեմ է ուղղված: Այդ ճանապարհով որ շատ գնաք, իսկապես կարող եք մի գեղեցիկ օր գերաստղ դառնալ Ալիեւի, Ադրբեջանի ու ողջ աշխարհի թուրքական տարրի համար: Նման փորձ արածները մեզանում քիչ չեն: