ՄԻԵԴ որոշմամբ՝ ՀՀ-ն 3 միլիոն դոլար է վճարելու քաղաքացիներին

ՄԻԵԴ որոշմամբ՝ ՀՀ-ն 3 միլիոն դոլար է վճարելու քաղաքացիներին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին Երևանի փոքր կենտրոնում քաղաքացիների սեփականության օտարման պատճառով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի տասնյակ վճիռներ է կայացրել։

Ընդհանուր առմամբ՝ այդ որոշումներով ՀՀ կառավարությունը  իրենց տները կորցրած քաղաքացիներին պետական բյուջեից վճարել եւ պետք է վճարի 3 միլիոն դոլար։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը։

Բաղդասարյանի խոսքով՝ միայն Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների վերաբերյալ ՄԻԵԴ-ը 4 վճիռ է կայացրել, 5-րդի վերաբերյալ դեռ պետք է կայացնի․ «Հյուսիսային պողոտայի բնակիչներին վախեցնելով ստիպեցին պայմանագրերը ստորագրել, դրանից հետո Բուզանդի, Արամի փողոցից դիմադրությունը սկսվեց, տասնյակից ավելի գործեր գնացել են այդտեղից»։

Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ 2004-2006թթ․ իշխանությունների հարկադրանքով չնչին փոխհատուցմամբ ազատում էին օտարման գոտի ճանաչված իրենց տները, իսկ մի շարք դատավորներ էլ դրա վերաբերյալ կայացրել են վճիռներ։ Սակայն եթե տուժածների մի մասը փոխհատուցումները չստացան եւ պայքարեցին իրենց իրավունքների համար, վերջում էլ Եւրադատարանի որոշումներով մեծ փոխհատուցումներ ստացան, ապա մյուս մասը համաձայնեց փոխհատուցումներ ստանալ եւ զրկվեց այդ որոշումները բողոքարկելու հնարավորությունից։ Կային նաեւ այնպիսիք, ովքեր եւ փոխհատուցումները ստացան, եւ ՄԻԵԴ դիմեցին։