Ֆրանսիան ողջունել է հայ գերիների ազատ արձակումը և ականադաշտերի քարտեզների փոխանցումը

Ֆրանսիան ողջունել է հայ գերիների ազատ արձակումը և ականադաշտերի քարտեզների փոխանցումը

Ֆրանսիան ողջունել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումն ու Հայաստանի կողմից ականադաշտերի քարտեզների փոխանցումը։

Տեղեկանում ենք Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ կալանավորվածների [détenus arméniens] ազատ արձակումը, Հայաստանի կողմից ադրբեջանական Ֆիզուլի [Վարանդա] և Զանգիլան [Կովսական] շրջաններում [districts azerbaïdjanais de Fizouli et de Zangilan] ականադաշտերի քարտեզների փոխանցումը», - ասվում է Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին Նոյեմբերյան եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացման կոչ է արել։ «Հունիսի 11-ին առաջինից [հունիսի 11-ին Աղդամի ականադաշտերի քարտեզների դիմաց 15 հայ գերիների ազատ արձակումից] հետո, այս փոխանակումը կարևոր նոր ժեստ է՝ տեղում լարումները թուլացնելու և Կողմերի միջև վստահությունը վերականգնելու գործում: Ֆրանսիան Կողմերին 2020-ի նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունների իրականացման կոչ է անում, ներառյալ առարկայական երկխոսության [dialogue substantiel] վերահաստատումն ու դեռևս պահվող բոլոր հայ բանտարկյալների [la libération de tous les prisonniers arméniens] ազատ արձակումը», - նշել է ֆրանսիական դիվանագիտական գերատեսչությունը:

«Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում իր գործընկերների հետ Ֆրանսիան այս դրական դինամիկայի շարունակության կոչ է անում և ներգրավված է մնում կողմերի կողքին՝ Կովկասում տևական խաղաղություն կառուցելու համար», - եզրափակել է իր հաղորդագրությունն արտգործնախարարությունը:

Առաջին դեպքում Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայ գերիների մասով օգտագործել է «կալանավորվածներ», մյուս դեպքում՝ «բանտարկյալներ» եզրույթները։