Աշոտ Երկաթին թուրք-թաթարական դատարանները միայն կարող էին կալանավորել․ նա սրտի 7 վիրահատություն է տարել

Աշոտ Երկաթին թուրք-թաթարական դատարանները միայն կարող էին կալանավորել․ նա սրտի 7 վիրահատություն է տարել

«Մենք այստեղ ենք պարզապես նրա համար, որ ցույց տանք, որ մենք իսկապես օրինապահ մարդիկ ենք։ Այն դատախազությունը, որը իր հերոսին կալանավորելու սանկցիա կարող է տալ ու այն դատավորը, որը կարող է ընդունել այդ որոշումը, արդեն սլաքներն ուղղում են այն կողմ, որից պարզ է դառնում, որ արդեն կենտրոնանում են նրանց նկատմամբ, ովքեր այս երկրի համար արյուն են տվել»։

Այս մասին քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց գրականագետ, հայ բանասիրության ֆակուլտետի երկարամյա դասախոս Սերժ Սրապիոնյանը:

Նշենք,որ դատախազության շենքի դիմաց տեղի տեղի է ունենում «Ձայն հայրենեաց» նախաձեռնության և մշակույթի գործիչների ակցիան՝ արցախյան երեք պատերազմների լեգենդար մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանին կալանավորումից ազատելու պահանջով:

«Նրանք արյուն են տվել այս երկրի համար, նրանք երկիր են ստեղծել, նրանք վերականգնել են էս երկրի հազար տարվա պատմական սահմանները։ Ճիշտ է որոշ մասով են վերականգնել, բայց վերականգնել են։ Աշոթ Երկաթին, որին ես անձամբ ճանաչում եմ ու պատիվ եմ ունեցել նրա հետ հաց կիսելու, կարող եմ վստահ ասել, որ նրան կալանավորելու որոշում կարող էին կայացնել միայն ու միայն թուրք-թաթարական դատարանները։ Նա միայն թուրքի համար կարող է դիտվել որպես թշնամի։ Այս մարդը միայն տարել է սրտի վեցից յոթ վիրահատություն,հասկանու՞մ եք՝ ինչ են անում։ Նա առողջական խնդիրներ ունի, նրա հեռախոսի մեջ ծրագիր կար, որը նրան հուշում էր, թե որ ժամին որ դեղը պիտի խմի»,- ասաց նա։