Որտե՞ղ է այժմ Հարություն Մանուչարյանի տեղակալ Սամվել Հովսեփյանը

Որտե՞ղ է այժմ Հարություն Մանուչարյանի տեղակալ Սամվել Հովսեփյանը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ պարզվել է, որ վերոնշյալ անձինք, 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, Բերդ համայնքի ղեկավարի և «Ներքին Կարմիաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջև կնքված  աշխատանքային պայմանագիրը լուծելու և պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով, 2022 թվականի օգոստոսին վերջինիս հարկադրել են ընդգրկվել հիշյալ դաշինքում և նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Երեկ մենք գրեցինք, որ այս գործի շրջանակներում Բերդի համայնքապետի ԺՊ, գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանի տեղակալ Սամվել Հովսեփյանը բերման է ենթարկվել: Հարություն Մանուչարյանի որդին` Անուշավան Մանուչարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Սամվել Հովսեփյանն Իջևանի ոստիկանական բաժանմունքում է այժմ:

Մանուչարյանը նաև մեզ ասաց, որ այսօր ժամը հինգին տեղի է ունենալու վերոնշյալ գործի դատական նիստը, որից հետո որոշ հարցեր կստանան իրենց պատասխանները: Ըստ նրա` սա ևս քաղաքական հետապնդում է: