Մարգարիտա Գրիգորյանը «հավերժ է», իսկ «երազանքների» Հ1-ը՝ սարերի հետևում

Մարգարիտա Գրիգորյանը «հավերժ է», իսկ «երազանքների» Հ1-ը՝ սարերի հետևում

Երկրում իշխանափախությունից հետո գրեթե բոլոր ոլորտներում եղան կադրային փոփոխություններ, այդ թվում նաև Հանրային հեռուստաընկերությունում, սակայն Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը անսասան մնաց իր պաշտոնին։ Գրիգորյանից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում մնաց իր պաշտոնին՝ նկատի ունենալով, որ նրա ղեկավարծ Հ1-ը նախկինում անխնա քննադատվում էր այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Վարչապետը մեղադրում էր Հ1-ին հասարակությանը տեղեկատվական բլոկադայում պահելու մեջ, նույնիսկ հատուկ տերմին էր հորինել՝ «Հայլուրի Հայաստան», որում քաղաքացիները անհոգ էին ու ոչ մի բանի կարիք չունեին, իշխանությունը իդելական էր, երկրում չկար աղքատություն և այլն։ Մարգարիտա Գրիգորյանին ուղարկված մեր հարցմանն ի պատասխան Հ1-ից վստահեցնում են՝ «Որևէ պայմանավորվածություն չի եղել և չի կարող լինել»։

Հարցրել էինք, թե ե՞րբ է վերջանում Գրիգորյանի պաշտոնավարման ժամկետը և հնարավո՞ր է, որ նա կրկին առաջադրվի և նշանակվի Հ1-ի գործադիր տնօրենի պաշտոնում։ Պարզվում է Գրիգորյանը ամենևին էլ չունի ճամպրուկային տրամադրություն, նա ոչ մի տեղ էլ չի պատրաստվում գնալ, դեռ ավելին՝ կպաշտոնավարի այնքան, ինչքան որ կուզի։ Հ1-ից պատասխանել են՝ Մարգարիտա Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը անժամկետ է, և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում 2018-ին մտցված փոփոխությունը, ըստ որի սահմանվում է գործադիր տնօրենի պաշտոնավարման ժամկետ, Գրիգորյանի վրա չի ազդում․

«Մարգարիտա Աշոտի Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնին նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2013 թվականի հուլիսի 10-ի  թիվ 27-Ա որոշման հիման վրա՝ գործադիր տնօրենի թափուր տեղի մրցույթում հաղթող ճանաչվելու արդյունքում։ 

Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թ․հուլիսի 10-ի թիվ 27-Ա որոշման հիման վրա Մարգարիտա Գրիգորյանի հետ 2013 թվականի հուլիսի 10-ին  կնքվել է աշխատանքային պայմանագիր։ Հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2013 թվականի հուլիսի 10-ին գործած խմբագրության՝ մասնավորապես 94-րդ և 95-րդ հոդվածների պահանջները և 2013 թվականի հուլիսի 10-ին գործած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին»  ՀՀ օրենքում Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնավարման ժամկետ սահմանող նորմի բացակայությունը՝ Մարգարիտա Գրիգորյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը սահմանվել է անորոշ։ 

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում ընտրված անձի պաշտոնավարումը որոշակի ժամկետով սահմանելու պահանջը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում ներառվել է 2018 թվականի մարտի 23-ի Թիվ ՀՕ-153- Ն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որը ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 1-ին։

 «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի կատարված և արդեն իսկ սույն գրության մեջ նշված փոփոխությունը որևէ կերպ չի անդրադարձել և չէր կարող հանգեցնել Մարգարիտա Գրիգորյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը փոխելուն և նոր, որոշակի ժամկետով սահմանելուն հետևյալ պատճառաբանությամբ․

2018 թվականի ապրիլի 1-ին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ  «Իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն՝ ունի հետադարձ ուժ, միայն սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում»։

«Հեռոււստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  2018 թվականի մարտի 23-ի թիվ Թիվ ՀՕ-153- Ն  ՀՀ օրենքը հետադարձ ուժ տալու մասին որևէ նշում չունի։

Այսպիսով  այդ օրենքին հետադարձ ուժ տալու մասին դրույթի բացակայության պայմաններում Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնավարման ժամկետ չի փոխվել։ Այսինքն՝ գործադիր տնօրենը պաշտոնավարելու է անորոշ ժամկետով»,- նշված է Հ1-ի պատասխանում։

Նախկին իշխանության օրոք այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մշտապես մեղադրում էր Հանրային հեռուստաընկերությանը օրվա իշխանության խոսափողը լինելու մեջ, Գրիգորյանին հարցրինք՝ Առաջին ալիքը այսօր և՞ս իշխանության խոսափող է։ Եթե ոչ, ապա նախկինում եղե՞լ է։ Ի պատասխան հարցին՝ Հ1-ից ստացել ենք յուրահատուկ ինքնագովեստ․

«Հանրային հեռուստաընկերությունը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի համաձայն ապահովում է օբյեկտիվ լրատվություն՝ ղեկավարվելով անկողմնակալության, ժողովրդավարության, բազմակարծության սկզբունքներով, ինչպես նաև ապահովում է կարծիքի ազատ արտահայտման իրավունքի իրացում։ Դրա մասին վկայում են բազմաթիվ տեղական և միջազգային ուսումնասիրություններ։ Օրինակ՝ The Gallup Organization-ը International Republican Institute միջազգային կազմակերպության հարցման արդյունքներով՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը անցյալ տարի բարելավել է դիրքերը՝ բարձրանալով վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնական։ Հարցվածների մեծամասնությունը նշել է, որ  առավել հաճախ դիտում է Հանրային հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումները։

Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումների քաղաքականությունը ապահովում է լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրինությունը։ Վերջինս իր հերթին ներկայացնում է օբյեկտիվ լրատվություն և ապահովում կարծիքն ազատ արտահայտելու հնարավորությունը՝ առաջնորդվելով բազմակարծության սկզբունքով։ Հանրային հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումներին հյուրընկալվում են իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության անդամներ և ոլորտի փորձագետներ»։