Պուտինն է որոշել. Կրեմլն՝ Ասադի ճակատագրի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է որոշում կայացրել քաղաքական ապաստան տրամադրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, առանց պետության ղեկավարի՝ նման որոշումներ չեն կարող կայացվել։ Սա նրա որոշումն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ Ասադը ժամանել է Մոսկվա, որտեղ նրան քաղաքական ապաստան են տվել։
«Մենք հիմա ոչինչ չունենք ձեզ ասելու պարոն Ասադի գտնվելու վայրի մասին», - ընդգծել է նա։
Կրեմլի խոսնակին հարցրել են նաև՝ արդյո՞ք Պուտինը նախատեսում է հանդիպել Ասադի հետ։
«Նախագահի պաշտոնական գրաֆիկում նման հանդիպում չկա»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով, Ռուսաստանի ռազմական ներկայությունը Խմեյմիմում և Տարտուսում «լուրջ խոսակցության» առարկա է Սիրիայի ապագա իշխանությունների հետ, քանի դեռ տրանսֆորմացիայի շրջանն է ընթանում, փոխանցում է ՌԲԿ-ն։
«Հիմա մենք ականատես ենք տրանսֆորմացիայի նման շրջանի, ծայրահեղ անկայունություն է։ Ուստի, իհարկե, ժամանակ կպահանջվի, և հետո լուրջ խոսակցություն կպահանջվի նրանց հետ, ովքեր կլինեն իշխանության մեջ»,- ասել է Պեսկովը:
Կարծիքներ