Ինչպես է ընթանում նոր իշխանության ձեւավորումը Սիրիայում․ Ալեքսեյ Մակարկին
Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինը Սիրիայում նոր իշխանության ձեւավորման գործընթացի վերաբերյալ իր վերլուծականում գրում է․ «Օրեր առաջ հայտնի դարձավ, թե Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի կործանումից հետո ովքեր են լինելու սիրիական նոր կառավարության կազմում։ Այդ կառավարության մաս կազմեցին սիրիական էմիգրացիայի ներկայացուցիչները՝ Ասադի ժամանակների նախկին վարչապետ Ռիյադ Խիջաբի գլխավորությամբ։ Ասադին իշխանությունից փաստացի հեռացրած զինված ընդդիմության ղեկավարին այդ կառավարությունում վերապահվում էր միայն պաշտպանության նախարարի պաշտոնը։ Այլ անձ այդ խմբավորումից նոր կառավարության մեջ ներկայացված չէր։ Թվում էր, թե իշխանության հարցը գոնե ժամանակավորապես լուծվեց, սակայն այդ կառավարության մասին առաջին հրապարակումներից հետո արդեն ամեն ինչ շատ տարօրինակ նկատվեց փորձագետների կողմից։
Միայն այն, որ Դամասկոսի Օմայան խալիֆների մզկիթի նախկին իմամ Ահմադ Մոազ ալ-Խաթիբը պետք է դառնար նոր կառավարությունում գյուղատնտեսության նախարար, արդեն տարակուսելի էր։ Փորձագետները միանգամից հայտարարեցին, որ նման կառավարությունը ձեռնտու տարբերակ կլիներ թե Թուրքիային, թե սիրիական էմիգրանտներին, թե Արեւմուտքին։ Սակայն պարզվեց, որ ամեն բան այդքան էլ պարզ ու միագիծ չի կարող որոշվել եւ Ասադին իշխանությունից հեռացրած խմբավորման ղեկավար ալ-Ջուլանին որոշեց գնալ Մաո Ցզե Դունի հայտնի սկզբունքով՝ «Հրացանն է ծնում իշխանություն։ Եւ Իդլիբից Դամասկոս տեղափոխվեց այսպես կոչված «Սիրիայի փրկության կառավարությունը»։ Եւ հիմա Ասադի վարչակարգում աշխատած նախարարները նոր կառավարության նախարարներին են փոխանցում իրենց գերատեսչությունների հետ կապված գործերը։
Սակայն այստեղ էլ կան խնդիրներ։ Եթե ոչ ուժային նախարարների մասով փաստացի իշխանությունները խնդիրներ չունեն, ապա ուժային բլոկի նախարարների եւ բարձրաստիճան ներկայացուցիչների մասով ավելի ու ավելի են հաճախակիանում հրապարակումներն այն մասին, որ ռեպրեսիաներ են սպասվում կամ դրանք արդեն սկսվել են։ Վերլուծաբաններից շատերն արդեն շտապում են հայտարարել, որ նոր իշխանությունը Սիրիայում լինելու է իսլամիստական, թեեւ պաշտոնապես այդ մասին դեռ հայտարարություն չկա։ Արեւմուտքի համար, հատկապես, նման սցենարը ամենից ոչ ցանկալին է։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դեռ ոչ ոք ասել չի կարող։ Սակայն իսլամիստները չեն վարանել հայտարարել, որ տնտեսական հարցերում Արեւմուտքի հետ աշխատել հնարավոր է։
Սիրիայի փաստացի իշխանությունների ներկայացուցիչներից Էկոնոմիկայի նախարար Բազել Աբդուլ Ազիզը հայտարարել է, որ Սիրիայում տնտեսական կարգի փոփոխություն է կատարվելու եւ երկիրն անցնելու է ազատ շուկայական հարաբերությունների։ Ազատականացվելու է ներկրումն ու արտահանումը։ Թե սա որքանով իրական կլինի, դժվար է ասել։ Սակայն պարզ է, որ հումանիտար հարցերում սպասվում է իսլամականացում։ Նոր կառավարությունը գործելու է, ի դեպ, մինչեւ 25 թվականի մարտի 1-ը։ Դեռ պարզ չէ, թե դրանից հետո իշխանության ձեւավորման կամ երկրի կառավարման ինչ մեխանիզմներ են կիրառվելու, մինչեւ ավարտվի անցումային շրջանը։ Պարզ է, որ կառավարությունում մի շարք պաշտոններ կան, որոնք կարող են համալրվել սիրիական էմիգրացիայի ներկայացուցիչներով։ Դա թե Արեւմուտքում, թե արաբական աշխարհում Սիրիայի նոր փաստացի իշխանությունների համար կապահովի կշիռ եւ հեղինակություն։ Առայժմ կարելի է միայն ասել, որ հաղթողները սկսել են նեղել քրդերին, իրենց վերահսկողության սեկտորներն ընդլայնելով, ինչը ձեռնտու է Թուրքիային։ Նաեւ եղել են հավաստիացումներ, որ Մոսկվայի հետ պահպանվելու են լավ հարաբերությունները»։
Կարծիքներ