Հերոսները դարձան դասալիք, իր որդին՝ հերոս

Հերոսները դարձան դասալիք, իր որդին՝ հերոս

«Հրապարակի» զրուցակիցը նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է:

- Տիկին Հովսեփյան, hասարակությունն արդեն քանի օր է՝ Աշոտ Փաշինյանի ու Գայանե Հակոբյանի մասնակցությամբ միջադեպն է քննարկում: Դուք ունե՞ք Ձեր գնահատականը:

- Կարծում եմ` փորձ է արվում զոհվածի ընտանիքի մոդելն արժեզրկել: Նիկոլ Փաշինյանը ցցուն կերպով իր ասուլիսի ժամանակ փնթի որդուն համեմատեց հերոսների հետ, անգամ հարկ համարեց ասել, որ եթե իր տղան եղել է պատերազմի դաշտում, կինն էլ` Արցախում, ուրեմն տղան հերոս է, կինն էլ` հերոսածին մայր: Մնում էր Աննա Հակոբյանին աստվածածին ասեր, լավ է՝ չասեց: Այն, ինչ մեզանում կատարվում է, շատ վտանգավոր է, եւ ես հույս ունեմ, որ հասարակությունը, որը, ի դեպ, ախտահարված է, կսթափվի: Մենք տեսնում ենք, թե ինչեր են ասում զոհվածի ծնողների հասցեին, վիրավորում են, հայհոյում, անպատվում, կեղտ են շպրտում այդ մարդկանց վրա, նրանց մեղադրում ծախվելու մեջ եւ այլն, եւ այլն: Իսկ իրականում այդ մարդիկ միայն հարգանքի են արժանի: Այս իշխանությունը փորձում է մեզանում մնացած վերջին արժեքն էլ արժեզրկել: Ազգի տղամարդկանց դասալիք անվանեցին, հիմա էլ հերթը հասավ հերոսածին մայրերին: Ազգի սերուցքը տղամարդն է, երբ տղամարդուն դասալիք են անվանում, դա կոնկրետ հայ տղամարդուն արժեզրկելու փորձ է: Ստացվում է՝ բոլորը դասալիք են, բացի իր որդուց ու կնոջից: Հերոսները դարձան դասալիք, իր որդին` հերոս: Զավեշտ է:

- Ի՞նչ եք կարծում՝ զոհվածների հարազատների ու ծնողների պայքարն ազնի՞վ է: Ինչպես Դուք եք նշում, նրանց քաղաքական խաղեր տալու մեջ են ոմանք մեղադրում:

- Միանշանակ՝ ազնիվ են: Ես անձամբ եմ տեսել, թե այդ մարդիկ ինչերի միջով են անցել՝ իրենց երեխաներից գոնե մի մասունք ստանալու համար: Անձամբ եմ ներկա եղել այդ պրոցեսներին: Այդ նույն ծնողները հող են քրքրել Արցախում՝ տղաներից մատ կամ ականջ գտնելու համար: Իմ աչքի տեսածն եմ ասում: Այդ մարդկանց ապրումների մասին իշխանությունները շատ լավ տեղյակ են, ու այն հանգամանքը, որ այդ ծնողներն իրենց հողին չեն հավասարեցրել, խոսում է միայն նրանց մեծահոգության մասին:

- Շատ է խոսվում, որ կատարվածն էժանագին բեմադրություն էր, իսկ Աշոտին հատուկ էին ուղարկել ծնողների մոտ:

- Ես այդ ընտանիքից ամեն ինչ սպասում եմ: Նրանք ընդունակ են ամենանողկալի քայլերին: 2020 թվականից հետո դրանց տեսակը պարզ է դարձել:

- Կարծիքներ են հնչում, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է հասարակության ուշադրությունը կարեւոր հարցերից շեղել: Արդեն բաց տեքստով խոսվում է Արցախն Ադրբեջանին հանձնելու, ինչպես նաեւ Հայաստանից մի շարք գյուղեր թշնամուն նվիրելու մասին:

- Միանշանակ: Միշտ է այդպես եղել: 2021 թվականի մայիսին էլ Միքայել Մինասյանը հանրայնացրեց մի թերթիկ, որով պարզ դարձավ, որ այդ մարդը հրաժարվում է թե՛ Արցախից եւ թե՛ Հայաստանի որոշ հատվածներից: Դրանից հետո իշխանությունները մանիպուլացրին՝ ասելով, թե դա վերջնական փաստաթուղթ չէ, եւ այլն, եւ այլն: Կեղծ օրակարգերով անվերջ շեղում են ժողովրդին: Դա նոր բան չէ: Հայաստանը դարձրել են թմրանյութի կենտրոն: Տոննաներով թմրանյութ է Հայաստան մտնում, ընդ որում՝ բացահայտ կերպով օգտագործվում է, սպառվում: Այսինքն` կան բազում թեմաներ, որոնք պետք է շրջանցել` Արցախի թեմա, միջազգային հանդիպումներ, թմրանյութ եւ այլն:

- Արցախը թշնամուն նվիրելու մասին արդեն բաց տեքստով է խոսվում, կարծես, էլ ոչ մի զսպող մեխանիզմ չկա:

- Զսպողն արցախցին է, որն իր հողում է մնացել ու ապրում է: Նա մանր մարդ է, որ կարող է որոշել արցախցու ապագան: Հիմա էլ նոր մանիպուլյացիա են անում` Արցախում եղե՞լ եք, որ Արցախի մասին մտահոգվում եք, կներեք, շատերն էլ Շիրակում, Տավուշում ու այլ մարզերում չեն եղել, ու ի՞նչ՝ դրանք ե՞րբ եք հանձնելու: