Արմեն Թավադյանը Քոչարյանի երկրպագուների մեջ է․ նրա գործով նիստը չսկսված հետաձգվեց

Արմեն Թավադյանը Քոչարյանի երկրպագուների մեջ է․ նրա գործով նիստը չսկսված հետաձգվեց

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործով նիստն այսօր մեկնարկեց դատավոր Արմեն Ֆարխոյանի նախագահությամբ։

Նիստին ներկայացել էր Վարդգես Գասպարին, մինչդեռ չէին ներկայացել պաշտպանը ու մեղադրողը։

Հովհաննես Խուդոյանը դիմում էր ներկայացել,որ այսօր այլ գործով նիստի է, նույն պատճառաբանությամբ չէր ներկայացել Արմեն Թավադյանը։ Գասպարիի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ասաց, որ խոսքը գնում է Ռոբերտ Քոչարյանի գործով նիստի մասին, ինչը հետաձգվել է , իսկ ինչ վերաբերում է Թավադյանի չներկայանալուն, Եգորյանն ասաց, որ նա ընդամենը Քոչարյանի երկրպագուների մեջ է եւ որեւէ մասնակցություն չունի դատաքննությանը։

Դատարանին խնդրեց բացակայությունը համարել անհարգելի եւ բերման ենթարկելու որոշում կայացնել։ Եգորյանին միացան Գասպարին եւ մեղադրողը։
Նախագահող դատավորը որոշեց եւս մեկ անգամ ծանուցել դատավարության մասնակիցներին՝ հաջորդ նիստին ներկայանալու համար։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 13-ին, ժամը 15:00-ին։

Նշենք, որ Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ կալանավորման հիմնավոր լինել-չլինելու վերաբերյալ նիստի ընթացքում, Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացրել դատարանի դիմաց՝ «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» պաստառով։ Քոչարյանի աջակիցները նրա ձեռքից խլել եւ պատռել էին պաստառը, առաջացած քաշքշոցի ժամանակ նաեւ  ջրով լի շշով հարվածել էին նրա դեմքին: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հարուցել էր քրեական գործ, Գասպարին ճանաչվել էր տուժող, եւ նույն օրը Արմեն Թավադյանին մեղադրանք էր առաջադրվել ։