Վերջին հրաժարականների խոհանոցից

Վերջին հրաժարականների խոհանոցից

Հրաժարականներն ու դրանց խոհանոցը միշտ շատ հետաքրքիր են։ Ինչպես պատահեց, որ այսքան դժգոհություններ առաջացրած նախարարները՝ Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան, քաղաքապետ Հայկ Մարության, իրենց ոլորտներում բարձր հեղինակություն չունեցող Զարուհի Բաթոյան, Ռուստամ Բադասյան եւ շատ ուրիշներ, որոնք այնքան վատ ու պասիվ են, որ նրանց գոյության մասին հանրությունն անգամ մոռանում է, շարունակում են պաշտոնավարել, իսկ, ասենք, կրթության փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հեռացվում են պաշտոնից։ Ի՞նչն է դրդել Արսեն Ջուլֆալակյանին եւ Գայանե Աբրահամյանին՝ հրաժարվել մանդատից, իսկ Աննա Հակոբյանին՝ «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի նախագահի պաշտոնից, ի՞նչ պրոցեսներ են ընթացել մինչ հրաժարականի դիմում գրելը։

Այս թեմաները ոչ միայն հետաքրքրում են մարդկանց, այլեւ բուռն քննարկումների, անգամ լեգենդների թեմա են դառնում։ Տարբեր վարկածներ է հանրությունը շրջանառում, ասեկոսեներ են պտտվում․ մարդիկ ուզում են իմանալ, թե ինչ է կատարվում իշխանությունների ներսում, եւ ինչպես են առաջին գծում գտնվող անձինք հեռանում կամ հեռացվում։

Հետաքրքիր է, որ հրաժարականների պատճառը, որպես կանոն, մեկը չի լինում, այլ մի քանի պատճառների հանրագումար է եւ տեւական պրոցեսի արդյունք։ Այսինքն, մարդու հրաժարականը հասունանում է ժամանակի ընթացքում, եւ ինքն էլ «հասունանում» է հրաժարականի համար։ Բնականաբար՝ վճռական խոսքը պատկանում է մեկ մարդու, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Իսկ եթե անգամ հրաժարականը նրա որոշումը չէ, այլ՝ հեռացողի, ապա կրկին հիմքում Նիկոլ Փաշինյանի պահվածքն է՝ նրա վերաբերմունքը, էմոցիոնալ պահվածքը, պաշտոնատար անձի հանդեպ որեւէ անզուսպ դրսեւորում։ Բոլորը գիտեն, որ նա «արգելակներ» չունի եւ կարող է բազմամարդ միջավայրում կոպտել ու անպատվել բարձր պաշտոն զբաղեցնող, տարիքով իրենից մեծ, վաստակ ունեցող անձի։ Բայց դա էլ չէ խնդիրը՝ նա շարունակ դժգոհ է բոլորից։ Ընդ որում, դժգոհությունը ոչ թե հանձնարարություններ իջեցնելու եւ դրանց չկատարման հետ է կապված, այլ հետին թվով ստեղծված իրավիճակի։

Ասենք, մի թեմայով սկանդալ ու իրավիճակ է ձեւավորվել, նա կարող է քավության նոխազ դարձնել մեկին՝ անկախ այդ մարդու մեղքի չափից, եւ նրա վրա թափել «հերսը»։ Ինչպես տեղի է ունեցել ՔՊ վերջին նիստերից մեկում, երբ ՍԴ նորանշանակների թեմայով զայրացել է եւ հունից դուրս եկել՝ դժգոհներին անվանելով «ՀԱԿ-ի թափթփուկներ»։ Չի բացառվում, որ Գայանե Աբրահամյանի դիմումը հենց այդ հիստերիայից հետո է հասունացել։

Բայց սա էլ նորմալ գործընթաց է՝ մարդիկ գալիս են ու գնում, պաշտոնները հավերժական չեն, եւ հոգնությունն էլ կարող է դեր խաղալ։ Բայց երբ նման անհասկանալի իրավիճակ ձեւավորվում է անգամ վարչապետի ընտանիքում, երբ նրա կինն անսպասելի հրաժարական է տալիս հիմնադրամի հոգաբարձուների նախագահի պաշտոնից՝ այդպես էլ չբացատրելով պատճառը, հասկանալի է դառնում, որ ներիշխանական ճգնաժամ կա, եւ իշխանությունը ներսից փլուզվում է, որքան էլ մեզ համոզեն, որ այդպես չէ։ Մեր գյուղերում սրա մասին ասում են՝ մարդը եթե մի կնոջ չի կարողանում կառավարել, գյուղը ո՞նց կկառավարի, երբ գյուղապետի կինը «կոնտրոլից» դուրս է գալիս եւ սկսում ինքնուրույն «խաղեր տալ»՝ առանց ամուսնուն եւ նրա պաշտոնը հաշվի առնելու։

Այս հրաժարականների հետ կապված մի նրբություն էլ կա՝ հրաժարական տվողները միանգամից հայտնվում են հանրային սիրո եւ հարգանքի կիզակետում, անկախ նրանից, թե նրանց հեռանալու պատճառը որն է։ Աննա Հակոբյանը հրաժարվեց «Սիթի օֆ սմայլից»՝ մի ողբ ու կական սկսվեց եւ հատկապես բժիշկների ու պաշտոնյաների շրջանում, բա՝ ոնց ենք անելու առանց տիկին Աննայի, խնդրում ենք, տիկին Աննա, վերանայիր որոշումդ։ Վերջ՝ քաղցկեղով հիվանդ երեխաները կորան։ Հասեք, աման։ Հանճարեղ Թումանյանին հիշեցինք՝ մուկիկի պես մարդը մեռավ․․․ Երեկ Գայանե Աբրահամյանն էր սիրո ու պաշտամունքի կիզակետում։ Ոմանք շնորհավորում եւ գովում էին, մյուսները ցավ ու ափսոսանք հայտնում՝ ոնց կլինի Ազգային ժողովն առանց Գայանե Աբրահամյանի։ Իսկ թե ինչ է արել Գայանե Աբրահամյանը խորհրդարանում, որ ուրիշները չեն արել կամ չեն կարող անել՝ պարզ չէ։ Ամեն դեպքում, մարդիկ արձանագրեցին, որ Գայանե Աբրահամյանին ինչ-որ «կենտրոններից» հրահանգավորել են, նաեւ զբաղվածության հարցն են լուծել, եւ նա անգործ չի մնա։ Իսկ գուցե, առհասարակ, սա նախազգուշական կրակոց է, որն արձակվում է վարչապետ Փաշինյանի ուղղությամբ՝ ինչ-որ բաներ հասկացնելու, ինչ-որ վարքագիծ թելադրելու առումով․ ով գիտի։

Հնարավոր է, որ այս հրաժարականներին նորերն էլ գումարվեն։ Երկրում խառնաշփոթ եւ քաոսային իրավիճակ է, եւ դրա տարբեր դրսեւորումներին ենք մենք ականատես լինում։ Դեռ ինչե՜ր են լինելու։