Մենք իրոք հիվա՞նդ ժողովուրդ ենք

Մենք իրոք հիվա՞նդ ժողովուրդ ենք

«Ապրիլյան պատերազմի զոհերի դահիճները ե՞րբ են պատասխան տալու ժողովրդին»- ֆեյսբուքում գրում է հայ մտավորականը: Կարդում ես եւ ապշում: Մի՞թե մենք իրոք հիվանդ ժողովուրդ ենք: Որովհետեւ նույն այդ մտավորականը, համոզված եմ, ԼՂ կարգավորման մի տեսլական ունի՝ ոչ մի թիզ հող թշնամուն: Եթե այդպես է ապագան տեսնում ժողովրդի մեծամասնությունը, իսկ դրանում կասկած չկա, ուրեմն պետք է պատրաստ լինի եւս մի պատերազմի, որ ապրիլյանից ավելի կորստաբեր է լինելու հաստատ: Որովհետեւ չի լինում առանց զոհերի, զրկանքների ու տառապանքների պատերազմ:

Ժամանակին Վանո Սիրադեղյանը մի դիպուկ ընդհանրացում է արել, որ մեր ժողովուրդն այդպես էլ չիմաստավորեց Արցախյան պատերազմը: Այդպես է: Եւ չի իմաստավորում նաեւ Ապրիլյան քառօրյան: Այլապես չէին տարածվի միֆեր, որ դիրքերում զենք-զինամթերք չի եղել, զինվորները հինգ օր «միայն խոտ են կերել»: Եւ իրեն քաղաքական գործիչ համարող մեկը չէր ասի, որ դա «պայմանավորված պատերազմ» էր:

Եւ չգիտես ի՞նչ աղբյուրներից քարոզչական ազդակներ ստացող հայկական լրատվամիջոցը չորս տարի շարունակ չէր գրի, թե ապրիլյան պատերազմում «բանակը եւ հանրությունը կասեցրեցին հակառակորդի ագրեսիան՝ ի հեճուկս քաղաքական ղեկավարության»: Միայն հիվանդ ժողովուրդը կարող է հավատալ, որ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը «պատրաստվում էր հող հանձնել, բայց «ծռերն»ապստամբեցին եւ թույլ չտվեցին»: Միայն հիվանդ ժողովուրդը կարող է հավատալ, որ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը «բանակին տվել է նահանջի հրաման, բայց զորքը չի ենթարկվել»:

Միայն հիվանդ ժողովրդի երեկվա ռազմական գործիչը կարող է քառօրյա լայնածավալ պատերազմն անվանել «հետախուզություն մարտով»: Միայն հիվանդ ժողովուրդը կարող է հավատալ, որ երկրի ԶՈՒ ԳՇ պետը պատերազմի բոթը լսելուց շարունակել է «գրազով բիլիարդ խաղալ»: Միայն հիվանդ ժողովուրդը կարող է ծնել քաղաքական գործիչ, որ Արցախի նախագահի ընտրապայքարում մրցակցին անվանարկի, թե «տանուլ է տվել ապրիլյան պատերազմը»: Միայն հիվանդ ժողովուրդը կարող է հավատալ ապրիլյան պատերազմի օրերին երրորդ-չորրորդ պաշտպանական բնագծերում կամուֆլյաժով սելֆի անող «երկրապահների» առասպելին: Միայն հիվանդ ժողովուրդը կարող է հույս փայփայել, որ հաջողելու է ոչ մի թիզ հող չհանձնել եւ խուսափել պատերազմից: Մի՞թե մենք իրոք հիվանդ ժողովուրդ ենք: Այնքան, որ ապրիլյան պատերազմը «լուսաբանած» լրագրողը, որպես «արդար փոխհատուցում»՝ առանձնահատուկ վերաբերմունք եւ հարկային արտոնություններ է պահանջում Վարդենիս-Մարտակերտ մայրուղու վրա «քրտինքով ստեղծած» իր «օբյեկտի» համար…