1988-ին Արցախն էինք պահանջում, 2021-ին կորցնում ենք Սյունիքը

1988-ին Արցախն էինք պահանջում, 2021-ին կորցնում ենք Սյունիքը

Ռուսաստանի նախագահը Մոսկվայում Հայաստանի վարչապետին ասում է, որ ցավոտ, զգայուն, սուր հարցերի լուծում է սպասվում հայ ժողովրդին: Իսկ Հայաստանի վարչապետն ունի ժողովրդի վստահության քվեն, ինչը շատ կարեւոր է նման հարցերի լուծման համար: Մենք արդեն տեսել ենք մի այդպիսի ցավոտ, սուր, զգայուն հարց․ Արցախի ներկա վիճակն է, որ լուծվեց ժողովրդի վստահության քվեն վայելող վարչապետի դրած ստորագրությամբ զինադադարի հայտարարության տակ: Այս անգամ ցավոտ լուծումը Հայաստանն է լինելու:

Ալիեւը գծում է Ադրբեջանի տնտեսական քարտեզը, որի մեջ մտնում են ինչպես Արցախի գրավյալ, այնպես էլ ռուս խաղաղապահների հսկողության տակ մնացած տարածքները: Այդ քարտեզում նշված է նաեւ Արեւելյան Զանգեզուրը: Եթե կա արեւելյան, ուրեմն կա նաեւ արեւմտյան, որն Ադրբեջանի եւ Թուրքիայի արանքում է: Ադրբեջանը պատրասվում է չեղարկել 1918-ին իրենց խորհրդարանի կողմից վավերացված փաստաթուղթը, որով Երեւանը ճանաչում են Հայաստանի մաս: Հիմա ուղղակի հավակնություն ունեն Երեւանի նկատմամբ` համարելով Ադրբեջանի տնտեսական կամ վարչական տարածք: 

Վերջին շրջանում համոզվել ենք, որ Ադրբեջանն ինչ հայտարարում է, աշխարհն այն էլ ընդունում է, քանի որ Հայաստանը չի հակադարձում: Այս ամենը խելագարություն չէ, Ադրբեջանի նախագահն իր պետությունն է կառուցում՝ պաշտպանելով եւ ծավալելով իր երկրի սահմանները: Իսկ Հայաստանի վարչապետը մեր պետությունն է քանդուքարափ անում` պաշտպանելով բացառապես իր անձը: 
Ադրբեջանի նախագահը միլիարդներ է ծախսում իր բանակը հզորացնելու համար: Հայաստանի վարչապետը միլիարդների պարգեւավճար է բաժանում ոստիկանությանը՝ իր անձը պաշտպանելու համար: 

Երկրի ներսում մեզ վրա մուրճ թափահարողը, պատին մեխել, պատից դուրս քաշել սպառնացողը դրսում` Մոսկվայում, խեղճուկրակ նստած էր ՌԴ նախագահի դիմաց: Ո՛չ մուրճ ուներ ձեռքին, ո՛չ էլ պողպատե մանդատ եւ պատրաստ էր կատարել ցանկացած հրահանգ, ինչ կասեն իրեն: Ոչ թե երկրի շահը ներկայացնող ու պաշտպանող ղեկավար էր, այլ մեր երկրի շահն ուզողներին սպասարկող կամակատար: Մեր ընտրողների մեծամասնությունն այդպես էլ չընդունեց, որ այս մարդն անկարող է այլեւս երկրի ղեկավար լինել, բանակցել ու պետություն ներկայացնել: Որ Արցախի ցավոտ լուծումից հետո հաջորդը լինելու է Հայաստանի ցավոտ լուծումը, որ մենք հենց դրա համար ենք պողպատե մանդատ տալիս իրեն: 

1988-ին Ադրբեջանին բռնակցված Արցախը Հայաստանին վերամիավորելու պահանջով դուրս եկանք Ազատության հրապարակ: Իսկ հիմա՝ 2021-ին, Ադրբեջանը Սյունիքում է եւ պահանջում է Մեղրիով միջանցք՝ Թուրքիային միանալու համար։ Առհասարակ, Սյունիքը համարում է Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուր: 33 տարի Արցախի համար մղված ազատամարտը վերջնահաշվում եղավ ոչ միայն պարտություն եւ գրեթե Արցախի կորուստ, այլեւ Սյունիքն ենք զիջում, հրատապ` Մեղրին: Որովհետեւ միջնորդ Ռուսաստանն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում եւ ճանապարհային ազատ հանգույցներ՝ տարածաշրջանում, իսկ կապը Մեղրին է՝ մեզնից օտարվող: Բայց Թուրքիան եւ Ադրբեջանն այդքանով չեն բավարարվում: Կրկին ցավոտ, զգայուն, սուր է լինելու։

Հուսիկ Արա