Բնապահպաններն ահազանգում են

Բնապահպաններն ահազանգում են

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետ կապված շրջանառվում են տարբեր վարկածներ, և այս պահին դեռ պարզ չի, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Հրդեհը մեկուսացվել է միայն երեկ` օգոստոսի 16-ին, ժամը 14։38-ին, մարվել է՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։

Միջադեպից երկու օր անց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» տվյալներ հաղորդեց, որ օդի աղտոտվածությունը «Սուրմալու»-ի հարակից տարածքում ավելացել է, և ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 4.6 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 2.6 անգամ։

Մասնագետները խստիվ հորդորում եմ քրոնիկական շնչառական խնդիրներ ունեցող, օնկոլոգիա ունեցող, սիրտանոթային պաթոլոգիայով պացիենտներին, հղիներին, հնարավորության դեպքում դուրս գալ քաղաքից: Եթե քաղաքից բացակայելու հնարավորություն չունեն`  չբացել պատուհանները, աշխատել տնից դուրս չգալ, կատարել խոնավ մաքրում տանը: Տնից դուրս գալուց կրել դիմակ:
Բնապահպաններն ահազանգում են, որ մայրաքաղաքի փողոցներն ու մայթերը հարկավոր է գոնե ջրով մաքրել, լվանալ, սակայն արդեն որերորդ օրն է, ոչինչ չի արվում։ Շարքային քաղաքացիները չեն կարող դուրս գալ եւ լվանալ փողոցները, դա պետք է անի տեղական իշխանությունը, տվյալ դեպքում քաղաքապետարանը:

Քաղաքապետարանի լրատվության վարչությունից մեզ ասացին.
««Սուրամլուի» տարածքում տեղի ունեցած պայթյունի օրվանից  մինչև այս պահը ներառյալ ու դեռևս անորոշ է, թե ինչքան ժամանակով, Երևանի քաղաքապետարանի մի շարք կառուցվածքային ստորաբաժանումների տեխնիկական միջոցները, ռեսուրսները կենտրոնացված են «Սուրմալուի» տարածքի պայթյունի հետևանքների վերացման աշխատանքներին, ներառյալ նաև «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան՝ մասնավորապես ջրցան մեքենաները՝ անկախ այն հանգամանքից, որ հրդեհաշիջում է կատարվել։ Արդեն պաշտոնապես երեկվանից հրդեհը որպես այդպիսին չկա, ծխային տարածքներ էլ չկան, բայց տեխնիկական  գործընթացներ կան, որոնցով պայմանավորված Քաղաքապետարանի ստորաբաժանումները և մասնավորապես ԵԱՍՄ-ը համայնքային հիմնարկի ջրցանները շարունակում են տարածքին ջուր մատակարարել։ Իսկ թե այդ աշխատանքները ինչքան դեռևս իրականացնելու անհարժեշտություն կլինի, այս պահին մենք չենք կարող ասել։ Դա ավելի շատ մասնագիտական գործառույթ է։ Երբ որ փլատակներն ամբողջությամբ տարածքից կմաքրեն, որովհետև զուգահեռ օջախ-օջախ մաքրելուց հետո անգամ  այդ տարածքները հովացվում են, ջրալցվում են։ Իսկ երբ որ արդեն հնարավորություն լինի անցնել մեր հիմնական գործառույթներին՝ փողոցների, մայթերի, բակային տարածքների լվացման ջրալցման մասով, այ այդ ժամանակ բնականաբար  կվերականգնվի աշխատանքը։ Հիմա էլ այնպես չի, որ այդ աշխատաքները որևէ տեղ չեն արվում, բայց եղած ռեսուրսների սահմաններում են արվում։

Արտակարգ իրավիճակների նախարարության մեր գործընկերները, երբ արդեն վստահեցնեն, որ այլևս կարիք չկա այդ ծավալի աշխատանքներ շարունակելու, մենք բնականաբար կանցնենք մեր հիմնական ծավալի աշխատանքներին, և նաև, անխոս, կդիտարկվի լրացուցիչ հնարավոր ջրի ծավալ՝ փողոցներ, մայթեր հասցնելու, այսինքն` ջրցան մեքենաները ամենայն հավանականությամբ ավելի մեծ ծավալով կաշխատեն։ Նախորդ օրը և այսօր տեխնածին վթարի անմիջական տարածքը, հարակից փողոցները նույնպես մաքրվել են, որպեսզի հնարավորինս հարաբերական մաքուր լինեն, փոշեծածկման խնդիր չունենանք»։