Հարկե՞րը, աշխատողնե՞րը, դրանք է՞լ են ռուսներինը. ինչ է սպասվում ՀԿԵ-ում Սոթքի հանքը կիսելու հետևանքով

Հարկե՞րը, աշխատողնե՞րը, դրանք է՞լ են ռուսներինը. ինչ է սպասվում ՀԿԵ-ում Սոթքի հանքը կիսելու հետևանքով

Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կանցնի հայկական, կիսով չափ` ադրբեջանական կողմին։ Այդ մասին երեկ հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին տեսանյութեր էին տարածվել, որ ադրբեջանական զինուժը մուտք է գործել հանքի տարածք:

«Չգիտեմ՝ հանքի սեփականատերերն ինչ պայմանավորվածություններ ունեն, միգուցե շարունակելու են նույն բնականոն ընթացքով շահագործել հանքը, բայց իրենք տեղեկացված էին իրավիճակին ու հանքի տեղանքին»,-նշեց  ԳՇ պետի տեղակալը՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակին։

Նշենք, որ Սոթքի ոսկու հանքը շահագործում է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունը։ Մինչ պատկան մարմիններն անգամ պատկերացում չունեն, թե այլևս ինչ սկզբունքով է հանքը շահագործվելու, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները մի քանի օր է՝ անհանգիստ են: Աշխատակիցների պատմելով՝ իրենց արդեն տեղեկացրել են սպասվող հետևանքների մասին, ինչին պետք է պատրաստ լինեն: «Սոթքի հանքը Վարդենիսի տարածաշրջանի եկամտի հիմնական աղբյուրն է, դա բոլորս գիտենք, բայց գիտե՞ք, որ Հարավկովկասյան երկաթուղու եկամուտների զգալի մասն ապահովում էր հանքը: Սոթքից Արարատ հանքաքարը փոխադրվում էր բացառապես երկաթուղով: Ես  մոտավոր ասեմ, դուք՝ պատկերացրեք: Երկաթգծի բյուջեից աշխատակիցների ամսական աշխատավարձերի համար 800 մլն դրամից ավելի  գումար է դուրս գրվում: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ այդ 800 մլն-ից 550 մլն-ն ապահովում էր հենց Սոթքի հանքը: Վարդենիսի, Հրազդանի, Շորժայի աշխատակիցներին արդեն զգուշացվել է, որ առաջիկայում կրճատումներ են նախատեսվում: Ավելին՝ չի բացառվում, որ հաստիքների կրճատմանը հաջորդի աշխատավարձերի կրճատումը: Չմոռանանք, որ հանքը ՀՀ 4-րդ հարկատուն էր: Միայն անցյալ տարում երկաթուղով տեղափոխվել էր մոտ 3․2 մլն տոննա բեռ, որից  համարյա կեսը Սոթքից Արարատ հանքաքարի տեղափոխումն էր»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց Հարավկովկասյան երկաթուղու պաշտոնյաներից մեկը:

Դիտարկմանը, թե հանքի կեսը մեզ է մնում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ո՞ր կեսի մասին է խոսքը, 25 տոկոսի՞, եւ դա ապահովելու է երկաթուղու 100 տոկոս բեռնվածությո՞ւն, հասկանո՞ւմ եք, որ սա ուղիղ հարված էր Հարավկովկասյան երկաթուղուն: Հիմա կասեք՝ ոսկին էլ, երկաթուղին էլ ռուսներինն էին, իսկ հարկե՞րը, աշխատողնե՞րը, դրանք է՞լ են ռուսներինը: Ի դեպ, այսքանը՝ միայն տնտեսական վտանգների մասին»: