Փաշինյանն ակնկալում է Էրդողանի աջակցությունն Ալիեւից պաշտպանվելու համար

Փաշինյանն ակնկալում է Էրդողանի աջակցությունն Ալիեւից պաշտպանվելու համար

Փաշինյանի՝ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելը մի նպատակ էր հետապնդում` ապահովագրել իր իշխանությունն Ալիեւից: Նա թուրքական նոր իշխանություններին իր հավատարմությունը եւ հնազանդությունը դրսեւորելով՝ ուզում էր ստանալ Էրդողանի աջակցությունը՝ ընդդեմ ադրբեջանական հնարավոր ագրեսիայի: 
Որքան էլ ասվի, որ Փաշինյանը եւ նրա իշխանությունն Արեւմուտքի դրածոն են, կամակատարը, փաստն այն է, որ հիմա Փաշինյանի՝ իշխանության մնալ-չմնալու հարցն Իլհամ Ալիեւի ձեռքում է: Ցանկացած պահի, երբ Ալիեւը որոշի սկսել հերթական հարձակումը Հայաստանի դեմ եւ փորձի գրավել Սյունիքն ու Վայոց Ձորը, Փաշինյանի իշխանությունը կդադարի գոյություն ունենալուց: Որքան էլ Փաշինյանը պնդի, որ իրեն հաջողվել է հասնել նրան, որ Ադրբեջանի նախագահը ճանաչի Հայաստանի գործող սահմանները, Ալիեւը, հակառակը՝ շարունակում է պնդել, որ Հայաստանի սահմանները պետք է գծվեն իր ուզած ձեւով, իր պատկերացումներով:

Ընդ որում՝ չի պատրաստվում Հայաստանի սահմանների հարցը թողնել ինչ-որ սահմանագծման կամ սահմանազատման հանձնաժողովի, որը կորոշի, թե սահմանը որ գետով կամ սարով է անցնում, ում ինչ է բաժին հասնում, ում զորքը որտեղ պետք է կանգնի: Ալիեւը պատրաստվում է ռազմական նոր ագրեսիայի, ինչի մասին է վկայում ռազմական բյուջեի էական ավելացումը: Նա սահմանագծումն իրականացնելու է բանակի միջոցով, համոզված, որ դա ամենաարդյունավետ ճանապարհն է: Իր ծրագրերն իրականացնելու համար Ալիեւը սպասում է հարմար աշխարհաքաղաքական իրավիճակի. սպասում է ուկրաինական հակահարձակմանը, դրա դրական ընթացքին:

Երեկ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ հակահարձակումը սկսված է: Ուկրաինական բանակի ստորաբաժանումները մի քանի ուղղությամբ անցել են հարձակման, դեռեւս սահմանափակ ուժերով, հնարավոր է ռուսական բանակի դիմադրության թույլ կետերը ճշտելու համար: Ուկրաինական բանակն ունի տակտիկական հաջողություն, բայց այս պահին որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչ ընթացք կստանա հակահարձակումը, որովհետեւ արեւմտյան վերլուծաբաններն ու ռազմական փորձագետները համոզված են, որ Ռուսաստանը եւս մեծ ռեզերվներ է կուտակել եւ ուկրաինական հակահարձակումը հետ մղելուց հետո կարող է անցնել հարձակման: Բայց դրանք ընդամենը ենթադրություններ են: Չի բացառվում, որ իրադարձությունները զարգանան անցած տարվա ամռան եւ աշնան նման, երբ ռուսական զորքի պաշտպանությունը կոտրվեց օրերի ընթացքում, եւ ուկրաինական բանակն ազատագրեց Խարկովի եւ Խերսոնի զգալի տարածքներ: Հիմա ուկրաինական բանակը հարձակում է սկսել նաեւ բուն Ռուսաստանի տարածքում եւ եթե այստեղ հաջողության հասնի, թեկուզ՝ սահմանափակ, Ռուսաստանում կարող է կոլապս տեղի ունենալ: Այս սցենարը չի կարելի բացառել:

Անցած տարվա ամռանը եւ աշնանը, երբ ուկրաինական բանակը զարգացնում էր իր հաջողությունը՝ ազատագրելով ուկրաինական տարածքներ, Ադրբեջանը սեպտեմբերի 12-ին շփման գծի գրեթե ողջ երկայնքով անցավ հարձակման եւ կարողացավ էական հաջողություն արձանագրել՝ գրավելով Հայաստանից զգալի հատվածներ: Եթե ուկրաինական բանակն այս անգամ եւս կարողանա հաջողություն արձանագրել ռազմաճակատում, կասկած չկա, որ Ադրբեջանի նախագահը զուգահեռաբար հարձակման հրաման կտա՝ իր բանակի առաջ դնելով ավելի հավակնոտ խնդիր` միջանցք բացել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ: Փաշինյանը չի կարող բացառել նման հնարավորությունը, մանավանդ որ Ալիեւը ցույց է տվել, որ վճռական է իր ծրագրերն իրականացնելու հարցում: 

Ի՞նչը կամ ո՞վ կարող է խոչընդոտել այս ծրագրի իրականացմանը: Առաջին հերթին՝ Հայաստանի բանակը՝ կազմակերպված դիմադրությամբ: Փաշինյանը գիտակցում է, որ բանակը հերոսական դիմադրություն ցույց կտա, բայց նաեւ հասկանում է, որ ինքն այնքան է թուլացրել բանակը, զրկել նրան հմուտ եւ փորձառու հրամանատարներից, ժամանակակից զենք-զինամթերքից, որ բանակի կարողությունների վրա հույս դնել չի կարող: Զարգացումների նման տարբերակի դեպքում Ռուսաստանի վրա հույս դնել էլ չի կարելի. եթե Ռուսաստանը չկարողանա պաշտպանել իր տարածքը` Բելգորոդի, Կուրսկի մարզերը, դժվար թե զորք ու զենք ունենա՝ Սյունիքն ու Վայոց Ձորը պաշտպանելու համար: 

Արեւմտյան երկրները. Փաշինյանն Արեւմուտքին համոզում էր, որ Հայաստանն Արեւմուտքի դաշնակիցն է, քանի որ առաջնորդվում է արեւմտյան ժողովրդավարական արժեքներով, ի հակադրություն բռնապետական Ադրբեջանի, եւ Արեւմուտքն Ադրբեջանի հարձակման դեպքում պետք է ամեն ինչ անի՝ Հայաստանի պարտությունը թույլ չտալու, Հայաստանին պաշտպանելու համար, բայց դա թույլ, եթե չասենք՝ ծիծաղելի փաստարկ է: Արեւմուտքը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի եւ այդ երկրի իշխանությունների վրա, եւ ադրբեջանական ագրեսիայի դեպքում հնարավոր է, որ Հայաստանին աջակցող հայտարարություններ հնչեն, բայց Ադրբեջանին կանգնեցնել չեն կարողանա. Ադրբեջանն այդ դեպքում ավելի շուտ առաջնորդվելու է Թուրքիայից եկած հրահանգներով: Իսկ Թուրքիան հաստատ հավանություն է տալու ադրբեջանական հարձակմանը, որովհետեւ ավելի հարմար առիթ՝ Ադրբեջանի հետ ընդհանուր սահման ստեղծելու համար, չի կարող լինել:

Ընդունելով Էրդողանի հրավերը՝ մասնակցելու նրա երդմնակալության արարողությանը, Փաշինյանը դրանով իր հավատարմության երդումն էր տալիս Թուրքիային եւ անձամբ Էրդողանին, ասելով` համարիր, որ Հայաստանը քոնն է, քո ոտքերի տակ է, ի՞նչ իմաստ ունի Ադրբեջանի հարձակումը, որի դեպքում Ալիեւը կարող է Հայաստանից ինչ-որ կտոր պոկել, բայց կկորցնի մնացած տարածքը՝ այնտեղ կարող են իշխանության գալ հակաթուրքական, արմատական տրամադրված ուժեր: Կպաշտպանի՞ Էրդողանը Փաշինյանին Ալիեւից. իհարկե՝ ոչ: Էրդողանը շատ լավ հասկանում է, որ առանց Ռուսաստանի աջակցության Հայաստանը, այսպես թե այնպես, հայտնվելու է իր երախում․ Փաշինյանով, թե առանց Փաշինյանի՝ ի՞նչ տարբերություն:

Ավետիս Բաբաջանյան