Անիմաստ բառակույտ
Ֆինանսների նախարար Հովհաննիսյան Վահեի ասելով, 2025 թվականի պետական բյուջեն իրական Հայաստանի քաղաքացիների մասին է: Բուջեն կառավարության հաստատուն հանձնառությունն է` երաշխավորելու, որ յուրաքանչյուր քաղաքացի ապրի արժանապատիվ կյանքով, ունենա զարգանալու ու իր ջանքերն արժևորված տեսնելու հնարավորություն։ «Հրապարակ»-ի կայքում կարդալով այս տողերը՝ բավականին զարմացա: Որովհետև եթե նման բան ասեր ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ապա դա կդիտվեր նորմալ: Որովհետև խոսքային ձեռնածությունների ոլորտը վաղուց սեփականաշնորհվել է այդ անձի կողմից: Ու հայաստանյան հասարակությունն էլ սովոր է այդ հանգամանքին: Բայց որ ամենաչոր բնագավառի, որտեղ միայն թվեր են, ծրագրեր ու դրանց դրական կամ բացասական կատարողականներ, ղեկավարը խոսի նույն բառամթերքով՝ ինձ համար, առնվազն, նորություն էր: Բնականաբար՝ տհաճ նորություն: Ճիշտ է, կայքի՝ վերը նշված նյութում առկա էր նաև հենց ֆինանսների ոլորտին առնչվող երկուսուկես տող, բայց կարևորն առաջին երեք տողերի թողած տպավորությունն էր:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող այդ անձի վերաբերյալ «Հրապարակ»-ի երկրորդ նյութն ուղղակի սպանիչ էր: Վերջինս 2024 թվականին ակնկալվող տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումներ էր ներկայացրել, իսկ թե որքան են դրանք ադեկվատ՝ կիմանանք հաջորդ տարեսկզբին: Համենայն դեպս, Հանրապետական կուսակցության (ՀՀ-ի և ոչ թե ԱՄՆ-ի) հովանավորությամբ գործող «Լույս» հիմնադրամը շարունակ բացահայտում է աճի վերաբերյալ այդ թվերի փուչիկ լինելը: Որովհետև դրանց հիմքում ընկած է ոչ թե Հայաստանում ստեղծվող հավելյալ արժեքը՝ տեղական արտադրությունը, այլ երրորդ երկրներից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ իրականացվող վերարտահանումների շղթան: Իսկ այն, բնականաբար, մի օր դադարեցվելու է: Հաշվի առնելով հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրությունն ու ռուս-ուկրաինական պատերազմի նկատմամբ նրա բացասական վերաբերմունքը՝ պետք է որ այդ օրը շատ մոտ լինի:
Բայց երկրորդ նյութում ինձ զարմացրեց ոչ թե թվերի առկայությունը, այլ Հովհաննիսյանի արտաբերած միտքը: Ահա այն. «Տնտեսական աճն ու անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը»: Գաղափարն, ինքնին, ճշմարիտ է: Սակայն եթե ընդունենք, որ տնտեսական աճի կանխատեսումներն իրական են, ապա որտեղի՞ց է «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյանի» նշանակած նախարարը պեղել, որ մեր ազգաբնակչության շրջանում առկա է անվտանգության բարձր զգացում: Որովհետև եթե այն լիներ, ապա տնտեսական աճի պայմաններում արտագաղթն արդեն պետք է նվազեր և ոչ թե աճեր: Մի խոսքով, գործ ունենք ոչ միայն ֆինանսների, այլև համատեղության կարգով՝ «քարոզչության» նախարարի հետ:
Պարզ է, որ այս վերլուծությանը պետք է հետևեր նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի պաշտոնական կենսագրությանը նորից ծանոթանալը: Նորից, քանի որ նշանակման պահին դա արել էի, բայց այն չէր տպավորվել: Չէր տպավորվել նույնիսկ «մեծարգո»-ի կուսակից լինելու հանգամանքը: Եվ նաև այն, որ վերջինս աշխատանքային գործունեությունը սկսել է դեռևս ուսանողական տարիքից՝ ՀՀ առաջին նախագահի շրջապատի կողմից ղեկավարվող բանկերից մեկում: Այդ շրջապատին հարազատ լինելն էլ, ենթադրաբար, նպաստել է ՔՊԿ-ին հիմնադիր անդամ դառնալուն: Զարմանալի է, թե որքան շատ են այդ մարդիկ նաև այսօր՝ հաշվի առնելով Արցախյան երկրորդ պատերազմի խայտառակ պարտությունից հետո ՀՀ առաջին նախագահի կողմից իր պաշտոնին սոսնձված անձի հասցեին արված՝ «ազգակործան պատուհաս» բնութագրականը:
Կարծիքներ