ԱՆԻՖ-ի գործը «գրվել է սառույցին», Դավիթ Փափազյանն արդարություն է պահանջում

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (հայտնի է որպես ԱՆԻՖ) նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը դատի է տվել ՓԲԸ-ի տնօրենների խորհրդին: Նա այս տարվա մարտի 5-ին դիմել է Երեւանի քաղաքացիական դատարան՝ խնդրելով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասով անվավեր ճանաչել ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի հունվարի 5-ի նիստի արձանագրությունը: Մարտի 18-ին հայցադիմումն ընդունվել է դատավոր Թաթուլ Ղուկասյանի վարույթ:
Փափազյանի փաստաբան Դավիթ Սրապիոնյանը «Հրապարակ»-ին ասաց՝ գործով նիստեր են ընթանում․ «Դատաքննության փուլում ենք, նիստերը կայանում են, մի քանի նիստի ծանուցման խնդիր կար մյուս կողմի հետ կապված, բայց ընդհանուր առմամբ կայանում են»։ Հարցին, թե ԱՆԻՖ-ն այժմ ոչ տնօրեն ունի, ոչ աշխատակազմ, ըստ էության լուծարված է, եթե դատարանը բավարարի իրենց հայցը, ի՞նչ պետք է լինի, փաստաբանն ասաց․ «Իր հետեւանքները մեզ հետաքրքիր չեն, քանի որ անարդար որոշում է կայացվել խորհրդի կողմից, մեզ համար կարևոր է, որ այդ փաստը ֆիքսվի, որ այդ որոշումն առանց հիմքերի է։ Ամեն դեպքում, մեր հայցադիմումում առանձնացրել ենք մի պարբերություն, որ նպատակ չենք հետապնդում, կարեւորը` անձի մոտ արդարության զգացողության վերականգնումն է, ոչ թե աշխատատեղի, պաշտոնի վերակագնման հարց ունենք»։
«ԱՆԻՖ»-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ նաեւ հարուցվեց քրեական գործ, սակայն մինչ օրս չկան մեղադրյալներ։ Նախաքննությունը շարունակվում է Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում։
Քրեական վարույթը հարուցվել է Պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունից հետո: ՊՎԾ-ն պարզել էր, որ «ԱՆԻՖ-ը պետությունից ստացած ֆինանսական միջոցներն արդյունավետ չի օգտագործել», կասկածներ էին առաջացել գործընթացների օրինականության վերաբերյալ։ Մինչ այս պահը այդ քրեական գործով որեւէ տեղաշարժ չկա․ պետությունից միլիարդների վատնում է կատարվել, սակայն ոչ ոք մեղավոր չէ եւ ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու։
Նշենք, որ ԱՆԻՖ-ի ստեղծման մասին Կառավարությունը որոշում էր կայացրել 2019-ի ապրիլին: 2019-2021թթ. ընկերության բաժնետոմսերի կառավարումը հանձնվել էր Էկոնոմիկայի նախարարությանը, 2021-ին այդ լիազորությունը հանձնվեց վարչապետի աշխատակազմին, իսկ 2023-ի մայիսին հերթական փոփոխությունը եղավ, և ԱՆԻՖ-ը նորից անցավ Էկոնոմիկայի նախարարության վերահսկողության տակ։
Մայիսի 23-ին որոշվեց լուծարել ԱՆԻՖ-ը, իսկ մինչ լուծարումը ընկերության եւ նրա ծրագրերի կառավարումը կհանձնվի Պետական գույքի կառավարման կոմիտեին;
Կարծիքներ