Համալսարանները՝ քովիդից պաշտպանության զոհասեղանին

Համալսարանները՝ քովիդից պաշտպանության զոհասեղանին

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումների առաջին հարվածը կրում են ուսանողներն ու աշակերտները։ Վարակը կանխելու համար կառավարությունն առաջնահերթ փակում է բուհերը, դպրոցներն ու մանկապարտեզները։ Օրերս առողջապահության նախարարի առաջարկով ԿԳՄՍՆ-ն եւս մեկ շաբաթով երկարացրեց դպրոցականների արձակուրդը, իսկ համալսարաններն անցան հեռավար ռեժիմով դասապրոցեսի անցկացման։ Մենք փորձեցինք պարզել, թե համալսարաններում ինչ վիճակ է` որտեղ ինչպես են կազմակերպելու դասապրոցեսը, ու առաջիկա քննությունների համար ինչ մեխանիզմներ են մշակվել։

ԵՊՀ մամուլի բաժնի պատասխանատու Ազնիվ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջնորդվում են նախարարի առաջարկով եւ ամբողջությամբ անցում են կատարել հեռավար ուսուցման՝ e-learning համակարգով։ Դասերն անցկացվելու են ուսումնական պլանին համապատասխան։ «Ինչպես նախորդ փորձը ցույց է տվել, ուսանողների 90%-ից ավելին մասնակցում էր դասապրոցեսին, մեր կողմից նշանակվել էին պատասխանատուներ, ովքեր հետեւում էին, որ դասախոսները հեռավար կերպով պատշաճ իրականացնեն դասապրոցեսը։

Քննությունները հիմնականում հեռավար են լինելու, այսինքն՝ ֆակուլտետներն իրենք են որոշելու՝ հեռավա՞ր անցկացնեն քննությունները, թե՞ ավելի նպատակային կլինի կոնկրետ տեղային դեպքերում, եթե առկա լինի կազմակերպման անհնարինություն, պահպանելով բոլոր հակահամաճարակային կանոնները՝ անցկացվեն առկա ձեւաչափով։ Իսկ հեռավար անցնելու մասով էլ դասախոսները վերապատրաստված են, աշխատող մեթոդակազմ արդեն ունենք եւ, իհարկե, փորձառություն ունենք, ու հեռավարի մասով խնդիրներ չեն լինի»,- հայտնեց Գրիգորյանը։

Բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողները երեքշաբթի օրվանից մինչեւ հաջորդ երկուշաբթին ներառյալ գտնվելու են արձակուրդում։ Այս մասին հայտնեց Երեւանի պետական բժշկական համալսարանի մամուլի պատասխանատուն. «Այս պահին որոշում ունենք, որ երեքշաբթի օրվանից արդեն հիբրիդային ձեւաչափով են շարունակելու ուսուցումը։

1-3-րդ կուրսերում օնլայն է անցկացվելու դասապրոցեսը, 3-6-րդ կուրսերը, քանի որ նրանք պրակտիկ դասընթացներ շատ ունեն, կլինիկական առարկաներ, մասնագիտական առարկաները փոքր խմբերով դասի կգան։ Քննությունն առկա ձեւաչափով է անցկացվելու, մեզ մոտ երբեք քննությունները հեռավար չեն եղել, որովհետեւ բժշկական կրթության դեպքում քննությունները չեն կարող հեռավար լինել։ Մասնագետները վերապատրաստված են, ու հեռավար անցկացնելու հետ կապված որեւէ խնդիր չունենք»։

Ինչ վերաբերում է Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին, այստեղ եւս մինչեւ նոյեմբերի 15-ը, ինչպես մյուս բուհերում, դասապրոցեսն իրականացնելու են հեռավար ձեւաչափով։ «Ամսի 15-ից հետո, համավարակի ընթացքով պայմանավորված, արդեն կորոշենք ինչպես շարունակել։ Միջանկյալ քննություններն անցկացվում են գրավոր ձեւով՝ Google classroom հարթակում»,- հայտնեց հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատու Դիանա Մարկոսյանը։

Հայ-ռուսական սլավոնական համալսարանը եւս, չշեղվելով օրակարգից, մինչեւ նոյեմբերի 15-ը կանցնի հեռավար ուսուցման։ Համալսարանի մամուլի խոսնակ Հենրիխ Մարգարյանը մանրամասնեց, որ մինչ այդ էլ, եթե խմբերում եղել են քովիդով վարակված ուսանողներ, այդ խմբերն անցնում էին երկշաբաթյա կարանտինի ռեժիմին, այսինքն` դասերն առցանց էին անցկացնում։

«Բացի այդ, 2021 թ․ օգոստոսին համալսարանի գիտխորհուրդը որոշում էր կայացրել․ բակալավրիատի 1-ին եւ 2-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսերը 70%-ը՝ առկա, 30%-ն օնլայն ձեւաչափով են անցկացնելու դասապրոցեսը եւ համապատասխանաբար բակալավրի 3-րդ, 4-րդ եւ մագիստրատուրայի 2-րդ կուրսերը 70%-ը՝ օնլայն, 30%-ը՝ առկա ձեւաչափով, իսկ ասպիրանտուրան ամբողջությամբ՝ հեռավար ձեւով, նաեւ հոսքային դասախոսությունները, որոնց դեպքում ուսանողների թիվը գերազանցում էր 40-50 հոգին, նույնպես անցկացնում էին օնլայն»։
2020 թվականի մարտից մինչեւ 2021 թվականի հունիսը համալսարանում դասերն ամբողջությամբ հեռավար են կազմակերպվել, իսկ ուսուցումն անցկացվել է ZOOM եւ Google Meet ծրագրերի օգնությամբ, նաեւ որոշ դեպքերում՝ Google classroom հավելվածով։ Նշենք նաեւ, որ համալսարանը մշակում է ծրագիր, որպեսզի մոտ ապագայում իր ուսանողներն ունենան հեռավար ուսուցման առանձին համակարգ։

Ֆրանսիական համալսարանի ուսումնական բաժնից էլ տեղեկացրին, որ այս պահի դրությամբ քննությունների անցկացման մասին որեւէ որոշում չկա, քանի որ այստեղ քննություններն իրականացվում են դեկտեմբերին։ Դե, իսկ մինչեւ նոյեմբերի 15-ը Ֆրանսիական համալսարանը եւս անցել է հեռավար ուսուցման։

Տնտեսագիտական համալսարանի մամուլի խոսնակ Գոհար Գևորգյանը նշեց, որ այստեղ դասացուցակները չեն փոխվի, և դասապրոցեսը կիրականացվի հաստատված և հրապարակված դասացուցակների հիման վրա։ Առցանց դասերի կազմակերպմումն իրականացվելու է Zoom հավելվածի միջոցով, հղումները ուսանողներին կտրամադրեն դասախոսները։

Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական, Ագրարային համալսարաններին, ինչպես նաեւ Պոլիտեխնիկական համալսարանին ուղղված բազմաթիվ զանգեր մնացին անպատասխան։

Մերի Մանուկյան