Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն իրար է անցել եւ հաստատել մեր հրապարակումը

Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն իրար է անցել եւ հաստատել մեր հրապարակումը

«Հրապարակի» «Հերթական բացառությունը Աննա Հակոբյանին» հոդվածում գրել էինք, որ կառավարությունն այլ հիմնադրամների ծրագրերը բարեգործական է որակում, երբ ծրագրում հստակ նշված է շահառուների թիվը, իսկ Նիկոլ Փաշինյանի կնոջ «Իմ քայլը» հիմնադրամի հայտում շահառուների թիվը նշված չէ, բայց ծրագիրը բարեգործական է որակվել: Այս հրապարակումը դու չի եկել վարչապետի տիկնոջը, գուցե` փոխվարչապետին կամ մեկ այլ անձի եւ որոշել են հերքել այն:

Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն է հիմնադրամը բարեգործական որակելու որոշման հեղինակը եւ նրա մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը թերթի էլեկտրոնային փոստին հերքում է ուղարկել, ապա այն հրապարակել սոցկայքում. «Որեւէ իրավական ակտով բարեգործական որակվող ծրագրերում շահառուների քանակ նշելու որեւէ պահանջ սահմանված չէ»: Սա ոչ թե հերքում է, այլ ապացույց մեր մեր պնդման, որ այստեղ իսկապես կոռուպցիայի հոտ է գալիս:

Նախ, մենք մեր հրապարակման մեջ մի հսկա ցանկ էինք ներկայացրել, թե ինչպես են բարեգործական աշխատանք կատարում հիմնադրամները հրապարակել շահառուների ստույգ քանակը: Ինչու է այդ կանոնը գործում մյուսների, իսկ այս դեպքում` չի գործում: Երկրորդ. եթե հիմնադրամը նախապես ասում են, որ X շահառուի համար Y գումար են ծախսելու, շատ հեշտ է ստուգել ծրագրի ավարտին կազմված հաշվետվությունը եւ միջոցների ծախսը: Աննա Հակոբյանի դեպքում՝ դա հնարավոր չի լինելու: Վայ, կներեք, Աննա Հակոբյանի հիմնադրամը սովորաբար կիսատ-պռատ հաշվետվություններ է ներկայացնում, որոնք տեղով մեկ օրինախախտում են, էլ ուր մնաց ստուգվի դրանց հավաստիությունը: Բացի այդ նշել էինք, որ օրենքի խախտմամբ Հակոբյանի հիմնադրամը նվիրատուների ցանկը չի ներկայացնում, անանուն նվիրատվություններ է ընդունում:

Ի դեպ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ կարծում է, որ առհասարակ` վարչապետի տիկնոջ կողմից հիմնադրամ ղեկավարելն ինքնին կոռուպցիա է եւ բազմիցս խոսել է այդ մասին:
Ինչ վերաբերում է փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանին եւ նրա մամուլի քարտուղարին, մենք շնորհակալ ենք այս արձագանքի համար, որով հաստատեցին մեր պնդումները եւ միանգամայն հիմնավոր կասկածները: Եվ, որ պակաս կարեւոր չէ` 2018-ից առաջ ոչ մի փոխվարչապետ մամուլի քարտուղար չի ունեցել: Կառավարության հասարակայնության հետ կապերի բաժինն աշխատում էր ողջ կառավարության համար: Խոսնակի պաշտոնն էլ է թավշյա իշխանության արած բացառություններից մեկը, որը այս կառավարության օրինավորության մասին չի վկայում: 

Արեգ Մարգարյան