Գործ ունենք պարզունակ քարոզչական հնարքի եւ խաբեության հետ

Գործ ունենք պարզունակ քարոզչական հնարքի եւ խաբեության հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական ԶԼՄ-ներին ասել է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապ հաստատելու այլընտրանքային ճանապարհ է կառուցում, որը Իրանի տարածքով կանցնի Արաքս գետի վրայով և կշրջանցի Հայաստանը։ Վերջինս նշել է, որ Ադրբեջանը, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, արդեն սկսել է այդ կամրջի կառուցումը։

Թեմայի շուրջ զրուցել ենք իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

«Իրականում, եթե փորձենք գնահատել Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, ապա դրանում որևէ նորություն չկար, որովհետև գիտենք որ Իրանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային տրանսպորտային  կապը՝ բեռնատարների, ավտոբուսների, մեքենաների համար ապահովվել է դեռևս Խորհրդային միության փլուզումից անմիջապես հետո՝ այն ժամանակահատվածում, երբ Արցախի Հանրապետության մերձարաքսյան գոտին ազատագրվել էր։ Հետևաբար՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհը մշտապես գործել է Իրանի տարածքում՝ հետխորհրդային ողջ ժամանակահատվածում։ Հիմա իրավիճակը փոխվել է 44-օրյա պատերազմի հետևանքով, որովհետև ադրբեջանական կողմը կարողացել է բռնազավթել Արցախից մերձարաքսյան գոտին, և հիմա փորձում է այդ ճանապարհը կրճատել՝ ի հաշիվ հենց բռնազավթված տարածքներով՝ բարելավված ճանապարհի։ Այսինքն, ըստ էության, եթե նախկինում Ադրբեջանից Նախիջևան հասնելու համար Իրանի տարածք մուտք էր լինում Հորադիսից Անդին, ապա հիմա դա տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության սահմանի մերձակայքում՝ իրանական տարածքով կրճատելով այդ ճանապարհի երկարությունը»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Իրանագետը նշում է, որ երբեմն խոսք է գնում երկու կամրջի շինարարության մասին՝ երկաթուղային և ավտոմոբիլային, բայց դա դեռևս հստակ չէ։ Այդ կապակցությամբ հուշագիր է կնքվել Իրանի և Ադրբեջանի միջև։

Վերջինս կարծում է, որ Բայրամովի հայտարարության նպատակը մեկն է՝ լրատվական, քարոզչական և քաղաքական ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի ի վերջո ադրբեջանաթուրքական դաշինքը կարողանա կորզել համաթուրանական ծրագրի բաղկացուցիչ հանդիսացող, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքը», որը նրանց համար ունի կենսական նշանակություն, որովհետև դրանով ապահովվելու է ոչ թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային հաղորդակցությունը, այլ թուրքական ներկայությունը մերձկասպյան տարածաշրջանում և Կենտրոնական Ասիայում։

«Հետևաբար, մենք գործ ունենք պարզագույն, պարզունակ քարոզչական հնարքի՝ խաբեության հետ, որովհետև որևէ նոր բան տեղի չի ունենում։ Տեղի է ունենում այդ ճանապարհի  ուղղակի կրճատում։ Մեկ այլ կարևոր հանգամանք կա, որն անպայմանորեն պետք է շեշտվի․ այս հայտարարությունը տեղի  է ունենում այն բանից հետո, երբ Իրանի հոգևոր առաջնորդը, որը մեր բարեկամ  պետության ամենաբարձրաստիճան քաղաքական և հոգևոր պաշտոնյան է, խիստ փաստացի զգուշացում հնչեցրեց էրդողանի հետ հանդիպման ընթացքում ՝ խոսելով այն մասին, որ  Հայաստան-Իրան սահմանը հազարամյակների պատմություն ունեցող սահման է, և այդ սահմանը չի կարող որևէ կերպ դառնալ սակարկության առարկա։ Ուստի պատճառներից մեկը նման հայտարարության կարծում եմ նաև, որ հենց դա էր»,-ասաց իրանագետը։

Ոսկանյանը նկատում է, որ իրանցիները 30 տարուց ավելի իրենց տարածքով ապահովում են այդ կապը։ Կա մի կարևոր հանգամանք․ իրանական կողմի շահերից  է բխում, որպեսզի Ադրբեջանն ու Նախիջևանը որոշակի կախվածություն ունենան այս պետությունից։ Ակնհայտ է, որ Իրանի տարածքով որևէ միջանցքի մասին ադրբեջանցի որևէ պաշտոնյա ուղղակի չի համարձակվի բառ ասել։ Եվ  Բայրամովը նույնպես այս հայտարարության ժամանակ չի խոսել որևէ միջանցքի մասին` Իրանի տարածքով, որովհետև դա կբերի Ադրբեջանի համար բավական բարդ խնդիրների։ Հետևաբար, իրանական շահը ենթադրում է, որ պետք է աշխատանք իրականացվի երկու ուղղությամբ։ Մեկը, որ այդ ճանապարհը լինի Իրանի տարածքով, որպեսզի իրանական կողմը ցանկացած պահի կարողանա սահմանափակել դրանով հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ այս իմաստով ունենալով նաև ազդեցության կարևոր  լծակ։ Եվ երկրորդը՝  Հայաստանի վրայից թուլացնելու այն ճնշումը, որը բանեցնում է ադրբեջանաթուրքական դաշինքը։

Իրանագետը կարծում է, որ յուրաքանչյուր պատեհ առիթ ադրբեջանաթուրքական դաշինքն օգտագործելու է՝ ճնշում բանեցնելու համար Հայաստանի Հանրապետության վրա, որպեսզի ի վերջո  ստանա իր երազած «միջանցքը» Հայաստանի միջով։ Այլ խնդիր է, որ դա որևէ պարագայում չպետք է տրամադրվի, որովհետև կխաթարվի հայ-իրանական ցամաքային հաղորդակցության անվտանգությունը։ Դրանով պայմանավորված բազմաթիվ այլ  խնդիրներ կառաջանան։