Կարեւոր չէ՝ ինչ, կարեւոր է՝ երբ եւ որտեղից

Կարեւոր չէ՝ ինչ, կարեւոր է՝ երբ եւ որտեղից

Արդեն երկրորդ օրն է՝ հայրենական մամուլը, կախված նրանից, թե ում շահերն է ներկայացնում, տարբեր երանգներով քննարկում է Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե «Ղարաբաղն Ադրբեջան է եւ բացականչական նշան»: Բոլորն արդարացիորեն ասում են, որ դա «Արցախը Հայաստան է եւ վերջ»՝ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հանրահավաքում վարչապետ Փաշինյանի հայտարարության, այսպես ասած՝ «հայելային պատասխանն է»: Իհարկե, այդ այդպես է:

Բայց, որքան կարողացանք հետեւել, այդ, ինչպես նաեւ ֆեյսբուքյան մեկնաբանություններում ոչ ոք չանդրադաձավ մի էական հանգամանքի՝ իսկ ինչու՞ Իլհամ Ալիեւը Նիկոլ Փաշինյանին չպատասխանեց  օգոստոսի 6-ին՝ անմիջապես: Ինչու՞ ուղտի համբերությամբ սպասեց շուրջ երկու ամիս: Եւ ինչու՞ խոսեց ոչ թե Բաքվից, այլ՝ Ռուսաստանի «ամառային մայրաքաղաք» Սոչիից:

Կարեւոր չէ, թե ինչ եւ ինչպես է ասել Ադրբեջանի նախագահը: Կարեւոր է, որ նա խոսել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից շուրջ երկու ամիս անց՝ Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից հետո, եւ նրա համար նման հնարավորություն ստեղծել են ռուսական պետական հեռուստաընկերությունները: Արդեն գաղտնիք չէ, որ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանն իր դիվանագիտական բոլոր ռեսուրսները կենտրոնացրել էր, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից Հայաստանի վարչապետի հայտարարությունը չեղարկող կոնսոլիդացված տեսակետ կորզի: Այդ ջանքները չեն արդյունավորվել: Նյու Յորքում Մնացականյան-Մամեդյարով բանակցություններից հետո համանախագահների տարածած հայտարարության մեջ նման ակնարկ իսկ չկա: Իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն գրեթե անմիջապես էր արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը եւ շեշտը դրել նրա վրա, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններով»: Սոչիում, կարելի է համոզված ասել, նման հավաստիացում Իլհամ Ալիեւն ստացել է անձամբ Ռուսաստանի նախագահից:

Այդ պատճառով էլ բարձրացրել է նշաձողը եւ ասել, որ միակ ընդունելի լուծումն Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնումն է, փախստականների եւ բռնատեղահանվածների վերադարձն իրենց բնակության նախկին վայրեր, այդ թվում եւ՝ Լեռնային Ղարաբաղ»: Ոչ մի խոսք ԼՂ կարգավիճակի մասին: Սա վկայում է, որ Սոչիում Պուտինը եւ Ալիեւը նախանշել են ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից դուրս ինչ-որ գործընթաց: Ալիեւի շուրթերով արվել է «հրետանային նախապատրաստություն»՝ կողմերը համաձայնել են խորացնել ռազմա-տեխնիկական համագործակցությունը: Ադրբեջանի նախագահը նույնիսկ թվեր է հնչեցրել՝ կա 5 միլիրադ դոլարի գործարք, որից  3 միլիարդն արդեն իրականացվել է: Նշանակում է, որ առաջիկայում Ռուսաստանն Ադրբեջանին կմատակարարի եւս 2 միլիրադ դոլարի սպառազինություններ: Խոսքը կոնկրետ ինչի՞ մասին է՝ մնում է գուշակել

Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն ակնարկից, թե կա օդուժն արդիականացնելու անհրաժեշտություն: Ռուսաստանն, այսպիսով, վերցնում է Ադրբեջանի առավելապաշտական կեցվացքի երաշխավորի պարտականություն: Կանխածրագրվու՞մ է Ադրբեջանի ինտերգրումն Ռուսաստանի հովանու ներքո տնտեսական եւ ռազմաքաղաքական կառույցներին: Մոսկվան ստացե՞լ է ամուր երաշխիքներ, որ Ադրբեջանը «չի գնա Արեւմուտք»: Ո՞վ է երաշխավորը: Թուրքիա՞ն: Իսկ գուցե Ռուսաստանը համանախագահ մյուս երկրների, ամենից առաջ Միացյալ Նահանգների հետ համաձայնության է գալիս, որ Կովկասն «իր տու՞նն է» եւ հարցերի կարգավորման սեփական նախաձեռնությու՞ն է պատրաստում:

Regnum-ի մեկնաբանը մի չափազանց ուշագրավ դիտարկում է արել Դոնբասի հարցով Գերմանիայի նախագահի շրջանառած մոտեցման վերաբերյալ, ըստ որի այդ տեղաշրջանը պետք է ժամանակավոր կարգավիճակ ստանա, անցկացվեն տեղական ընտրություններ, որից հետո ԵԱՀԿ-ն կերաշխավորի անջատողական շրջանների վերջնական «հատուկ կարգավիճակն Ուկրաինայի» կազմում՝ փորձելով այդ հայեցակարգը պրոյեկտել ԼՂ կարգավորման վրա: Կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանը համաձայնում է  հեռանալ Դոնբասից, եթե Արեւմուտքը «կովկասյան ընդհանուր տան» հարցերի լուծումը վերապահի Մոսկվային:

Նման նուրբ թեմաներ ՌԴ նախագահը Երեւանում Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ է: Պուտինը մտադի՞ր է իր հեղինակությունը դնել Փաշինյան-Ալիեւ հետագա հանդիպումների կազմակերպմանը: ՌԴ արտգործնախարարն ասել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը չսրվի: Սա անկե՞ղծ խոսք է, թե դիվանագիտական այլասացությու՞ն: Սոչիից, ավելի ստույգ՝ Ռուսաստանի նախագահի թիկունքից Հայաստանի վարչապետին ուղղված Ադրբեջանի նախագահի պատասխանը միայն առաջին հայացքից է միանշանակ թվում: