Թե ինչու Էրդողանը «քաշեց» Փաշինյանին ու Ղարիբաշվիլուն․ Տարասով 

Թե ինչու Էրդողանը «քաշեց» Փաշինյանին ու Ղարիբաշվիլուն․ Տարասով 

Հայ-թուրքական սահմանի բացման և հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների հաստատման օպերացիան տապալված է՝ Էրդողանի վերջին հայտարարարությամբ։
Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց  «Ռեգնումի» վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։

«Այն, որ Էրդողանը որոշեց հրապարակայնացնել գործընթացը, «քաշեց» Փաշինյանին ու Ղարիբաշվիլին, վկայում է այն մասին, որ նրա մոտ /Փաշինյանի/ մոտ ամեն ինչ չէ, որ ստացվում է։ «Առավել ևս, որ թուրքական կողմը դնում է «Զանգեզուրի միջանցքի հարցը»։ Էրդողանը կոպիտ վարվեց, թե ինչու՞, ապա ըստ իս՝ պատճառը հետևյալն է․ նա խորհրդակցել է Բաքվի հետ, որը չի ցանկանում, որ Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունները կարգավորվեն՝ առանց Զանգեզուրի խնդրի լուծման։ Մեկ և երկրորդ՝ այստեղ կա նաև Արևմուտքի ճնշումը, որոնք պնդում են, որ արցախյան պատերազմից հետո Երևան-Անկարա հարաբերություններ հաստատվեն։ Եվ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,- ասաց ռուսաստանցի քաղաքագետը։

Հիշեցնենք, որ «Հրապարակը» առաջինը տեղեկացրեց, որ Մոսկվայում ձեռք բերված հայ-ադրբեջանական այսպես կոչված՝ հաշտության պայմանագրի, իրականում՝ Մոսկվայի ու Անկարային միջև կայացած  փոխզիջումային տարբերակում հանված է եղել «Սյունիքի միջանցքը»։ 

Եվ ակնհայտ է, որ եթե Էրդողանը կրկնում է, որ Երևանի կողմից բարի կամքի ցուցադրությունը Սյունիքի միջանցքի բացումն է, ապա հարցը փակված է։ 
Արդյոք ռուսական կողմը բարկացած է, ( ըստ «օդում կախված»  լուրերի՝ ահավոր), որ Նիկոլ Փաշինյանը Բաթումում էրդողանի հետ հանդիպելու ցանկությունը փոխանցել է Վրաստանի վարչապետի միջոցով․ ՌԴ-ի հետ թշնամական երկրի առաջին դեմքի մակարդակով։ Տարասովն ասաց, որ բոլորովին, Ռուսաստանն այս հարցում չեզոք է, չնայած չհերքեց, որ Նիկոլ Փաշինյանը, «ինչպես հաճախ լինում է, փորձում է առանձին, Ադրբեջանի հետ համաձայնությունների հետ փաթեթից դուրս գալ Թուրքիայի հետ համաձայնությունների դաշտ և հաստատել դիվանագիտական հարաբերություններ»։